Հաճընի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաճընի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմատական խմբակցության Կիլիկիայի կամ հարավարևմտյան բարբառախմբին։ Խոսվել է Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքում և մերձակա գյուղերում։ Հաճընի բարբառում առկա են ա, է, ը, ի, ու, օ, ա, ու, օ ձայնավորները, իէ, ուէ երկբարբառները։ Գրաբարի խուլ բաղաձայնների դիմաց առկա են ձայնեղներ, ձայնեղների դիմաց՝ խուլեր։ Ր-ի փոխարեն շատ բառերում հանդես են գալիս յ, շ, ռ, ա-ի փոխարեն մի շարք բառերում՝ օ։ Երկբարբառները մասամբ պարզվել են՝ այ>ա, ոյ>օ ևն։ Հաճընի բարբառում գոյականի հոգնակին կազմվում է իէ, նիէյ, նի, վընի, ստաննի, ք, վիք, վօնք, դաք, դիք մասնիկներով, տոհմանուններինը՝ օնք մասնիկով։ Ունի 4 հոլովաձև. ուղղական-հայցական, սեռական-տրական, բացառական, գործիական։ Դերանունն ունի 7 հոլովաձև։ Բայի սահմանական ներկան և անկատար անցյալը կազմվում են գը, ապառնին՝ բի մասնիկով։ Վերլուծական կազմություն ունեն վաղակատար և հարակատար ժամանակների ձևերը (իէմ բայի խոնարհված ձևերի և իէյ (էյ), օձ վերջույթներ ունեցող հիմքերի (դերբայների) համադրությամբ)։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png