Հաղթանակ (ջոկատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղթանակ (այլ կիրառումներ)

Հաղթանակ, հայկական պարտիզանական ջոկատ ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ։ Կազմակերպել են ՈՒԽՍՀ Լվովի մարզի Սելեց-Զավոնի ռազմագերիների ճամբարից փախած մի խումբ հայ ռազմագերիներ, 1943-ի մարտին։ Ջոկատի հրամանատարն էր կապիտան Ս. Հարությունյանցը, որը ծանր վիրավոր գերի էր ընկել 1942-ի մայիսին, Կերչում։ Գերության մեջ նա ղեկավարել է ընդհատակյա խումբը և կազմակերպել նրա անդամների փախուստը։ Ջոկատը մոտ մեկ տարի ինքնուրույն մարտնչել է ֆաշիստական զավթիչների դեմ՝ Արևմտյան Ուկրաինայի տարածքում։ 1944-ի հունվարին միացել է գեներալ-մայոր Ս. Կովպակի անվան 1-ին ուկրաինական պարտիզանական դիվիզիային, որի հրամանատարն էր Պ. Վերշիգորան։ Դիվիզիայի կազմում «Հաղթանակ» ջոկատը դարձել է 3-րդ գնդի 2-րդ վաշտ, հրամանատարը՝ Սերգեյ Հարությունյանց։ Վաշտը մասնակցել է Լվովի և այլ քաղաքների, Լեհաստանի ազատագրմանը, անցել 2100 կմ մարտական ուղի, աչքի ընկել շատ գործողություններում։ Ջոկատից իրենց խիզախությամբ հատկապես աչքի են ընկել ռադիստ Վռամ Ավանեսյանը, գնդացրորդ Բագրատ Գալստյանը, հրամանատարներ ու քաղաշխատողներ Մ. Խաչատրյանը, Հ. Պետյանը, Վ. Տոնյանը, Ե. Ղասաբյանը, Ա. Պողոսյանը, Ա. Ֆահրադյանը, Ռ. Սահակյանը, Ա. Մելքոնյանը, Լ. Ամիրյանը, Գ. Ավետիսյանը, Մ. Խալաթյանը, Գ. Օհանյանը, Հ. Հակոբյանը և ուրիշներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png