ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն, ստեղծվել է 1989 թվականին' ՀՀ Կառավարության որոշմամբ (մինչև 1993 թվականը՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտին կից)։ 1999 թվականից անդամակցում է ՌԴ էկոլոգիական ակադեմիային։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատումը, էկոլոգիական փորձաքննության գիտամեթոդական հիմունքների մշակումը և բնական պաշարների կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացումը։ Ունի շրջակա միջավայրի երկրաքիմիայի, կենսաերկրաքիմիայի, ճառագայթաէկոլոգիայի, կենսաէներգետիկայի, երկրաախտածին գոտիների, թեմատիկ քարտեզագրման և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, Կապանի մետաղաձուլության լաբորատորիաներ, կենսամոնիտորինգի գիտական խումբ։

էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնում բնական կլանիչների (սորբենտներ) հիման վրա մշակվել են հողերի թունազերծման և ծծանցման արգելակման նոր տեխնոլոգիաներ, ինչպես նաև էկոլոգիապես անվտանգ, դանդաղ գործող պարարտանյութ՝ Նոյեմբերյանի ցեոլիթի հիմքի վրա։ Գնահատվել է բնական էկոհամակարգերի կենսաէներգետիկ ներուժը և էրոզացված կերահանդակների վերականգնման նպատակով ընտրվել բարձր էներգիայով օժտված, էկոլոգիապես անվտանգ կերաբույսեր։ Մշակվել են մթնոլորտի աղտոտվածության բաշխման մոդելավորման, էկոերկրաքիմիական քարտեզագրման, հանքավայրերի կանխագուշակման երկրաքիմիական մեթոդների համակարգչային ծրագրեր։

2003 թվականից էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը մասնակցում է «Հարավային Կովկասի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) երկրների համար կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման առաջնային տարածքների ընտրություն՝ տվյալների հենքի կազմում, երկրատեղեկատվական համակարգի մշակում և նախագծային փաստաթղթերի պատրաստում» ծրագրի աշխատանքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։