Jump to content

Կրթությունն Իսպանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալամանկայի համալսարանի գլխավոր մասնաշենքի ճակտոնը

Դպրոցական համակարգն Իսպանիայում նախատեսում է 6-ից 16 տարեկան երեխաների պարտադիր ուսուցում[1]։ Շրջանավարտների մոտավորապես 50 տոկոսն ուսումը շարունակում է բուհական համակարգում. արդեն իսկ բարձրագույն կրթություն ունի նրանց 39 տոկոսը[2]։ Սակայն ոչ բոլոր համալսարանավարտներին է հաջողվում աշխատանքի տեղավորվել ըստ իրենց ստացած մասնագիտության[3]։

Սկսած 2000-ական թվականներից՝ իսպանական դպրոցներում կրթությունն ավելի աշխարհիկ բնույթ է ստացել։ 2006 թվականին ընդունվել է մի օրենք, որով նախատեսվում է կաթոլիկ կրոնն ուսումնասիրել միայն նախասիրական դասընթացներում[4]։

Իսպանիայում կրթական համակարգը ներկայումս կազմակերպվում է 2006 թվականին ընդունված Ley Orgánica de Educación (LOE) օրենքի համաձայն, որտեղ 2013 թվականին որոշ փոփոխություններ են մտցվել (Ley Orgánica para la Mejora de la Calidad Educativa. LOMCE): Ավելի վաղ՝ 1970 թվականին ընդունված օրենքով նախատեսված էր մինչև 13 տարեկան երեխաների դպրոցական պարտադիր ուսուցում[4]:Հետագայում առաջնորդվել են 1990 թվականին ընդունված Ley Orgánica de Ordenación del Sistema Educativo (LOGSE) օրենքով[5], որտեղ տարիքային ընդգրկումը նախկին 6-13-ից հասցվել է 6-16-ի։

Ըստ ներկայումս գործող օրենքի՝ կրթությունն այդ երկրում իրականացվում է հետևյալ քառաստիճան համակարգի համաձայն.

  • նախադպրոցական
  • միջնակարգ պարտադիր — Educación Secundaria Obligatoria (ESO)
  • մասնագիտական — La Formación Profesional (FP)ո
  • բարձրագույն — La Enseñanza Universitaria

Նախադպրոցական կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է մանկապարտեզներում (2-ից 3 տարեկանների համար) և տարրական կրթօջախներում (3-ից 5 տարեկանների համար)։ Կամավոր է, իսկ պետական հաստատություններում՝ նաև անվճար։ Մանկապարտեզները շատ են տարբերվում միմյանցից. դա կախված է դրանց պահպանման ծախսերը հոգացող կազմակերպություններից ու հիմնադրամներից, ինչպես նաև մասնավոր անձանց նախաձեռնություններից։

Միջնակարգ կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցական շենք բասկերի երկրում (Գեռնիկա)

Միջնակարգ կամ հիմնական կրթությունը (EGB) պարտադիր է, ներառում է ութամյա դասընթաց և ընդգրկում է 6-ից 14 տարեկան երեխաներին։ Առաջին հինգ տարիներին նրանց հետ պարապում է մեկ ուսուցիչ (Educación Primaria), ով ուսուցանում է մայրենի լեզու, գրականություն, մաթեմատիկա, բնագիտություն, երգ-երաժշտություն և այլն։ Ընդսմին՝ երեխաներն օտար լեզու սկսում են սովորել ութ տարեկանից։ Երկրորդ փուլում (Educación Secundaria), այսինքն՝ հաջորդ երեք տարիներին, դասընթացները վարում են տարբեր ուսուցիչներ։

Դասերն անց են կացվում սեպտեմբերի 15-ից մինչև հունիսի 15-ը, արձակուրդներ տրվում են դեկտեմբերին՝ Սուրբ ծննդի և ապրիլի սկզբին՝ սուրբ շաբաթվա կապակցությամբ։ Educación Secundaria-ի ավարտին սովորողները քննություններ են հանձնում։ Բացասական արդյունքների դեպքում մնում են նույն դասարանում, բայց՝ երկուսից ոչ ավելի անգամ (առավելագույնը՝ մինչև 16 տարին լրանալը)։ Քննությունները հաջողությամբ հանձնածները կարող են ընդունվել բաչիլերատո կամ ուսումը շարունակել Formación Profesional (FP)-ում և ստանալ բանվորական մասնագիտություն։

Բաչիլերատոն հիշեցնում է մեր հանրակրթական դպրոցները, սակայն ներառում է երկու աստիճան. 2-րդ կուրսում սովորողները կարող են ստանալ նաև մասնագիտական կրթություն, սակայն դա պարտադիր չէ։ Երրորդ կուրսում կարող են որոշակի մասնագիտացում ընտրել՝ կողմնորոշվելով հումանիտար կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում։ Կրթական այս մակարդակն անվճար է միայն պետական հաստատություններում։ Բաչիլերատոյի ավարտական քննությունները միաժամանակ համարվում են համալսարանների ընդունելության քննություններ։ Առավել բարձր միջին միավորներ ձեռք բերած սովորողները համալսարան ընդունվելու ավելի մեծ հնարավորություն են ստանում։

Մասնագիտական կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները կարող են բաչիլերատոյի փոխարեն սովորել մասնագիտական կրթություն (La Formación Profesional, FP) տվող հաստատություններում, որոնք նման են մեր արհեստագործական ուսումնարաններին կամ տեխնիկումներին (քոլեջներին)։ Ընդ որում՝ ավարտողները ստանում են նաև միջնակարգ կրթության վկայական։

Կրթական համակարգում ներառված են նաև մեծահասակների ուսուցումը, մասնագիտական ուսուցումը (կիրառական արվեստների կամ գեղարվեստի դպրոցներում և նմանատիպ այլ կրթօջախներում)։

Բարձրագույն կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարսելոնայի համալսարանը

Իսպանիայում համալսարանական կրթությունը վճարովի է։ Երկրում գործում են 47 պետական և 10 մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ։ 1980–2005 թվականների ընթացքում բուհերի ուսանողների թվաքանակը 500 հազարից հասել է 1,5 միլիոնի[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Das spanische Schulsystem». Վերցված է 2021-04-11-ին.
  2. «NEWS: Viele spanische Jugendliche studieren». Վերցված է 2021-04-11-ին.
  3. Deutsche Welle (www.dw.com). «Generation in Spanien ohne Zukunft | DW | 04.03.2020» (գերմաներեն). Վերցված է 2021-04-11-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Институт Европы РАН» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  5. «BOE.es - BOE-A-1990-24172 Ley Orgánica 1/1990, de 3 de octubre, de Ordenación General del Sistema Educativo». Վերցված է 2021-04-10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Llavador, José Beltrán, and Daniel Gabaldón-Estevan. "Framework for Sociological Research on Education in Spain." Journal of Educational Sociology 102 (2018): 145-151. online
  • Ochoa, Sarah Carrica, and Aurora Bernal Martínez de Soria. "The current framework of Development Education in Spain: achievements and challenges." Revista Iberoamericana de Estudios de Desarrollo= Iberoamerican Journal of Development Studies 8.1 (2019): 164-185. online
  • Rodriguez Garcia, Jose Antonio. "Islamic religious education and the plan against violent radicalization in Spain." British Journal of Religious Education 41.4 (2019): 412-421

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրթությունն Իսպանիայում» հոդվածին։