Կտտկենի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտտկենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Տորոնածաղկավորներ
Ընտանիք Ցախեկեռասազգիներ
Ցեղ Կտտկենի
Տեսակ Կտտկենի սովորական
Լատիներեն անվանում
Sambucus racemosa
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Կտտկենի սովորական (լատին․՝ Sambucus racemosa), ցախեկեռասազգիներ ընտանիքի, կտտկենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ կամ փոքր ծառ է՝ մինչև 5 մ բարձրությամբ, խիստ ճյուղավորված սաղարթով։ Բունը հիմքի մոտ հաստացած է։ Ընձյուղները բաց դարչնագույն են, մերկ, ծածկված բաց գույնի ոսպնյակներով։ Միջուկը փափուկ է, սպունգանման, բաց գորշավուն։ Բնի կեղևը գորշ է, ծածկված երկարավուն կնճիռներով։ Բողբոջները խոշոր են, 1-1,2 սմ երկարությամբ, գնդաձև կամ ձվաձև։ Տերևները կազմված են 3-8 ձվաձև, երկարավուն-ձվաձև կամ էլիպսաձև տերևիկներից, որոնք գագաթում երկարավուն սրված են, 5-8 սմ երկարությամբ և 3-4 սմ լայնությամբ, մերկ, երբեմն ներքևի կողմից մազմզուկապատ, հիմքի մոտ սղոցաատամնաեզր։ Դեղնասպիտակ ծաղիկները հավաքված են խիտ, ձվաձև կամ կոնաձև ծաղկաբույլերում, ունեն 5-7 սմ երկարություն։

Պսակը սպիտակ է կամ դեղնականաչ, 4-5 մմ տրամագծով։ Սռնակը գնդաձև է, 3 կարմիր սպիներով։ Պտուղը կարմիր է, մոտ 0,5 սմ տրամագծով, հավաքված խիտ ողկույզներում, 3 կնճռոտ կորիզակներով։ Սերմերը տափակացած են, բաց դեղնավուն։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հուլիս-նոյեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ռուսաստանի եվրոպական մասում, Արևմտյան Եվրոպայի լեռներում, որտեղ աճում է անտառներում և թփուտներում։ Աճում է Բբավարար խոնավ, բերրի, ավազակավային հողերում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առատ բնային մացառներ է տալիս։ Պտուղները թռչունների համար հրաշալի կեր են։ Բարձր է գնահատվում որպես հողապաշտպան թփատեսակ։ Տերևները շատ հարուստ են մոխրանյութերով։ Ծաղկաբույլերը և ծաղիկները ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են որպես քրտնաբեր միջոց, իսկ կեղևը և պտուղները՝ որպես լուծողական։

Պտուղներից սպիրտ են ստանում։ Լավ մեղրատու է։ Օգտագործվում է որպես դեկորատիվ թուփ, որն առանձնապես գեղեցիկ է պտղաբերման շրջանում։ Ունի մի շարք այլատեսակներ և պարտիզային ձևեր, որոնք բարձր են գնահատվում կանաչապատման բնագավառում (կտրտված տերևավոր, ծաղիկները բացվելիս ծիրանագույն են, պտուղները դեղին են, ծաղկումը երկարատև է և այլն)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 269։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի սովորական» հոդվածին։