Jump to content

Կովբոյն ու լեդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովբոյն ու լեդին
անգլ.՝ The Cowboy and the Lady
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և դրամա
Թվական1938
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀ. Ք. Փոթեր, Ստյուարտ Հեյսլեր[1] և Ուիլյամ Ուայլեր
ՊրոդյուսերՍեմյուել Հոլդվին
Սցենարի հեղինակԼեո ՄակՔերի, Սոնյա Լևիեն և Սեմյուել Բերման
ԴերակատարներԳերի Կուպեր[1][2], Մեռլ Օբերոն[1][2], Ուոլտեր Բրենան[1][2], Harry Davenport?[1], Փեթսի Քելլի[1], Էմմա Դան[1], Բերթոն Չերչիլ[1], Չարլզ Քոուլմեն, Չարլզ Ռիչման[1], Ֆազի Նայթ[1][2], Հենրի Քոլքեր[1], Սթիվ Կլեմենտե և Ուոլթեր Ուոքեր
ՕպերատորԳրեգ Թոլանդ
ԵրաժշտությունԱլֆրեդ Նյուման
ՄոնտաժՇերման Թոդ
Պատմվածքի վայրՖլորիդա
ԿինոընկերությունSamuel Goldwyn Productions
Տևողություն91 րոպե
 The Cowboy and the Lady (1938 film) Վիքիպահեստում

«Կովբոյն ու լեդին» (անգլ.՝ «The Cowboy and the Lady»), 1938 թվականի ամերիկյան վեստերն, ռոմանտիկ կատակերգություն, որ նկարահանել է ռեժիսոր Հենրի Փոթերը, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Գերի Կուպերն ու Մերլ Օբերոնը։ Սցենարը գրել են Սեմյուել Բեհրմանն ու Սենյա Լևիենը Ֆրենկ Ռ. Ադամսի ու վետերան կինոռեժիսոր Լեո Մակերիի պատմության հիման վրա։ Ֆիլմը պատմում է գեղեցիկ բարձրաշխարհիկ կնոջ մասին, որը հագնվում է սպասուհու նման և հարաբերություններ սկսում պարզամիտ կովբոյի հետ, որը չգիտի, թե ով է նա իրականում։ «Կովբոյն ու լեդին» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի ձայնագրության համար (Թոմաս Տ. Մոուլտոն), ինչպես նաև առաջադրվել է նույն մրցանակի օրիգինալ գործիքավորման (Ալֆրեդ Նյուման) և օրիգինալ երգի («Կովբոյն ու լեդին», որի հեղինակներ են Լայոնել Նյումանը և Արթուր Քվենցերը) համար[3][4]։

Մերի Սմիթը (Մերլ Օբերոն), որ խոստումնալից նախագահ Հորաս Սմիթի (Հենրի Քոլքեր) դուստրն է, ապրում է միայնակ ու սկանդալներից զերծ կյանքով։ Չնայած նրան, որ նա նվիրված է իր հորը և աջակցում է նրա քաղաքական ձգտումներին, նա ձգտում է ապրել իր սեփական կյանքով։ Հավատալով, որ ինքն իր կյանքում որոշակի բուռն իրադարձությունների կարիք ունի, Մերի ազատասեր հորեղբայր Հանիբալը (Հարրի Դավենփորթ) նրան տանում է պարելու գիշերային ակումբում, որը ոստիկանությունը ստուգում է ազատրային խաղերի համար։ Երբ Հորասն իմանում է, որ լրագրողները հայտնաբերել են Մերիի անունը ոստիկանության զեկույցում, դստերը ուղարկում է Փալմ Բիչում գտնվող ընտանեկան առանձնատուն։

Մերիի համար Փալմ Բիչը, որտեղ դեռ չէր սկսվել հանգստյան սեզոնը, մենակության և ձանձրույթի վայր էր։ Նա հարցնում է իր երկու աղախիններին (Փեթսի Քելլի և Մյեբլ Թոդ), թե արդյոք ինքը կարող է նրանց հետ գնալ կույր ժամադրության ձիարշավի մասնակից կովբոյների հետ։ Երկու աղախինները դժկամությամբ համաձայնում են։ Խղճալով անփորձ Մերիին՝ նրանք աղջկան սովորեցնում են տղամարդկան մոտ հետաքրքրություն առաջացնելու իրենց եռաստիճան «համակարգը», այն է՝ գովել նրան, ստիպել նրան խոսել իր մասին և արժանանալ նրա համակրանքին դժվարին փորձությունների մասին պատմության շնորհիվ։

Ձիարշավից ավարտից հետո երեք կանայք հանդիպում են երեք կովբոյների հետ ձիարշավարանի սրճարանում և բաժանվում զույգերի։ Մերիին միանգամից դուր է գալիս բարձրահասակ, նիհար ու համեստ կովբոյ Սթրեթչ Ուիլոուբին (Գերի Կուպեր), որին էլ ընտրում է։ Ընթրիքից հետո նրանք իրենց երեկոն շարունակում են Մերիի ափամերձ կալվածքում։ Հասկանալով, որ պարզամիտ Սթրեթչը կասկածով է վերաբերվում բարձր հասարակության հարուստ ներկայացուցիչներին, Մերին ձևացնում է, թե ինքը սպասուհի է, որի «տիրուհին» հեռացել է քաղաքից։ Մերի փորձում է հետաքրքրել ամաչկոտ կովբոյին՝ հետևելով համակարգի առաջին երկու քայլերին, բայց չի կարողանում հետաքրքրություն առաջացնել տղայի մոտ։ Այդ ժամանակ նա անցնում է երրորդ քայլին՝ հորինելով իր հարբեցող հոր ու չորս կրտսեր քույրերի չարաբաստիկ պատմությունը, որոնց ինքը միայնակ պետք է խնամի։ Իսկ երբ նա սկսում է լացել, Սթրեթչը պարտվում է, և երեկոն ավարտվում է լուսնի լույսի ներքո երկու համբույրով։

Հաջորդ առավոտյան սիրահարված Սթրեթչը հայտնվում է կալվածքում՝ պատրաստ խնդրելու Մերիի ձեռքը։ Իրադարձությունների նման շրջադարձի պատրաստ չլինելով՝ Մերին մերժում է սնսպասելի առաջարկություն։ Զայրանալով մերժում ստանալուց՝ Սթրեթչը Մերիին գցում է լողավազանն ու շտապով հեռանում։ Մտածելով, որ Սթրեթչը նման է իր հանդիպած որևէ այլ մարդու, Մերին հետևում է նրան, երբ նա նավ է բարձրանում՝ մեկնելու Գալվեստոն։ Ներողություն խնդրելով՝ Մերին վերջապես կարողանում է համառ կովբոյին ստիպել լսել իրեն, բայց նա ի վիճակի չի լինում բացահայտել իր իսկական ինքնությունը։ Նավում անցկացրած օրերը մտերմացնում են նրանց, և նավապետը ճանապարհորդության վերջին գիշերը պսակադրում է նրանց։

Հասնելով Գալվեստոն՝ նորապսակները ժամանակավորապես բնակվում են ձիարշավարանի ճամբարի վրանում։ Մերին անում է ամեն ինչ, որպեսզի հարմարվի փոշոտ և պարզունակ պայմաններին, բայց դա նրան դժվարությամբ է հաջողվում։ Սթրեթչն զգում է Մերիի անհանգստությունը, բայց կարծում է, որ դա կապված է իր «ընտանիքի»՝ հորինված հոր և չորս կրտսեր քույրերի մասին մտահոգվելու հետ։ Նա Մերիին առաջարկում է մենակ վերադառնալ Փալմ Բիչ և կարգավորել ընտանեկան գործերը։ Չնայած Մերին ամաչում է իր մշտական խաբեությունից, նա վախենում է, որ Սթրեթչը կհեռանա իրենից, եթե իմանա ճշմարտությունն իր հարուստ ընտանիքի մասին։ Սթրեթչը կարծում է, որ նա ամուսնացել է «աշխատող ձիու» հետ, որը ջանասիրաբար աշխատում է իր ընտանիքը պահելու համար, այլ ոչ թե «ցուցահանդեսային ձիու» հետ, ինչպիսին իր «հորինված» ղեկավարն է։ Շփոթված ու դժբախտ՝ Մերին համաձայնում է վերադառնալ տուն մի քանի օրով, իսկ ավելի ուշ հանդիպել Սթրեթչին Մոնտանայի իր ագարակում։

Վերադառնալով Փալմ Բիչի իր առանձնատուն՝ Մերին իմանում է, որ իր հայրն արդեն ճանապարհին է կոմիտեի բոլոր անդամների, ինչպես նաև կարևոր կոնգրեսականի հետ, որն իր ձեռքին է պահում նախագահի թեկնածությունը։ Նրա համակրելի հորեղբայրը՝ Հանիբալը, ավելի շուտ է գալիս, և Մերին արցունքն աչքերին պատմում է նրան իր գաղտնի ամուսնության մասին։ Երբ Մերիի հայրը գալիս է, նա հույս է հայտնում է, որ իր դուստրը հանդես կգա որպես հնազանդ տանտիրուհի և կաջակցի իր քաղաքական ծրագրերին։ Կրկին իրեն թակարդում զգալով՝ Մերին վերջապես խոստովանում է հորը, որ ինքն ամուսնացել է կովբոյի հետ և նախատեսում է անմիջապես միանալ նրան Մոնտանայում։ Սակայն, Տեսնելով հոր հիասթափությունը, նա համաձայնում է մնալ այնքան ժամանակ, մինչև հայրը հասնի իր թեկնածության առաջադրմանը։

Մոնտանայի իր ագարակում Սթրեթչը զբաղված է Մերիի ժամանմանը նախապատրաստվելով և իր հարսնացուի համար նոր տուն կառուցելով, բայց Մերին այդպես էլ չի գալիս։ Սթրեթչը մեկնում է Փալմ Բիչ և պնդում, որ Մերին խոսի իր «գործատուների» հետ։ Նա ներխուժում է ճաշասենյակ և տեսնում պատվավոր հյուրերով շրջապատված իր կնոջը, որը ղեկավարում է տոնական սեղանը, իսկ նրանք ծիծաղում են կովբոյի վրա։ Երբ նրան հարցնում են, թե ինչ է նա մտածում Մերիի հոր՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, Սթրեթչը դատապարտում ամբողջ խմբին իրենց վարքի համար և զայրացած հեռանում։ Տեսնելով դստեր վիշտը՝ Հորասը հասկանում է, որ ինքը լավ հայր չի եղել և մխիթարում է Մերիին։ Այդ ժամանակ նրանք լսում են գնացքի սուլոցը, որով հեռանում է Մերիի ամուսինը։

Վերադառնալով Մոնտանա՝ Սթրեթչն իր տանը գտնում է իր աներոջը, որը նստած է պատշգամբում և ցանկանում է զրուցել գյուղատնտեսության մասին։ Հորասն ասում է, որ ինքը հեռացել է նախագահական մրցավազքից, քանի որ գիտի, որ Մերիի երջանկությունն ավելի կարևոր է և հասկացել է, որ Մերին զոհաբերել է իր ողջ կյանքը՝ մտածելով միայն հոր, ոչ թե իր մասին։ Մտնելով ռանչո՝ շփոթված Սթրեթչը տեսնում է, որ խնջույքն արդեն սկսվել է, հորեղբայր Հանիբալը գնում է խոհանոց, որտեղ Մերին տորթ է թխում Մա Հոքինսի հետ։ Կարճ ժամանակ անց կոբվոյն ու լեդին համբուրվում են Մա Հոքինսի խոհանոցում[3][5][6]։

  • Գերի Կուպեր – Սթրեթչ Ուիլոուբի
  • Մերլ Օբերոն – Մերի Սմիթ
  • Փաթսի Քելլի – Քեթի Քալահան
  • Ուոլտեր Բրենան
  • Ֆազի Նայթշ
  • Մեյբլ Թոդ – Էլլի
  • Հենրի Քոլքեր – Հորաս Սմիթ
  • Հարրի Դավենփորթ – հորեղբայր Հանիբալ Սմիթ
  • Էմմա Դան – Մա Հոքինս
  • Ուոլտեր Ուոլքեր – Ամես
  • Բերթոն Չերչիլ – Օլիվեր Վենդել Հենդերսոն
  • Չարլս Ռիչման – Դիլոն
  • Ֆրեդերիկ Վոգեդինգ – նավապետ[3]
  • Իրվինգ Բեյքոն – Չեսթեր (լուսագրերում նշված չէ)
  • Էթան Լեյդլո – տղամարդ (լուսագրերում նշված չէ)

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին The New York Times-ում տպագրված իր գրախոսականում Ֆրենկ Նյուջենթը եզրակացրել է, որ ֆիլմը «պարզապես այնքան ծիծաղելի չէ, որպեսզի արդարացվի ամերիկյան քաղաքականության և հասարակության շատ տարօրինակ պատկերը, որը նա ներկայացնում է»[7]։ Ըստ Նյուջենթի՝ նույնիսկ Գարի Կուպերը՝ «ֆիլմի մեծագույն հարստությունը», ունի իր ձախողված պահեր, երբ իրեն թվում է, թե ինքը մեջբերում է ինքն իրեն, կամ երբ լիովին լքված սցենարիստների և ռեժիսորի կողմից, նա անօգնական կերպով նայում է որպես ուրվական, որը հարց է տալիս, թե արդյոք ինքը չի թափառում սխալ տան մեջ»[7]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կովբոյն ու լեդին» ֆիլմը 1939 թվականին ներկայացվել է «Օսկար» մրցանակի երեք անվանակարգերում[8].

  • Լավագույն ձայնագրությում (Թոմաս Տ. Մոուլտոն) (հաղթանակ),
  • Լավագույն օրիգինալ գործիքավորում (Ալֆրեդ Նյուման),
  • Լավագույն օրիգինալ երգ («Կովբոյն ու լեդին», հեղինակներ՝ Լայոնել Նյուման և Արթուր Քվենցեր)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://www.imdb.com/title/tt0030018/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=19479.html
  3. 3,0 3,1 3,2 «The Cowboy and the Lady». Internet Movie Database. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. «The 11th Academy Awards (1939) Nominees and Winners». The Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «The Cowboy and the Lady». Coop: A Tribute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. «The Cowboy and the Lady». Classic Film Guide. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. 7,0 7,1 Nugent, Frank (1938 թ․ նոյեմբերի 25). «The Cowboy and the Lady with Gary Cooper». The New York Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  8. «Awards for The Cowboy and the Lady». Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովբոյն ու լեդին» հոդվածին։