Կոսովոյի գրականություն
Կոսովոյի գրականությունը բաղկացած է գրական աշխատանքներից, որոնք գրել են Կոսովոյի հեղինակները ալբաներեն, սերբերեն, բոսնիերեն և թուրքերեն։ Կոսովոյի գրականության պատմության մեջ առանձնանում է օսմանյան շրջանը՝ չնայած նրան, որ մինչև 1912 թվականը Օսմանյան կայսրության իշխանությունները արգելել էին կիրառել գրավոր ալբաներենը։ Այդ քաղաքականությունը շարունակել է սերբական իշանությունը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը[1]։
Պատերազմից հետո դպրոցական կրթությունն իրականացվել է սերբերեն[2]։ 1940-ական թվականների վերջին տարածված է եղել ընդհատակյա գրականությունը, որն ստեղծվել և հրատարակվել է ալբաներեն։ Յուրաքանչյուր ոք, ով գնել է ալբաներեն «Rilinja» թերթը, հաշվառվել է գաղտնի ոստիկանության կողմից[3]։ Ալբանական լեզուն և մշակույթը լիիրավ իրավունքներ ձեռք են բերել 1974 թվականին՝ հարավսլավական նոր Սահմանադրության ընդունումից հետո։ Կոսովոյի ալբանական գրականությունն ու մշակույթը հետագա զարգացման համար խթան է ստացել[1]։
1949 թվականին «Jeta e re» գրական ամսագրի գալուստով Հարավսլավիայի երիտասարդ ալբանալեզու հեղինակները տարածք են ստացել իր հրատարակությունների համար։ 1950-ական թվականներին տպագրվել են առանձին մենագրություններ։ 1960-ական թվականներին կոսովո-ալբանական գրականությունը սկսել է ակտիվ հրատարակվել[1]։
Լուրջ արձակը, ինչպես համարվում է, Կոսովոյում հայտնվել է 1950-ական թվականների երկրորդ կեսին։ Այդ ժամանակ այդպիսի ժանրով գրել են այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Խիվզի Սուլեյմանին Միտրովիցայից, Ադեմ Դեմիչին Պրիշտինայից և Անտոն Պաշկուն Պրիզրենի Գրաժդանիկայից։ 20-րդ դարի Կոսովոյի նշանավոր արձակագիրներից են Էկրեմ Բաշան, Յուսուֆ Բուջովին, Տեկի Դյորվիսհին, Սաբրի Համիթին, Ռամիզ Քելմենդին, Մեհմեդ Քրայան, Բեքիր Մուսլիուն, Ռեջեփ Չոսյան, Մուսա Ռանիադանին, Նազմի Ռախմանին, Զեյնուլա Ռախմանին և Ազեմ Շկրելին[1]։
Կոսովոյի ալբանացիների պոեզիան նույնպես ունեցել է մեծ ճանաչում, նրա արմատները գալիս են ազգային ավանդույթներից։ Նախկին Հարավսլավիայի տարածքում ժամանակակից ալբանական պոեզիայի հիմնադիրը համարվում է Էսադ Մեքուլին։ Ժամանակակից այլ նշանավոր բանաստեղծներ են Էկրեմ Բաշան, Բեսիմ Բոկշին, Ռահման Դեդայը, Միրկո Գաշին, Էնվեր Գերչեկուն, Ֆախրեդին Գունգան, Աբդուլա Կոնուշևցին, Դեն Մեհմեթին, Ալի Պոդրիմյան և Ազեմ Շկրելին[1]։
Սերբերեն գրականության ավանդույթները տարածաշրջանում շատ ավելի երկար պատմություն ունեն և ծագել են 13-րդ դարից։ 20-րդ դարի խոշորագույն սերբ-կոսովական գրողներից են վիպասան Վուկաշին Ֆիլիպովիչը, բանաստեղծուհի Դարինկա Էվրիչը, գրող Ռադոսավ Ստոյանովիչը, բանաստեղծ և արձակագիր Պիկ Սարիչը, բանաստեղծ Լազար Վուկովիչը[1]։
1970-1980-ական թվականներին Կոսովոյի գրողները, ինչպես սերբ, այնպես և ալբանացի, ներկայացվել են Կոսովոյի գրողների միությունում։ 1980-ականների վերջին էթնիկ հակամարտության սրման հետևանքով սերբերը լքել են այդ կազմակերպությունը, և մինչ այժմ Կոսովոյի գրողների միությունը կազմված է միայն ալբանացի հեղինակներից։ Այդ կազմակերպությունը մեծ դեր է խաղացել Կոսովոյի քաղաքական կյանքում, դրա շատ անդամներ, այդ թվում Իբրահիմ Ռուգովան, եղել են Կոսովոյի ժողովրդավարական լիգայի ակունքներում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Elsie, Robert (2010). Historical Dictionary of Kosovo. էջեր 179–180. ISBN 978-0-8108-7483-1.
- ↑ Malcolm, Noel (1999). Kosovo: A Short History. Harper Perennial. էջ 267. ISBN 978-0-06-097775-7.
- ↑ Malcolm, Noel (1999). Kosovo: A Short History. Harper Perennial. էջ 327. ISBN 978-0-06-097775-7.