Կոնդենսացման ռեակցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնդենսացման ռեակցիաներ, երկու կամ մի քանի պարզ միացություններից բարդերի առաջացման ռեակցիաների մեծ խմբի անվանումը օրգանական քիմիայում։ Կոնդենսացման ռեակցիաները, որոնք տարբերվում են ինչպես ըստ փոխազդող նյութերի բնույթի, այնպես էլ ըստ քիմիական փոխարկումների էության, ներառում են ածխածին-ածխածին () նոր կապերի առաջացման ներմոլեկուլային և միջմոլեկուլային շատ պրոցեսներ։ Այդպիսի ռեակցիաների մեծ մասն ուղեկցվում է անօրգանական կամ օրգանական որևէ պարզ՝ մոլեկուլի (օրինակ, ջրի, ջրածնի, սպիրտի, հալոգենաջրածնի, հալոգենի) անջատմամբ։

Այդ տեսակի կոնդենսացման ռեակցիաներից են, օրինակ, կրոտոնային կոնդենսացումը, Վյուրցի ռեակցիան, Կլայզենի կոնդենսացումը, Կնեվենագելի ռեակցիան, Պերկինի ռեակցիան, Ֆրիդել-Քրաֆթսի ռեակցիան և այլն։ Ի տարբերություն վերոհիշյալների, բենզոինային կոնդենսացումը, ալդոլային կոնդենսացումը, դիենային սինթեզը և այլ կոնդենսացման ռեակցիաներ ընթանում են առանց պարզ մոլեկուլի անջատման։ Օրգանական քիմիայում կոնդենսացման ռեակցիաներ են անվանում նաև հետերոցիկլային միացությունների առաջացման բոլոր ռեակցիաները։ Այդ պրոցեսներում կարող են ծագել նոր կապեր՝ ածխածին-ածխածին, ածխածին-հետերոատոմ, հետերոատոմ-հետերոատոմ։ Սովորաբար կոնդենսացման ռեակցիաներին չեն պատկանում էսթերացումը, վերաէսթերացումը, ալկիլացումը և ացիլացումը՝ ըստ թթվածնի կամ ազոտի և այլն։ Սակայն, ըստ այդ սխեմաների, պոլիմերների առաջացման ռեակցիաները կոչվում են պոլիկոնդենսացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 568