Կոլոկոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կոլոկոլի» առաջին համարի առաջին էջը, Լոնդոն, 1857 թ.
«Կոլոկոլի» հիմնադիրներ Օգարյովն ու Գերցենը, 1861 թ. ամառ

Կոլոկոլ (ռուս.՝ «Колокол», «Հնչակ»), ռուսական հեղափոխական առաջին թերթը։ Հրատարակել են Ալեքսանդր Գերցենը և Նիկոլայ Օգարյովը 1857-1865 թվականներին՝ Լոնդոնում, 1865-1867 թվականներին՝ Ժնևում (սկզբում որպես «Պոլյարնայա զվեզդա» տարեգրքի հավելյալ թերթիկ)։

«Կոլոկոլ»-ի ծրագիրը նախատեսում էր «գյուղացիության ազատագրում» և «համայնքային հողատիրություն, գրաքննության և մարմնական պատիժների վերացում»։

Տպագրել է Գերցենի և Օգարյովի ռեֆորմին դեմ արտահայտվող հոդվածներ, թռուցիկներ, ռուսական հեղափոխական ընդհատակի փաստաթղթեր։ Խմբագրության կապը ռուսական հեղափոխական մտավորականության հետ նպաստեց վերջինիս համախմբմանն ու «Զեմլյա ի վոլյա» գաղտնի ընկերության ստեղծմանը։

«Կոլոկոլ»-ի թղթակիցներից և տարածողներից են եղել Նիկոլայ Դոբրոլյուբովը, Ն. Սերնո-Սոլովևիչը, Մ. Միխայլովը, դեկաբրիստներ, գրողներ (Ի. Ակսակով, Յ. Սամարիկ, Ա. Կոշելև, Իվան Տուրգենև), հեղափոխական վտարանդիներ։ 1867-1869 թվականներին հրատարակվել են. «Колокол. Прибавочный лист к первому десятилетию», «Колокол. Pyccкoe прибавление» (6 համար) և «Supplement du Kolokol» ֆրանսերեն։

1870 թվականին Օգարյովը և Ս. Նեչաևը լույս են ընծայել «Կոլոկոլ»-ի ևս 6 համար, որոնք զգալիորեն տարբերվում էին գերցենյան «Կոլոկոլ»-ից։

Թերթն անդրադարձել է նաև Թուրքիայում ապրող հայերի վիճակին։ Միքայել Նալբանդյանը բարեկամական կապեր է ունեցել «Կոլոկոլ»-ի շուրջ համախմբված ռուս հեղափոխական դեմոկրատների հետ (Գերցեն, Օգարյով, Բակունին, Սերնո-Սոլովևիչ և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 514