Կլիմայական գոտիներ
Արտաքին տեսք
Կլիմայական գոտիներ,երկրագունդը գոտևորող,արևմուտքից արևելք ձգվող, հասարակածից դեպի բևեռնոր ուղղությամբ ձգվող օդային զանգվածները կոչվում են կլիմայական գոտիներ։ Երկրագնդի մարզեր, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է կլիմայի ձևավորման յուրահատուկ պայմաններով։ Կլիմայական գոտիները կլիմայակաշրջանցման ամենախոշոր միավորներն են։ Առաջացումը պայմանավորված է մթնոլորտի ընդհանուր շրջանաձև զոնալ գոտիների գոյությամբ։ Տարբերում են՝
- ցածր ճնշման հասարակածային զոնա, որը համընկնում է Արեգակի ամենաբարձր կեսօրյա դիրքի մարզի հետ և ըստ տարվա եղանակների տեղաշարժվում է աշխարհագրական հասարակածից հյուսիս կամ հարավ,
- բարձր ճնշման արևադարձային երկու զոնա պասսատների համակարգով, որոնք ջերմային հասարակածի հետ տեղաշարժվում են հյուսիս կամ հարավ,
- բարեխառն գոտու ցածր ճնշման երկու զոնա՝ ցիկլոնների մեծ հաճախականությամբ, մթնոլորտի վերին շերտերում՝ արևմտյան հոսանքների գերակշռությամբ,
- բարձր ճնշման բևեռային երկու մարզ։
Հիմնական կլիմայական գոտիները ամբողջ ՝ տարին բնութագրվում են մթնոլորտի միևնույն զոնալ շրջանառության գերակշռությամբ.
- հասարակածային կլիմայի գոտուն բնորոշ են հորդառատ տեղումները և չոր սեզոնների թույլ արտահայտվածությունը,
- արևադարձային կլիմայի երկու գոտիները բնութագրվում են չորայնությամբ,
- բարեխառն կլիմայի երկու գոտիները՝ կտրուկ արտահայտված ջերմային կլիմայական սեզոններով,
- արկտիկական և անտարկտիկական կլիմաների երկու գոտիները՝ դաժան կլիմայով և տեղումների սակավությամբ։ Միջանկյալ կլիմայական գոտիները գտնվում են երկու հարակից զոնաների ազդեցության տակ. դրանք են՝
- երկու մերձհասարակածային գոտիները (հասարակածային մուսսոնային կլիմա) և
- երկու մերձարևադարձային կլիմայի գոտիները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 480)։ |