Jump to content

Կիրակոս Ազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրակոս Ազարյան
Ծնվել է1878
ԾննդավայրՀյուսեյնիկ, Խարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915
Մահվան վայրԿարին լեռան մոտ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ԿրթությունՉիկագոյի բժշկական համալսարան
Սենթ Լուիզի բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ և ակնաբույժ
Ռազմական ծառայությունՕսմանյան բանակ
ԱմուսինԶապել Ազարյան

Կիրակոս Ազարյան (1878, Հյուսեյնիկ, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1915, Կարին լեռան մոտ), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրակոս Ազարյանը ծնվել է 1878 թվականին, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Հյուսեյնիկ գյուղում՝ Ֆերմանյան ընտանիքում։ Մանուկ տարիքում կորցրել է հորը։ Մայրը երկրորդ անգամ ամուսնացել է Խարբերդի նահանգի Մեզիրե (Մեզրե) քաղաքի ավետարանականների հոգևոր հովիվ վերապատվելի Ազարյանի եղբոր հետ։ Նախնական կրթությունն ստացել է Խարբերդում, ապա ավարտել ամերիկացի միսիոներների՝ քաղաքում հիմնած Եփրատ քոլեջը։ 1897 թվականին մեկնել է ԱՄՆ` կրթություն ստանալու։ Սկզբում աշխատել է գործարաններում, այնուհետև սովորել Չիկագոյի, ապա` Սենթ Լուիզի բժշկական համալսարաններում։ Բժշկական կրթությունն ավարտելուց հետո կարճ ժամանակ սովորել է նաև Թենեսի նահանգի Նեշուիլ քաղաքի աստվածաբանական ճեմարանում։ 1911 թվականին վերադարձել է Մեզիրե, ամուսնացել Զապել Ազարյանի հետ։ Մեզիրեում բացել է սեփական բժշկական կլինիկա։ Հետագայում կրկին մեկնել է ԱՄՆ և Սենթ Լուիզի բժշկական համալսարանում մասնագիտացել ակնաբուժության գծով։ 1913 թվականին վերադառնալով Մեզիրե՝ զբաղվել է համաքաղաքացիների բուժմամբ։

Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես, 1914 թվականի աշնանը զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայելու ուղարկվել Կարինի ռազմաճակատը։ Վեց ամիս ծառայելուց հետո, դեռևս նախքան Կարինի հայերի տարագրությունը, ձերբակալվել է և բանտարկվել Կարինի բանտում։ 1915 թվականի գարնանը իր բախտակից 250 մտավորականների (բժիշկներ, դեղագործներ, այլ մասնագետներ) հետ աքսորվել է Մուշ։ Հասնելով Կարին/Խոփ (Քոփ) լեռան մոտ, բոլորը, այդ թվում՝ 37 տարեկան Կիրակոս Ազարյանը, գնդակահարվել են։

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայ բժշկութեան տուած զոհերը», ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919
  • Կարոյեան Գ. «Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները)», Պոսթոն, 1957
  • Թէոդիկ «Յուշարձան նահատակ մտաւորականութեան», Բ տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985