Կիպարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիպարիսը սգում է իր եղջերուի մահը

Կիպարիս (Κυπάρισσος), հին հունական դիցաբանության մեջ Կեոս թագավորի որդին, ապրել է Կեա կղզու վրա, նրա լավագույն ընկերը եղել է Ապոլլոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեգույն եղջյուրներով զարդարված, մարգարտաշար մանյակը պարանոցին Կեոս կղզու Կարթեյան հովտում կանգնած էր հավերժահարսերին նվիրաբերված մի գեղեցիկ եղջերու։ Նա թույլ էր տալիս փաղաքշել և սիրել իրեն, մտնում էր մարդկանց տները և չէր վախենում նրանցից։ Ոչ մեկը անտարբեր չէր եղջերուի հանդեպ, սակայն ամենաշատը նրան սիրում էր Կեոս թագավորի որդին՝ Կիպարիսը։ Կիպարիսը հաճախ էր եղջերուին զբոսնելու տանում, նրանք գնում էին ծաղկաշատ արոտավայրեր, ծաղկավետ հովիտներ։ Նրանք հաճախ էին խաղում իրար հետ, երբ Կիպարիսը հեծնում էր նրան և սլանում դեպի Կարթեյան դաշտավայրերը։

Ամառային մի շոգ օր Կիպարիսը իր ընկեր Ապոլլոնի հետ որս էր անում, իսկ եղջերուն չդիմանալով տապին պառկել էր թփուտում պաշտպանվելով կիզիչ արևից։ Հանկարծ Կիպարիսը եղջերու է տեսնում և արձակում իր սրածայր նետը, այն մահացու հարված է հասցնում կենդանուն։ Կիպարիսը անգամ չէր էլ պատկերացնում, որ վիրավոր կենդանին իր եղջերուն է, քանի որ չէր ճանաչել նրան։ Եղջերուն սպանված էր, իսկ Կիպարիսը վշտահար։ Նա ցանկանում էր ինքն էլ մահանալ իր սիրելի կենդանու հետ։ Ապոլլոնը փորձում էր սփոփել տղային, բայց անօգուտ էր։ Նա կատարեց տղայի խնդրանքը և հավերժական անմար վիշտ տվեց Կիպարիսին։

Ապոլլոնը պատանուն ծառ դարձրեց։ Կիպարիսի մարմինը կեղևապատվեց, իսկ մազերը փշատերև դարձան։ Վշտահար էր նաև Ապոլլոնը տեսնելով պատանուն կիպարիս ծառ դարձած և մրմնջաց. - Հավերժ պիտի թախծեմ քեզ համար, գեղեցիկ պատանի, դու ևս պիտի թախծես ուրիշի վշտով։ Ուրեմն, հավերժ վշտացյալների հետ եղիր։ Հույները այդ ժամանակվանից սկսած փշատերևով են զարդարում թաղման խարույկները, կիպարիս տնկում շիրիմների մոտ։ Հանգուցյալների տների դռների վրա կախում են կիպարիսի ճյուղեր և այն համարվում է վշտացյալների ծառ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն. Ա. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները - 1989 թ.