Կեդրոնական քոլեջ Թուրքիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կեդրոնական քոլեջ Թուրքիո, ամերիկյան միսիոներական բարձրագույն ուսումնական հաստատություն։ Հիմնվել է 1876 թվականին, Այնթապում (Կիլիկիա)։ Առաջին նախագահն է եղել Թրոպրիճը։ Թեև քոլեջը հայկական հաստատություն չի եղել, բայց գրեթե ամբողջությամբ ծառայել է հայերին, դասախոսների և ուսանողների մեծ մասը եղել է հայ։ Սովորել են նաև թուրքեր, ասորիներ, հրեաներ, քրդեր։ Մեծ տեղ է հատկացվել բժշկագիտությանը, մաթեմատիկային և բնական գիտություններին։ Ունեցել է գիշերօթիկ բաժին, բժշկական վարժարան, հիվանդանոց, քիմիայի աշխատանոց, տպարան, մատենադարան (մոտ 7600 կտոր գիրք), թանգարան, գրական, մարզական, ուսանողական և շրջանավարտների միություններ։ 1886-1887 թվականներին ստեղծվել է Հայախոս ընկերությունը՝ թրքախոս հայ ուսանողներին հայերեն սովորեցնելու համար։ 1878 թվականին սովորել է 50-55, 1890 թվականին՝ 100-ից ավելի ուսանող։ Մինչև 1915 թվականըը տվել է 409 շրջանավարտ։ Դասախոսել են Ա. Պեզճյանը, Ս. Լևոնյանը, Հ. Գրիգորյանը, Զ. Պեզճյանը (նախկին շրջանավարտ), Մ. Փափազյանը, ճ. Մաթոսյանը, սովորել Վ. Քյուրքճյանը, Ս. Կյուլյուզյանը, Ն. Քյուրքճյանը, Հ. Էյրլոպյանը, Գ. Պողոսյանը, Հ. ճեմելյանը, Ե. Պեհեսնիլյանը (Քասունի), Ա. ճ.եպեճյանը և ուրիշներ։ 1924 թվականին քոլեջը փոխադրվել է Հալեպ և գործում է մինչև այժմ՝ Ալեպպո կոլեջ անվամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 355