Կաշրութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաշրութ (եբր.՝ כַּשְׁרוּת‎) կամ կոշեր (եբր.՝ כָּשֵׁר‎ ըստ ասքենազյան արտասանության), եզր է հուդայականության մեջ, որը նշանակում է Հալախայի տեսակետից ինչ որ բանի թույլատրված կամ համապատասխան՝ կաշերային լինելը։

Սահմանումը[խմբագրել]

Կաշրութը ծիսական կանոնների համակարգ է, որը որոշում է ինչ–որ բանի համապատասխանությունը հրեական օրենքի՝ Գալախայի պահանջներին։ Կաշրութի օրենքների հիմքում ընկած են Թորայի պատվիրանները, ինչպես նաև Բանավոր Թորայում՝ Թալմուդում հրեական կրոնական հեղինակությունների սահմանած լրացուցիչ կանոնները։

Սովորաբար կաշրութ եզրը գործածվում է ուտելիքին վերաբերող կրոնական պահանջները ներկայացնելիս, սակայն այն գործածվում է ավանդական կյանքի այլ իրադրություններում ևս, սկսած իրավական[1] (օրինակ՝ վկաների իրավասությունը դատական ​​վարույթներում, որոնք կարող են ավարտվել պատժով), վերջացրած կտորի ընտրությամբ, երբ չի կարելի կենդանական և բուսական հումքով արտադրված կտորները օգտագործել մեկ զգեստ կարելիս։

Փիլիսոփայական բացատրությունը[խմբագրել]

Որոշ աստվածաբաններ ասում են, որ կաշրութի օրենքները խորհրդանշական են՝ կաշերային կենդանիները ներկայացվում են որպես առաքինի, իսկ ոչ կաշերայինը՝ արատավոր։ Մթ.ա. 1-ին դարում գրված Արիսթևսի նամակը վստահեցնում է, որ այդ օրենքները «հնարավորություն են ստեղծում ...զարթնեցնել բարեպաշտ մտքեր և ձևավորել բնավորություն»։[2] Այս տեսակետը կրկնվում է 19-րդ դարի րաբբի Սամսոն Րափայել Հիրշի աշխատության մեջ։[3]

Ուտելիքի կաշրութ[խմբագրել]

Տարբեր հրեական համայնքներում կաշրութի օրենքները կարող են տարբեր լինել։ Առավել տարբերություններ կան Զատիկի արգելքներում։ Հատկապես խորը հավատացյալների համար կան «գլատ կոշեր» (իդիշ՝ גלאַט כּשר խիստ կաշրութային օրենքներ։

Կաշերային մսամթերք[խմբագրել]

Ցամաքային կենդանիներ[խմբագրել]

Ցամաքային կենդանիներից կաշերային են համարվում որոճող զույգ կճղականի կենդանիները։ Դրանք կովերն են, ոչխարները, այծերը, ինչպես նաև եղջերուները, լեռնային այծերը, որմզդեղները, ընձուղտները և այլն։ Արգելված է խոզի, նապաստակի, ուղտի և դամանի մսի օգտագործումը։

Թորան թվարկում է կենդանիների չորս տեսակ, որոնք ունեն կաշերայնության երկու հատկանիշներից միայն մեկը։ Դրանք են խոզը, ուղտը, դամանը և նապաստակը։ Դրանք արգելված են ուտելու համար։ Այսպիսով, խոզի միսը կաշերային է նրա համար, որ խոզը չի որոճում, այլ ոչ թե նրա, որ մյուս կենդանիներից ավելի «կեղտոտ» է։

Թռչուններ[խմբագրել]

Թորան տալիս է ուտելու համար արգելված թռչունների ցանկը, նրանում են արծիվը, բուն, ձկնկուլը։ Արգելված լինելու հիմնական պատճառը նրանց գիշատիչ լինելն է։

Քանի որ այսօր դժվար է ճշտել բոլոր արգելված թռչուններին, ապա ուտում են միայն տնական թռչուններին, որոնց կաշրութային լինելը հաստատված է ավանդաբար։ Դրանք հավերն են, բադերը, սագերը, աղավնիները և լորերը։

Ձվի կաշրութային լինելը որոշվում է թռչնով, բայց եթե դա որոշակի չէ, ապա որոշում են ձվի երկու ծայրերի տարբեր ձևեր ունենալով։ Պարտադիր մեկ կողմը պետք է սուր լինի մյուսը բութ։ Երկու ծայրը միանման ձվեր ունենում են գիշատիչ կամ լեշակեր թռչունները։ Քանի որ արյունը ուտելիքում արգելված է, ապա ձվի դեղնուցի մեջ արյան ներկայությունը այն դարձնում է ոչ պիտանի, բայց այդ դեպքում ձուն չեն նետում, այն մաքրում են արյունից, ու նոր օգտագործում[4]։

Ձկնեղեն[խմբագրել]

Ձկների մասին խոսելիս թալմուդը նկատի է ունենում ոչ միայն ուղղակի ձկներին, այլև ջրում ապրող այլ կենդանիների։ Ձուկը համարվում է «ո'չ կաթ և ո'չ միս», այլ՝ «չեզոք մի բան», այնպես որ սեղանին կարող է լինել ինչպես մսեղենի, այնպեսև՝ կաթնեղենի հետ։ Սակայն, արգելվում է մի ճաշի մեջ խառնել միսն ու ձուկը։

Կաշրութի կանոններով, կաշերային ձուկն օժտված են երկու հատկանիշով՝ ունեն թեփուկներ և լողաթևեր։ Դրանց գոյության վրա կասկածելու դեպքում կան օժանդակ հատկանիշներ՝ ձուկն ունի խռիկներ, ողնաշար և ածում է ձկնկիթ։

Որոշ ձկնատեսակներ, օրինակ՝ լոքոն, թառափը, շնաձկները, ինչպես նաև կաթնասուններ կետն ու դելֆինն ունեն լողաթևեր, սակայն, ոչ՝ կաշերային թեփուկներ և, հետևաբար՝ կաշերային չեն, չնայած այն բանի, որ որոշ տեսակներ իրենց զարգացման որոշակի փուլերում թեփուկներ ունենում են, ինչը, ձևականորեն նրանց դարձնում է կաշերային, բայց, միևնույն է, ավանդույթն ստիպում է, որ նրանք ընկալվեն որպես ոչ կաշերային։
Համապատասխանաբար թառափի սև խավիարը կաշերային չէ, ի տարբերություն սաղմոնի կարմիր ձկնկիթի։
Կակղամորթները` ութոտանիները, ոստրեները, կաղամարները և խեցգետնանմանները` ծովախեցգետինները, խեցգետինները, օմարները, լանգուստները չունեն ո'չ լողաթևեր և ո'չ թեփուկներ և նույնպես կաշերային չեն։

Սպասք[խմբագրել]

19-րդ դարի կաշերային սպասք:

Ոչ կաշերային ուտելիքի համար օգտագործված սպասքը դառնում է ոչ կաշերային և նրանցում նույնիսկ կաշերային ուտելիքներով պատրաստած ճաշը կաշերային չէ։ Որոշ այդպիսի սպասքներ, կախված այն նյութերից, որոնցից պատրաստված են, կարող են պիտանի դառնալ կաշերային ուտելիք պատրաստելու համար, դրանք եռացրած ջրով մշակելուց հետո։ [5]

Այլ արգելքներ[խմբագրել]

Կան նաև այլ տեսակի արգելքներ՝

  • Արգելվում է ուտել դեռևս ապրող կենդանու ձագի միսը։
  • Արգելվում է ուտել առաջին երեք տարիներին ծառի տված պտուղները։
  • Արգելվում է սննդի մեջ օգտագործել միջատներ, երկկենցաղներ, սողուններ։
  • Արգելվում է սննդի մեջ օգտագործել ոչ կաշերային կենդանիների արտադրանքը։ Ոչ կաշերային են թառափի ձկնկիթը, գիշատիչ թռչունների ձուն, ուղտի կաթը։ Բացառություն է կազմում մեղրը, որը ոչ կաշերային մեղվի արտադրանք է։ Թորան դա բացատրում է հետևյալ կերպ՝ մեղրը պատրաստվում է ծաղիկների արտադրած նեկտարից, իսկ մեղուներն այն ընդամենը վերամշակում են։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Կաշերային է հասուն տղամարդու վկայությունը՝ սկսած 13 տարեկանից, կաշերային չեն խուլի, համրի, տկարամիտի, կույրի և կնոջ վկայությունները։ Կնոջ վկայությունը կրոնական դատի ժամանակ չի անցնում, բայց որևէ անձի հրեա լինելը հաստատելիս` անցնում է։
  2. Letter of Aristeas, 145–154
  3. «Dietary Laws». Encyclopedia Judaica. Jerusalem: Keter Publishing House. 1971. 
  4. Արյան կետերում ձվում (անգլերեն)
  5. Shulchan Aruch, Orach Chayim, 318:1

Արտաքին հղումներ[խմբագրել]