Կաղապար:FA/13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրոնզե արձանիկ թագավորական գահից

Ուրարտուի մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը: Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև: Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ: Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիտ ցանց: Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրաժեշտ են դարձրել դրանց կառուցումը:

Քաղաքի գերիշխող բարձունքի վրա կառուցվել է միջնաբերդը՝ պալատական, պաշտամունքային, ռազմական և տնտեսական բաժանմունքներով, իսկ լանջերին և ստորոտում տարածվել են բնակելի թաղամասերը, որոնք ևս հաճախ շրջափակվել են պաշտպանական պարսպով: Մեկից ավելի բարձրունքների առկայության դեպքում դրանք ամրացվել են միջնաբերդով կամ պաշտպանական հենակետերով՝ ստեղծելով երկկորիզ կամ բազմակորիզ քաշաքաշինական համակարգ (Արգիշտիխինիլի, Անձավ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի): Արտաքին լայն օղակով քաղաքը շրջապատել են գյուղատնտեսական հողատարածությունները՝ արհեստական ոռոգման ցանցով: Ջրանցքների կառուցումը եղել է Ուրարտուի պետական գործունեության կար.որագույն բնագավառներից մեկը, որն առավելագույն չափերի է հասել Մենուա արքայի օրոք: Այդ ժամանակին են վերաբերվում Մենուայի, Մանազկերտի, Բերկրիի և Խոտանլուի ջրանցքները: Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցքներ և թունելներ: ջրանցքներից մի քանիսը (Շամիրամի, Կարմիր բլուրի, Դալմայի) գործում են մինչև այսօր: Արաքս գետից սկիզբ առնող ջրանցքը անցնում է Արգիշտիխինիլի քաղաքի երբեմնի ջրանցքի ուղեգծով:

Ուրարտուի քաղաքաշինությանը բնորոշ է հասարակական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը: Այս սկզբունքն է ընկած Ուրարտուի միջնաբերդերի պալատական համալիրների հատակագծերի ձևավորման հիմքում: Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդի միջուկն է կազմում մոտ 660 մ² մակերեսով սյունազարդ դահլիճը, որը շրջապատում են բնակելի, հանդիսավոր, տնտեսական և այլ բնույթի 21 սենյակներ՝ 3500 մ² ընդհանուր մակերեսով: Պալատի հատակագիծը և ներքին բաժանումները հարմարեցված են բլրի գագաթի եզրագծին: Էրեբունիի պալատը, պահպանելով հատակագծային նույն սկզբունքը, ունի առավել բարդ, բազմակենտրոն և բազմաբջիջ հորինվածք: Բացի կենտրոնական սյունազարդ բակից, այնտեղ կան նաև մի այլ ներքին բակ և դահլիճ, որ ստեղծում... (շարունակություն...)