Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 50, 2021 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Աննա Էլեոնոր Ռուզվելտ, ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ և ակտիվիստ։ 1933 թվականի մարտից մինչև 1945 թվականի ապրիլը Էլեոնորը եղել է ԱՄՆ առաջին տիկինը, իր ամուսնու՝ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախագահության տարիներին, որն աննախադեպ չորս անգամ վերընտրվել էր այդ պաշտոնում՝ դառնալով ԱՄՆ ամենաերկար կառավարած նախագահը, իսկ կնոջը դարձնելով ամենաերկար ժամկետով առաջին տիկինը։ Էլեոնոր Ռուզվելտը եղել է ԱՄՆ պատվիրակը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում 1945-1952 թվականներին։ Նախագահ Հարի Թրումենը հետագայում նրան կոչելու էր «աշխարհի առաջին տիկին»՝ հարգանքի տուրք մատուցելով նրա ծավալած գործունեությանը՝ հանուն մարդու իրավունքների։

Էլեոնորը ամերիկյան նշանավոր Ռուզվելտ և Լիվինգսթոն ընտանիքների անդամ էր և նախագահ Թեոդոր Ռուզվելտի եղբոր դուստրը։ Նա դժբախտ մանկություն է ունեցել՝ վաղ տարիքում զրկվելով ծնողներից ու եղբորից։ 15 տարեկանում Էլեոնորը հաճախում է Լոնդոնի Ալենվուդ Ակադեմիան և խորապես ոգեշնչվում է իր տնօրինուհու՝ Մարի Սուվեստրի գաղափարներով։ ԱՄՆ վերադառնալով, 1905 թվականին նա ամուսնանում է իր հինգերորդ զարմիկ Ֆրանկլին Ռուզվելտի հետ։ Ռուզվելտների ամուսնությունը բարդ էր առաջին իսկ օրվանից՝ Ֆրանկլինի խստաբարո մոր՝ Սառայի պատճառով, իսկ երբ 1918 թվականին Էլեոնորը բացահայտում է ամուսնու սիրային կապը քարտուղարուհու՝ Լյուսի Մերկերի հետ, որոշում է զբաղվել հասարակական գործունեությամբ և այդպիսով յուրովի սփոփանք ու բավականություն գտնել։ 1921 թվականին, երբ Ֆրանկլինը հիվանդանում է պոլիոմիելիտով և զրկվում ոտքերի լրիվ շարժունակությունից, Էլեոնորը համոզում է նրան մնալ քաղաքականության մեջ և ամուսնու փոխարեն ելույթներով հանդես է գալիս նախընտրական արշավների ժամանակ։ 1928 թվականին, Ֆրանկլին Ռուզվելտի՝ Նյու Յորքի նահանգապետ ընտրվելուց հետո, ապա նաև նրա կառավարական և պետական գործունեության ողջ ընթացքում, Էլեոնորը պարբերաբար նրա անունից, կամ որպես առաջին տիկին, ելույթներ էր ունենում և մինչ ամուսինը նախագահում էր՝ Էլեոնորը մեծապես վերաձևում և վերակազմավորում էր «առաջին տիկնոջ» դերն ամերիկյան իրականության մեջ։ Թեպետ կյանքի վերջին տարիներին Էլեոնորը մեծ հարգանքի արժանացավ, նրա առաջին տարիները որպես առաջին տիկին լի էին հասարակության կողմից հակասական վերաբերմունքով, հատկապես ռասայական խտրականությունների վերաբերյալ նրա բացահայտ ելույթների պատճառով։ Նա առաջին նախագահի կինն էր, որ կանոնավորապես մամուլի ասուլիսներ էր տալիս, լրագրերում և ամսագրերում հրատարակում ծավալուն հոդվածներ, մասնակցում ամենշաբաթյա ռադիոծրագրին և ելույթ ունենում համագումարների ժամանակ։ Մի քանի դեպքեր եղան, երբ նա բացահայտ, հրապարակավ իր անհամաձայնությունն է արտահայտել ամուսնու քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ։ Գործազուրկ հանքագործների ընտանիքների համար Արևմտյան Վիրջինիայում նա Արթուրդեյլ անվամբ փորձարարական համայնք է հիմնել, որի զարգացման ծրագիրը, սակայն, հետագայում անհաջողության է մատնվել։

․․․Ավելին