Ծաղիկ փերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղիկ փերին
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ՏեսակԻրապատում հեքիաթ
ԺանրՀեքիաթ
Բնօրինակ լեզուԻտալերեն-ռուսերեն
ԼեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1910-ական թթ.
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՎիքիդարանԾաղիկ փերին

«Ծաղիկ փերին», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից է, որը տպագրվել է 1910-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծաղիկ փերին» իտալական ժողովրդական հեքիաթ է։ Թումանյանն այն թարգմանել է ռուսերենից («Итальянские сказки», перевод Марии Андреевой, под редакцией М. Горького, М., 1912), 1910-ական թվականներին։

Սկզբնական վերնագիրը եղել է «Փերի-ծաղիկը»։ Հեքիաթի առաջին էջի տողատակին Թումանյանի ձեռքով տրված է հետևյալ ծանոթությունը. «Մարիա Անդրեևայյի թարգմանությամբ և Մ. Գորկու խմբագրությամբ»[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու քույր են լինում, երեխա օրից մնում են որբ։ Մեծ քույրը շատ գեղեցիկ է լինում, աստղի նման պայծառ, իսկ փոքրը ոչ լավ, ոչ վատ, մի քիչ էլ մի ոտքից կաղ։ Մեծ քույրը այդպես էլ նրա անունը դնում է Կաղլիկ։ Քույրերը ապրում են իրենց պառավ տատի հետ։ Տատին դուր չի գալիս որ փոքր թոռանը մեծ թոռը Կաղլիկ է անվանում, և միշտ սաստում էր մեծ թոռանը, սակայն մեծ քույրը գնալով ավելի շատ էր ծաղրում և ծիծաղում փոքր քրոջ վրա։ Փոքր քույրը ուշադրություն չէր դարձնում, սակայն մեծ քույրը շատ վատ էր վարվում փոքր քրոջ հետ, կարծես իր աղախինը լիներ։ Իսկ ինքը նստում էր, ձեռները ծալում և լուսամուտից դուրս էր նայում։ Տատը վրան բարկանում էր, և ասում, թե ում է նայում, իսկ մեծ թոռը պատասխանում էր, որ նայում է թագավորի տղային[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ քույր
  • Փոքր քույր-Կաղլիկ
  • Տատ

«Ծաղիկ փերին» հեքիաթի թարգմանության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական այս հեքիաթը վերցված է Լուիջի Կապուանայի հեքիաթների ժողովածուից։ Հեքիաթը թարգմանվել է հայ մեծանուն երկու մանկագիրների՝ Հովհաննես Թումանյանի և Ստեփան Լիսիցյանի կողմից։ Թումանյանը Կապուանայի հեքիաթացանկից թարգմանել է նաև «Որոտ թագավորը» և «Մարդակրի աղջիկն ու խորհրդավոր վարպետը»։ Ցավոք, «Ծաղիկ փերին» Թումանյանի թարգմանությունն անավարտ է մնացել։ Թումանյանի տարբերակը թարգմանված է Լուիջի Կապուանայի ռուսերեն տարբերակից, որի հեղինակը Մարիա Անդրեևան էր, խմբագիրը՝ Մաքսիմ Գորկին: Բանաստեղծի անձնական գրադարանում կան Կապուանայի ռուսերեն երկու հատորյակ։ Զարմանալիորեն երկու հատորյակներն էլ անհեղինակ են. Լուիջի Կապուանայի անունը ոչ մեկում չի հիշատակվում՝ մոլորության մեջ գցելով ընթերցողին, որը կարող է ենթադրել, որ ընթերցում է իտալական ժողովրդական հեքիաթներ։ Թումանյանը, ունենալով միայն ռուսերեն հրատարակության տվյալները, նույնպես չի նշում հեղինակի անունը։

Ենթադրել, որ հեքիաթների հեղինակը Կապուանան է, հնարավոր էր միայն իտալերեն և անգլերեն թարգմանություններից տեղյակ լինելու դեպքում, քանի որ ֆրանսերեն և գերմաներեն թարգմանությունները հրատարակվել են Թումանյանի թարգմանություններից ուշ։

Անդրեևայի ռուսերեն թարգմանությունից երկու տարի առաջ՝ 1910 թվականին իտալական հեքիաթների նույն ժողովածուից երկու հեքիաթ է թարգմանում Ստեփան Լիսիցյանը։ Լիսիցյանի թարգմանությունները ենթադրաբար արված են բնագրից, քանի որ լույս են տեսել ավելի վաղ, քան ռուսերեն թարգմանությունը։ Ընդ որում, ի տարբերություն Անդրևայի և Գորկու, նա նշում է հեքիաթների հեղինակի անունը՝ տառադարձելով այն Կապուան։ Լիսիցյանի այս թարգմանությունները կան Թումանյանի անձնական գրադարանում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու, 10 հատոորով. Vol. 5. ՀՀ ԳԱԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ հր. էջ 817.
  2. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու, 10 հատորով. Երևան: ՀՀ ԳԱԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. էջեր 572–573.
  3. Ջիվանյան, Ա. «Ծաղիկ փերին» (PDF).