Խորհրդա-չինական համաձայնագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորհրդա-չինական համաձայնագրեր՝ դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները հաստատվել են 1924 թվականի մայիսին։ Չինաստանի սուվերեն իրավունքներն ու շահերը շոշափող ցարական պայմանագրերը հայտարարվեցին ուժը կորցրած։ Այդ ժամանակ էլ ստորագրվեց Չին-Արևելյան երկաթուղու ժամանակավոր ստատուսի վերաբերյալ համաձայնագիր։ Դիվանագիտական հարաբերությունները խզվել են չինական ռազմամոլների հրահրած չին-խորհրդային կոնֆլիկտի (1929) կապակցությամբ (վերականգնվել են 1932 թվականին)։ ճապոնիայի բացահայտ ագրեսիայից (1937 թվականի հուլիս) հետո կնքվել է չհարձակման պայմանագիր (1937 թվականի օգոստոս)։ Չին ժողովրդի հակաճապոնական ազատագրական պատերազմի ընթացքում ԽՍՀՄ խոշոր փոխառություններ և զենք է տրամադրել Չինաստանին։ 1945 թվականի օգոստոսին կնքվել է բարեկամության և դաշինքի պայմանագիր։ Սիաժամանակ ստորագրվել են համաձայնագրեր Չին․ Չանչունյան երկաթուղին համատեղ շահագործելու, Պորտ Արտուրը (Լյույշուն) որպես ռազմածովային բազա օգտագործելու, Դալնիի (Դալյան) նավահանգիստը և պահեստները վարձակալելու և այլնի վերաբերյալ։ ԽՍՀՄ առաջինը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց (1949 թվականի հոկտեմբեր) ՉԺՀ-ի հետ՝ խզելով հարաբերությունները չանկայշիական կառավարության հետ։ Խորհրդա-չինական հարաբերությունները կառուցվում էին սոցիալիստական ինտերնացիոնալիզմի սկզբունքի հիման վրա։ ՉԺՀ սոցիալիստական շինարարության անցման համար պայմաններ ապահովելու գործում մեծ դեր խաղաց 1950 թվականի փետրվարի 14-ի բարեկամության, դաշինքի և փոխօգնության պայմանագիրը։ Սիաժամանակ ստորագրվեցին համաձայնագրեր երկարաժամկետ խորհրդային վարկի (ԽՍՀՄ պարտավորվում էր ՉԺՀ-ին օգնել 50 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման գործում), Չինական Չանչունյան երկաթուղու, Պորտ Արտուրի, Դալնիի վերաբերյալ, նախատեսվում էր խորհրդային զորքերի դուրսբերում Պորտ Արտուրից և այլն։ 1950-ական թվականներին ստորագրվեցին մի ամբողջ շարք համաձայնագրեր համատեղ բաժնետիրական ընկերությունների (գունավոր և հազվագյուտ մետաղների, նավթի և գազի հետախուզման և արդյունահանման) ստեղծման, օդային հաղորդակցության, սահմանային գետերի վրա (Ամուր, Ուսսուրի և այլն) նավագնացության, ԽՍՀՄ բուհերում ՉԺՀ-ի քաղաքացիների ուսուցման, ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում գիտատեխնիկական համագործակցության, ատոմային էներգիայի և միջուկային ֆիզիկայի ասպարեզում Չինաստանին օգնելու, արդյունաբերական նոր ձեռնարկությունների (արդեն կառուցված 156-ից բացի) կառուցման, մշակութային, ԽՍՀՄ և ՉԺՀ-ի ԳԱ-ների համագործակցության և այլնի վերաբերյալ։ 1950-ականների վերջին և 1960-ական թվականների սկզբին ՉԺՀ-ի ղեկավարությունը բարեկամության քաղաքականությունից անցավ ԽՄԿԿ-ի, սոցիալիստական համագործակցության երկրների դեմ բացահայտ պայքարի քաղաքականության, չեղյալ հայտարարեց խորհրդա-չինական համաձայնագրերից շատերը, այդ թվում՝ 1950 թվականի փետրվարի 14-ի պայմանագիրը (19801981 թվականին ստորագրվեցին առևտրական և վճարային, 1983 թվականին՝ ուսանողներ փոխանակելու, 1985 թվականին՝ առևտրային համաձայնագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 10 CC-BY-SA-icon-80x15.png