Խորեն Սինանյան
Խորեն Սինանյան | |
---|---|
Ծնվել է | 1868 |
Ծննդավայր | Քյոթահիա |
Մահացել է | 1928 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան և Պադովայի համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ և աստղագետ |
Աշխատավայր | Մուրադ-Ռափայելյան վարժարան |
Խորեն Սինանյան (1868, Քյոթահիա - 1928, Ստամբուլ, Թուրքիա), հայ մանկավարժ, աստղագետ, Ֆրանսիայի աստղագիտական ընկերության (1915), Վենետիկի Մխիթարյան միաբանության (1892) անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունն ստացել է Մուրատ-Ռափայելյան վարժարան և Պադովայի համալսարանում։ Սինանյանի կյանքի մեծ մասը նվիրել է մանկավարժական գործունեությանը՝ մաթեմատիկա և աստղագիտություն դասավանդելով Սուրբ Ղազար մայրավանքի ճեմարանում, Մուրատ-Ռափայելյան, Տրապիզոն, Քաղկեդոնի, Նիկոմիդիայի վարժարաններում։ 1894 թվականի ապրիլի 15-ին հայտնագործել է Լուսնթագ (Յուպիտեր) մոլորակի 6-րդ արբանյակը, սակայն Վատիկանի դիտարանի հանձնաժողովը այդ գյուտը չի հաստատել և չի գրանցել Սինանյանի անունով՝ Լուսնթագի 6-րդ արբանյակի գոյությունը բացառելով ընդհանրապես։ Սինանյանի գիտական աշխատանքներ և գիտահանրամատչելի հոդվածներ ունի մթնոլորտում թթվածնի պարունակության, կենդանակերպային լույսի, երկնային լուսատուների շարժման, աստղերի առկայծումների վերաբերյալ։ Առաջարկել է օրացույցի ուրույն նախագիծ, ըստ որի բոլոր ամիսների միևնույն թվին համապատասխանում է շաբաթվա միևնույն օրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 386)։ |