Խորեն Գալընյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալընյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | մոտ 1880 |
---|---|
Ծննդավայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Այլ անուններ | բժիշկ Խայրուլլա |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան (1904) |
Մասնագիտություն | բժիշկ |
Խորեն Գալընյան (Գալինյան) (մոտ 1880, Խարբերդ, Խարբերդի նահանգ - ?), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտ 1880 թվականին Խարբերդ նահանգի կենտրոն Խարբերդ քաղաքում՝ պատվելիի ընտանիքում։ Թուրքերը հորն սպանել են Խարբերդի իր տան տանիքում, իսկ մորը՝ Բամբիշ Ալմաստին և մանուկ Խորենին տարել և թուրքացրել են՝ վերջինիս տալով Խայրուլլա անունը։ Մայրն իր խնայած 60 ոսկին տվել է որդու բժշկական կրթության համար։ 1904 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Խարբերդի թուրքերի շրջանում եղել է հարգված բժիշկ Խայրուլլա։ Օսմանյան բանակում զինվորական բժիշկ և դեղագործ է ծառայել։ Պաշտոնի բերումով շրջել է Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգներում։
1915 թվականին իրենց բնօրրաններից տեղահանված հայ գաղթականների հետ հասել է մինչև Դեյր-էլ-Զոր, որտեղ տեսել է, թե ինչպես շատերին հերթի են կանգնեցրել և մորթել։ Աքսորյալները դիմել են բժշկի օգնությանը, և նա իր ուժերի ներած չափով գաղտնի կերպով օգնել է նրանց ու ազատել յաթաղանից։ Խարբերդում թուրքերը նրա վրա պահակ են դրել, որ նա հայերին բժշկական օգնություն չցուցաբերի։ Սակայն, այնուամենայնիվ, հնարավորության դեպքում միշտ և ամենատարբեր հարցերում օգնել է ազգակիցներին։ Հետագայում, զգալով իր գլխին կուտակվող մութ ամպերը, իր ընտանիքի բեռները գաղտնի ճանապարհով ուղարկել է Հալեպ և մի օր էլ վերադառնալով Կ. Պոլսից, հավաքել է ընտանիքը ու ծածուկ հեռացել Խարբերդից։ Այդպես գաղթելով՝ հասել են Տիգրանակերտ (Դիարբեքիր), Մարդին, Հալեպ, Բեյրութ, Եգիպտոս։
1948 թվականին ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
- Սվազլյան Վերժինե, Հայոց ցեղասպանություն։ Ականատես վերապրողների վկայություններ, Երևան, 2000։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
- Վերոբերյալը բանահավաք Վերժինե Սվազլյանին պատմել է բժիշկ Խորենի որդի Ռոբեր Գալընյանը (ծնված 1912 թ., Խարբերդում)։