Խաչբուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաչբուռ կամ խաչփունջ, ցորենի արտից հնձած առաջին հասկերից հյուսված փունջ, որը նվիրաբերվել է աստվածներին։ Հյուսվել է խաչի տեսքով՝ խորհրդանշելով երկնքի ու երկրի միավորումը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդավառը հայերը նշել են ամռանը, տոնը համընկել է հասունացած արտերը հնձելու շրջանին։ Տոնի օրը հասկերը եկեղեցի էին տանում' աղոթելով ու խնդրելով պահպանել դաշտերը կարկուտից ու մորեխից։ Հասկերը օրհնելիս քահանան ու հասկատերը աղոթել են.

Աղոթք

«Տեր, պահպանիր մեզ
Վարդավառի բուքից ու կարկուտից,
Տերնտասի տաք ու շոգից»։

Բասենում առավոտյան եկեղեցու բեմը և սեղանը զարդարել են վարդի և այլ ծաղիկների փնջերով։ Տարեցները հանգանակություն էին անում մատաղացուի համար։ Մատաղ են արել, որպեսզի դաշտերն ու բերքը պահպանեն երաշտից ու բնական այլ աղետներից։

Տավուշում աղջիկները տոնի նախորդ օրը ցերեկը շրջել են դաշտերում, հավաքել «վրթիվերի» կոչվող դեղնագույն ծաղիկը, խաչաձև փնջեր արել և գիշերը թաքուն նետել իրենց հարազատների բակը։ Նշանված աղջիկները խաչ-փնջերից ծաղկե «կսկարանք» են պատրաստոել(օջախին դրվող եռոտանու նման) և ընկերուհիների միջոցով ուղարկել փեսացուի ընտանիքին։ Կսկարանքը զարդարել են քաղցրեղենով։ «Խաչբուռերը» ցորենի հասկից հատուկ ձևով հյուսված փնջեր էին։ Դրանք հիշեցնում էին կնոջ արտաքինը։ Խաչբուռերը պատրաստել են հնձվորները՝ հունձն սկսելուց առաջ կամ վերջացնելուց հետո։ Նվիրել են արտի տիրոջը։ Խաչբուռի մեջ որոշ ուսումնասիրողներ տեսել են բերքի հովանավոր Անահիտ աստվածության կերպարն ու պաշտամունքի թաքնված պահպանվածությունը հայերի կենցաղում։ Խաչբուռերի տեսակները տարբեր են եղել՝ ըստ հյուսողի վարպետության ու հմտության, ճաշակի։ Գյուղերում տարբերվող ու սիրուն խաչբուռ գործողների անունները բոլոր գիտեին։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչբուռը, կսկարանքն ու խաչփնջերը նվեր ստացողները որպես օրվա գլխավոր զարդ ու խորհրդանիշ՛ դրել են ցորենի և ալյուրի ամբարին։ Այն պահպանել են մինչև հաջորդ տարվա Վարդավառը։ Խաչբուռը նվիրողն ասել ՝«բերքը բարի ա»։ Տանտիկինն օրհնել ու բարի մաղթանքներ է ասել, ի պատասխան գաթա ու ձվածեղ է խոստացել[1]։ Արցախում պահպանվել են երգեր, որոնցում հիշատակված է խաչբուռը․

Արաբանե

Արաբանե, Արաբանե,
Օժ տո բալաս թևեր անե,
Վեսկե հինի մազին անի,
Խաչբուռ շինի տոշին տնի,
Արև տեռնա, արև անե,
Արաբանե, Արաբանե[2]։

Վարդավառի առավոտյան կատարվել է «ծաղկափայի» հավաքը' խաչփնջեր բաժանած աղջիկները շրջել են տնից տուն և իրենց նվիրաբերած ծաղկեփնջերի դիմաց ստացել նվերներ՝ կաթնամթերք, ձու, քաղցր անուշեղեն։ Այս ամենով կազմակերպել են աղջկական խնջույք։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրանուշ Խառատյան, Առաքելյան, «Հայ ժողովրդական տոները», երկրորդ լրամշակված հրատ․, Երևան, 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ․Նահապետյան,Հայոց գյուղական մշակույթի հիմնական համալիրները, Երևան, 2022, էջ 120
  2. Հ․ Խառատյան-Առաքելյան, Հայ ժողովրդական տոները, Երևան, 2005, էջ 205
Ընթերցե՛ք «խաչբուռ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
«Խաչբուռ», Դանիել Վարուժան