Խաչակենտրոն
Խաչակենտրոն, եկեղեցական ճարտարապետության մեջ գլխավոր նավի և տրանսեպտի հատման տեղը, որտեղ խաչ է առաջանում։
Եկեղեցու ավանդական ուղղվածության դեպքում խաչակենտրոնով կարելի է անցնել արևմտյան նավ, հարավային և հյուսիսային տրանսեպտներ և եկեղեցու արևելյան մասում գտնվող այն հատվածը, որ նախատեսված է երգչախմբի համար։ Խաչակենտրոնը հաճախ նշանավորվում է աշտարակով կամ գմբեթով, ընդ որում աշտարակները բնորոշ են ռոմանական և գոթական տաճարներին, իսկ գմբեթները` Վերածննդի շրջանի տաճարներին։
Քանի որ խաչակենտրոնը բաց է բոլոր չորս կողմերի ուղղությամբ, աշտարակի կամ գմբեթի ծանրությունն ընկնում է անկյունների վրա. այդ իսկ պատճառով հուսալի կառույցի ստեղծումը ճարտարապետներից և շինարարներից պահանջում է որոշակի վարպետություն։ Նախկին հարյուրամյակներում տաճար կառուցողների չափից մեծ հավակնությունները նմանատիպ կառույցների փլուզման առիթ են դարձել[1]։
Հատման բնույթից կախված` առանձնացնում են խաչակենտրոնի երկու տեսակ։ Առաջինի դեպքում նավն ու տրանսեպտը ունենում են հավասար բարձրություն, իսկ գմբեթի տակ գտնվող ուղղանկյունն ունենում է չորս նմանատիպ կամարներ։ Երկրորդ տեսակը ցածր տրանսեպտով խաչակենտրոնն է, որ բնորոշվում է ավելի ցածր, նեղ կամարներով, որոնք հստակ բաժանում են նավը, տրանսեպտն ու երգչախմբի համար նախատեսված հատվածը։
Գմբեթը կամ աշտարակը կարող են ունենալ լուսամուտներ` ձևավորելով լապտեր։ Վաղ միջնադարում խաչակենտրոնի ուղղանկյունը տաճարի նախագծման մեջ հաճախ օգտագործել են որպես չափման միավոր. նավի և տրանսեպտի երկարությունը եղել է խաչակենտրոնի ուղղանկյան կողմի բազմապատիկը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աշտարակով խաչակենտրոն, Քենթերբերիի տաճար
-
Աշտարակը խաչակենտրոնի վրա, Փարիզի Աստվածամոր տաճար
-
Սուրբ Պետրոսի տաճարը` խաչակենտրոնում գմբեթով
-
Սոլսբերիի տաճարը` խաչակենտրոնում աշտարակով
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Прина Франческа, Демартини Елена 1000 лет мировой архитектуры. — М.: Омега, 2008. — 432 с. — ISBN 9785465016827
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pevsner, Nikolaus (1977) [1954], The buildings of England: Cambridgeshire (2nd ed.), Penguin books, pp. 340, 355, ISBN 0-14-071010-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչակենտրոն» հոդվածին։ |
|