Jump to content

Սոլսբերիի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլսբերիի տաճար

Սոլսբերիի տաճար (անգլ.՝ Salisbury Cathedral), գոթական ոճով տաճար անգլիական Սոլսբերի քաղաքում՝ նվիրված Աստվածամորը։ Կառուցվել է 38 տարվա ընթացքում։ Անգլիական գոթիկայի փայլուն օրինակ է։

Սոլսբերիի տաճարի նախատիպը 1190 թվականին կառուցված նորմանյան տաճարն է Հին Սարում (անգլ.՝ Old Sarum) քաղաքում, որն այժմ գոյություն չունի. հին քաղաքը գտնվել է ժամանակակից Սոլսբերիից 2 մղոն հեռավորության վրա։ 1219 թվականին Ուիլթշիրի շերիֆի և Սոլսբերիի եպիսկոպոսի մեջ եղած տարաձայնության արդյունքում թեմական կենտրոնը տեղափոխվում է մոտակա հարթավայր, որտեղ սկսվում է նոր տաճարի կառուցումը։ Կառույցի շուրջը արագ սկսում է նոր քաղաք կառուցվել՝ Նոր Սարումը։ Արդյունքում հին քաղաքը հետզհետե անկում է ապրում, մանավանդ որ հին քաղաքի տների պատերը որպես շինանյութ օգտագործվում են նոր քաղաքի շինարարության մեջ։ Եթե հին եկեղեցին տեղավորված էր ոչ մեծ ամրոցի սահմաններում, ապա նոր տաճարը կառուցվում էր ընդարձակ տեղանքում՝ որպես նախատիպ ունենալով Լինքոլնի գոթական տաճարը։ Նոր Սարում քաղաքը ստանում է Սոլսբերի անունը։

Մայր տաճարի կառուցումը աննախադեպ արագ է կատարվել. հիմնարկեքը եղել է 1220 թվականին, իսկ արդեն 1258 թվականին տեղի է ունեցել օծման արարողությունը։ Սկզբնական փուլում շինարարությունը ղեկավարել են եպիսկոպոս Ռիչարդ Պուրը և ճարտարապետ Էլիաշ Դերհեմը։ Ստորգետնյա ջրերին դիմակայելու համար տաճարի հիմքը խորացվել է չորս ֆուտով։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ամեդել Պիշոն հիացմունքով գրել է.

Եկեղեցու գմբեթը հենված է ընդամենը մեկ մույթի վրա, որի խոյակները արմավենու պսակ են հիշեցնում։

Տաճարի արևելյան մասից արևմտյան մասին նայելիս աչքի է ընկնում օգտագործված շինարարական նյութերի գեղեցիկ համադրությունը։ Բաց գույնի կրաքարը հակադրվում է նուրբ որմնասյուներին, մուգ, փայլուն, մարմարանման նյութից (պուրբեկյան մարմար) պատրաստված խոյակներին ու լուսամոտագոգերին[1]։

1320 թվականին ավարտված սրաձողը ամենաբարձրն է եղել Անգլիայում մինչև 1400 թվականը. այն ունի 123 մետր բարձրություն։ Տաճարում զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող արժեքավոր դրվագներից են կաղնու սև գերանները, որոնք պահպանվել են 1240 թվականից։ Գերանների վրա քրիստոնեական Եվրոպայում արաբական թվերի ամենահին փորագրություններն են (գերանների համարակալման համար օգտագործվել են 1, 2, 3 և 4 թվերը, ինչպես նաև N և Ф տառերը)[2]։

Բացի ամենաբարձր սրաձողից և կառուցման արագությունից՝ տաճարը առաջինն է եղել մի քանի այլ հատկանիշներով.

  • 1386 թվականին պատրաստված ժամացույցը աշխատող ամենահին ժամացույցի մեխանիզմն է աշխարհում[3]։
  • Տաճարի բացօթյա սյունաշարը (կլուատր) ամենամեծն է Անգլիայում։
  • 1445 թվականին եկեղեցուն կից բացվել է գրադարան, որում պահվում է «Ազատությունների մեծ խարտիա» գրքի պահպանված չորս օրինակներից մեկը։ Գիրքը օրենսդրական առաջին փաստաթուղթն է Անգլիայում, որով սահմանափակվում են արքայական իրավունքները։

Պատահական չէ, որ լրագրող Միխայիլ Դևլետկամովը գրել է.

Սթոունհենջը և Սոլսբերիի տաճարը Ուիլթշիրի թանկարժեք մասունքներն են։ Եվրոպական երկու մեծագույն հուշարձանների հարևանությունը ապշեցուցիչ է։

Սակայն 17-րդ դարում` Օլիվեր Կրոմվելի օրոք, Սոլսբերիի տաճարը մեծ վնաս է կրել` պղծվելով մոլեռանդ պուրիտանների կողմից։

Դրսևորումը արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եպիսկոպոսի այգուց Սոլսբերիի տաճարի տեսարանը պատկերված է Ջոն Կոնստեբլի նշանավոր կտավում։
  • Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլյամ Գոլդինգի «Սրաձողը» վեպը նվիրված է տաճարի սրաձողը բարձրացնելուն, իսկ գլխավոր հերոսի նախատիպը եղել է Սոլսբերիի եպիսկոպոս Ջոսլին դե Բոհոնը (անգլ.՝ Josceline de Bohon, 1111-1184)։
  • Սոլսբերիի տաճարը «Երկրի սյուները» սերիալի (2010) եկեղեցու նախատիպն է։
Տաճարի արտաքին տեսքը Տաճարի հատակագիծ Ինտերիեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Начиная с XII века популярность «пурбекского мрамора» среди английских зодчих неуклонно росла.
  2. Т.е. в Европе «за вычетом» средневековой Южной Испании, контролировавшейся арабами.
  3. Здесь, впрочем, необходима оговорка: долгое время сей часовой механизм был забыт и только в 1928 году обнаружен в довольно плохом состоянии. Несколько лет спустя механизм был успешно отреставрировн. См.: The Guinness Book of Records. ISBN 9780851128689. Стр. 146.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլսբերիի տաճար» հոդվածին։