Լևոն Մուրադով (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Մուրադով
Ծնվել է1893
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Վախճանի վայրըանհայտ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ

Լևոն Մուրադով (Մուրադյան),(1893, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - անհայտ, անհայտ), Ֆրանսահայ քանդակագործ, ռեալիստ արվեստագետ, հիմնականում հետևել է դիմաքանդակի ժանրին։

Կյանք և ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Մուրադյանը ծնվել է 1893 թվականին՝ Թիֆլիսում, այստեղից մեկնել է Փարիզ 1926 թվականին, ուսանել է Է․Ա․Բուրդելի մոտ, ապա աշխատել Շ․Դեսպիոյի ղեկավարությամբ[1]։ Պատանեկան և վաղ երիտասարդության տարիների մասին քիչ բան է հայտնի։ Ապրելով Փարիզում՝ Մուրադովը հետևել է դիմաքանդակի ժանրին, նաև ստեղծել է կանանց մերկ մարմիններ՝ քանդակի և գծանկարի ձևով։ Նկարել է նաև պեյզաժներ՝ գունանկարի ժանրում։ Ամբողջ կյանքում արարելով Փարիզում՝ չի կրել այնտեղ տարածված որևէ ուղղության, որևէ արվեստագետի ազդեցությունը։ Նա պահպանել է իր անհատականությունը։ Դիմաքանդակի ժանրում Մուրադովը ռեալիստ է, պահպանել է կերպարի անհատականությունը, նմանությունը, հուզական ապրումները։ Նրա ստեղծած կերպարները տարբերվող են, ճշմարտացի։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա դիմաքանդակները կատարվել են գլխաքանդակի ձևով, տարբեր ծեփվածքով։ Վաղ գործերում առանձնացել է «Ինքնադիմաքանդակը»։ Այս քանդակը արտահայտիչ է, դիմագծերը թվում են կենդանի, շնչավորված։ Դեմքի ուրվագծերը պլաստիկ են ու ճշգրիտ մշակված, նաև դեմքի ողորկ մասերը, ականջի ռելիեֆը, գեղանկարչորեն ծեփված այտերը, ճակատը, ակնախոռոչներն ու պարանոցը։ Նրա գործերում առաջնային տեղ է տրված բովանդակությանը։ «Գյոթեի գլխաքանդակը» մշակված է դասական ձևով։ Բնորդից քանդակելու սովոր արվեստագետը ստեղծել է Գյոթե մտավորականի կերպարը, կտավը կարելի է որակել որպես «արձանացած միտք»։

«Շոթա Ռուսթավելու գլխաքանդակը» ստեղծվել է երևակայությամբ, հարազատ է մնացել Ռուսթավելու հայրենիքում ստեղծված դիմաքանդակներին։ Պակասում է միայն կենդանի մոդելից արված քանդակին բնորոշ դիմագծերի պլաստիկան։

«Բեթհովենը» քանդակը կատարված է բարձրաքանդակի ձևով։

  • Տիկին Ռենե Գրեյնեդերի դիմաքանդակը յուրօրինակ մի աշխատանք է, որը տարբերվում է կերպարի կենդանի արտահայտությամբ։ Այստեղ պահպանված է կնոջ նկարագրի կենսունակությունը։ Կերպարը աչքի է ընկնում մանկան անմեղությամբ, դեմքը ժպտուն է, դիմագշերը նուրբ են։
  • «Տիկին Կուրշիդի գլխաքանդակը» պատկերել է մարդամոտ, անմիջական ու ազնիվ անհատի կերպար։ Յուրօրինակ են գլխի դրվածքը, ժպտուն, խոսուն արտահայտությամբ դիմագծերը։ Այս ամենը վկայում է, որ հեղինակը կարողաացել է արագ կողմնորոշվել ու համարձակորեն աշխատել։
  • «Ալիսայի գլխաքանդակը» պատկերել է քանդակագործի կնոջը՝ Ալիսային։ Կինը այստեղ պատկերված է համարձակ, աշխույժ, գործունյա բնավորությամբ։ Աչքերը, սլացիկ հայացքն ու գլխի վստահ շարժումը փոխանցում են մեծ էներգիա[2]։
  • «Երիտասարդ աղջկա դիմաքանդակը» աշխատանքում մշակումը կատարվել է ռելիեֆային փափկությամբ, դիմագշերի մեղմ անցումով, կերտված է սպիտակ մարմարից, մշակման եղանակը հարթ է, այս ամենը ընդգշել է կերպարի ներդաշնակ ու մեղմ, համեստ բնավորությունը։

1948 թվականին Մուրադովը մեկնել է Եգիպտոս։ Այստեղ արված քանդակները աչքի են ընկնում տեխնիկայի բազմազանությամբ։

  • «Նեգրուհու դիմաքանդակը» աշխատանքում ճշգրիտ ներկայացված է նեգրուհու դեմքի կառուցվածքը՝ հաստ շուրթեր, քթի ու ճակատի յուրահատկությունը, այտերի ընդգծվածությունը, գանգուր մազերը։ Կերպարն աչքի է ընկնում ռեալիստորեն մշակված դիմագծերով, աշխատել է մանր ծեփվածքով։
  • «Աղջկա գլխաքանդակը» աշխատանքում պատկերված է եգիպտուհի։ Պատանի աղջկա նկարագիրը շատ պարզ է, աչքերի շնորհիվ արտահայտվել է այդ տարիքին հատուկ երեխայի հետաքրքրասիրությունը։
  • «Դոկտոր Սամի Հարդատ» գործը լավագույններից է Մուրադովի աշխատանքների ցանկում։ Կերպարի անձնավորությունը արաբ գիտնական է։ Դիմագծերը պատկառելի են, լուրջ ու ինքնամփոփ։ Դիմագծերը մշակված են դեմքի պլաստիկ ձևերի մեղմ անցումներով։
  • «Վարպետ Վիկտոր Հաքիմի դիմաքանդակը» այստեղ Մուրադովը խտացրել է կյանքի փորձով իմաստնացած մարդու հատկությունները։ Ընդգծված են անգամ կնճիռները։
  • « Նկարիչ Բենատովի դիմաքանդակը» ներկայացնում է մտախոհ մտավորականի կերպարը։ Դեմքը խաղաղ է, ոչ մի մկան չի շարժվում։ Փափուկ մշակումով ծեփել է դիմագծերը, դեմքի մասերը։

Մուրադովը ստեղծել է նաև կանանց մերկ մարմինների արձաններ։ Այդ մերկ ֆիգուրները ինքնաստեղծ են, կատարվել են դասական ոճով, դրանցից են՝

  • «Ցանկություն»
  • «Մարմարանման պատանուհին»
  • «Ծնկաչոք կինը»
  • «Միջերկրականը»
  • «Երիտասարդ կինը նստած»

Մուրադովի ստեղծագործուոյուններում առանձնանում է «Անդրանիկ զորավարի հեծյալ արձանը», որը դրված է Փարիզի Պեր-Լաշեզ գերզեմանատանը՝ Անդրանիկի գերեզմանին։ Արձանը ներկյացնում է Անդրանիկ զորավարին՝ ձիուն նստած, պատրաստ գրոհի։

Գծանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադովը նաև ստեղծել է նկարչական արվեստի գործեր։ Դրանք սակայն կրել են Վերածնության և ժամանակակից նկարիչների ազդեցությունը։ Մուրադովի կատարմամբ հայտնի են հետևյալ գործերը՝

  • «Կեցվածք»
  • «Երազանք»
  • «Սլավյան»
  • «Մելամաղձություն»
  • «Ընթերցանություն»
  • «Կատու-փիսիկ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարտիկյան, Եղիշե (1987). Հայկական կերպարվեստի պատմություն, Գիրք Դ. Երևան. էջեր 202–203.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Եղ․ Մարտիկյան, նշվ․ աշխ․, էջ 204։