Լեոպոլդը սլովեն նկարիչ և քանդակագործ Մարկո Լայերի որդին է։ Հենց հորից էլ առել է նկարչության իր առաջին դասերը։ Հետագայում մասնագիտական կրթություն չի ստացել և ուսման թերին լրացրել է ինքնակրթությամբ, նկարչական իր հմտությունները զարգացրել ու կատարելագործել է գերմանացի ու իտալացի վարպետների գործերը կրկնօրինակելով։ Հոր մահից հետո՝ 1808 թվականից, տնօրինել է ընտանեկան արվեստանոցը։ Ժամանակակիցների շրջանում լայն ճանաչման է արժանացել ոչ միայն իր հեղինակած սրբապատկերների ու աշխարհիկ թեմաներով ստեղծագործությունների, այլև Նապոլեոն Բոնապարտի տիրապետության տարիներին կատարած դրամանենգության փորձի, բռնվելու և բանտարկվելու արդյունքում[3]։ Ավանդազրույցի համաձայն՝ բանտարկության տարիներին երդվել է, որ ազատվելու դեպքում կպատկերազարդի Բրեզիեի Աստվածամոր բազիլիկը և, իրոք, 1814 թվականին ազատություն ստանալով՝ կատարել է խոստումը։ Սակայն արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով նա այդ աշխատանքը կատարել է նախքան իր բանտարկվելը՝ 1800 թվականին[4], այսինքն՝ մատուռի շինարարության ավարտին։ Մասնագետները Լեոպոլդ Լայերի՝ աստվածաշնչյան թեմաներով ստեղծած նկարներից հիշատակության արժանի են համարում հատկապես «Մարիամի օգնությունը» և «Վերոնիկան՝ Հիսուսի վարշամակով» գործերը, աշխարհիկ թեմաներով նկարներից՝ «Ինքնանկար կնոջ հետ» և «Վիրաբույժ Հայնեի ընտանիքը» աշխատանքները։
Լեոպոլդ Լայերը համարվում է բարոկկո ոճով ստեղծագործած վերջին անվանի նկարիչը սլովենական կերպարվեստի պատմության մեջ, նկարիչ, ով միաժամանակ քայլ է կատարել այդ ասպարեզում ռեալիզմի տարրեր ներմուծելու, արմատավորելու ուղղությամբ[7][7]։ Նրան աշակերտել, նրանից վարպետության դասեր են առել Յ. Էգարտները, Մ. Գորիննիկը, Գետցլ տոհի նկարիչներից երկուսը[3]։