Jump to content

Լեոնիդ Չեռնիշով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Չեռնիշով
Դիմանկար
Ծնվել էմարտի 15 (27), 1875
ԾննդավայրՍուխոբուզիմսկոե (գյուղ, Սուխոբուզիմսկի շրջան), Կրասնոյարսկի երկրամաս, ԽՍՀՄ
Մահացել է1932
Մահվան վայրԿրասնոյարսկ, Արևելյասիբիրյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրրորդության գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտությունճարտարապետ
 Leonid Chernyshyov Վիքիպահեստում

Լեոնիդ Ալեքսանդրովիչ Չեռնիշով (ռուս.՝ Леонид Александрович Чернышёв, մարտի 15 (27), 1875, Սուխոբուզիմսկոե (գյուղ, Սուխոբուզիմսկի շրջան), Կրասնոյարսկի երկրամաս, ԽՍՀՄ - 1932, Կրասնոյարսկ, Արևելյասիբիրյան շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ճարտարապետ, նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Ալեքսանդրովիչը ծնվել է 1875 թվականի մայիսի 15-ին (28) Ենիսեյան նահանգի Սուխոբուզիմսկ գյուղում։ Հայրը գյուղացի էր, մայրը՝ քահանայի դուստր[1]։

Վասիլի Սուրիկով. «Երիտասարդ Լեոնիդ Չերնիշևի դիմանկարը», կտավ/յուղաներկ, Կրասնոյարսկի գավառագիտական թանգարան

1880 թվականին Չեռնիշովների ընտանիքը տեղափոխվել է Կրասնոյարսկ։ Գիմնազիայում սովորելու ընթացքում Չեռնիշովը մտերմացել է նկարիչ Դմիտրի Ինոկենտևիչ Կարատանովի հետ, և Կարատանովների տանը բնակվող նկարիչ Մ. Ա. Ռուդչենկոյի ազդեցության շնորհիվ սկսել է հետաքրքրվել գեղանկարչությամբ։ Այդ հետաքրքրությունները խրախուսվել են Վասիլի Սուրիկովի կողմից, ով Լեոնիդին ճանաչել է մանկուց, ընկերություն է արել նրա հոր հետ, իսկ հետագայում՝ հենց Լեոնիդ Ալեքսանդրովիչի հետ։ Սուրիկովի խորհրդով Չեռնիշովը 1892 թվականի աշնանը մեկնել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի (ՄՆՔՃՈՒ) ճարտարապետական բաժինը։ Նրա հետ միաժամանակ ՄՆՔՃՈՒ-ում սովորել են Մոսկվայի ապագա գլխավոր ճարտարապետ Ս. Ե. Չերնիշևը և Կուզմա Պետրով-Վոդկինը։ Չերնիշևը 1901 թվականին ավարտել է ՄՆՔՃՈՒ-ն և ստացել համապատասխան դիպլոմ։ 1903 թվականին Լեոնիդ Ալեքսանդրովիչը որոշել է շարունակել իր ճարտարապետական կրթությունը և ընդունվել է որպես ազատ ունկնդիր, այնուհետև որպես ուսանող Սանկտ Պետերբուրգի կայսերական արվեստի ակադեմիային կից Բարձրագույն գեղարվեստական ուսումնարան՝ պրոֆեսոր Ալեքսանդր Պոմերանցևի դասարանում։ Որպես պրակտիկանտ՝ Չեռնիշովը 1904 թվականին մասնակցել է Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի կառուցմանը և կահավորմանը։ 1905 թվականին մեկնել է Ռուսաստանի հարավ՝ բնապայմաններում գեղարվեստական ստեղծագործություններ ստեղծելու համար։ 1906 թվականին վերադարձել է Կրասնոյարսկ՝ առանց ուսումն ավարտելու։

1909-1910 թվականներին Կրասնոյարսկում կառուցել է Առևտրական ընկերության տունը, նախագծել է խանութներ, ամառանոցներ և Շիրա լճի հանգստավայրի մասնաշենքերը։ 1910 թվականի հունվարի 27-ին Կրասնոյարսկում բացվել է Սիբիրում առաջին նկարչական դպրոցը՝ քառամյա ուսումնառության ժամկետով։ 1910 թվականի մարտի 10-ին Ենիսեյի նահանգապետ Յակոբ Բոլոգովսկին Չեռնիշովին նշանակել է Կրասնոյարսկ քաղաքի նկարչական դպրոցի վարիչ-մանկավարժ։ Այստեղ ուսուցիչ է նշանակվել Դմիտրի Կարատանովը[2]։

1910-1913 թվականներին Չեռնիշովը եղել է քաղաքային դումայի անդամ, այնուհետև չորս տարի՝ դումայի իրավասու, ժողովրդական թատրոնի տնօրինության և ուսումնական հանձնաժողովի անդամ։ 1910-1911 թվականներին Լեոնիդ Ալեքսանդրովիչը նախագծել և կառուցել է տաղավարներ Օմսկում Առաջին Արևմտա- Սիբիրական գյուղատնտեսական և արդյունաբերական ցուցահանդեսի համար։ Չեռնիշյովի նախագծերով կառուցվել են հետևյալ տաղավարները՝ «Գիտական», «Անտառային», «Մեքենայական», «Կաթնային», «Վերաբնակեցման» և ցուցահանդեսային քաղաքի գլխավոր դարպասը։ Տաղավարներից մեկը նախագծվել է «եգիպտական ոգով», այդ նախագիծը կարելի է անվանել Կրասնոյարսկի գավառագիտական թանգարանի շենքի նախակարապետը։ Այդ աշխատանքի համար Չեռնիշովը ստացել է 11 հազար ռուբլի հոնորար, որը նրան հնարավորություն է տվել սեփական քարե տուն կառուցել Կրասնոյարսկում։

1912 թվականին Կրասնոյարսկի քաղաքային դուման ստեղծել է երկրագիտական թանգարանի շենքի կառուցման կոմիտե։ Շինարարության համար ընտրվել է Չեռնիշովի նախագիծը։ Լեոնիդ Ալեքսանդրովիչը համաձայնվել է շենքը նախագծել անվճար և վերահսկել աշխատանքների ընթացքը։ 1920 թվականին Լեոնիդ Ալեքսանդրովիչը տեղափոխվել է նահանգային ժողտնտխորհի պետական կառույցների բաժին։ Պոլիտեխնիկի շինարարական բաժնում դասավանդել է նկարչություն և շինարարական գծագրություն։

Լեոնիդ Ալեքսանդրովիչը մահացել է 1932 թվականին Կրասնոյարսկում։ Թաղված է Տրոիցկի գերեզմանատանը։

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրասնոյարսկում
  • Իր սեփական տուն-կալվածքը 1906-1912 (Մարկովսկու փողոց 21),
  • Տոկարևի տունը (Խաղաղության պողոտա 76),
  • Նոտար Իցինի առանձնատունը (Կիրովի փողոց 25),
  • Առևտրականների ակումբը (Խաղաղության պողոտա, 71),
  • Հոգևոր ուսումնարանի բազմաբնակարան շենքը (Խաղաղության պողոտա 98) 1914,
  • Երկրագիտական թանգարանի շենքը (1912),
  • Կրասնոյարսկի մոտ գտնվող Ուսպենսկու մենաստանի եկեղեցու նախագիծ (1914, օծվել է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին)։
  • Նախագծել է Ալեքսանդրովսկի բուլվարը Ենիսեյի առափնյա տարածքում։ Բուլվարի շինարարությունը տևել է 1911 թվականից մինչև 1914 թվականի մայիսի 20-ը։

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չերնիշովը Կրասնոյարսկում շատ հետաքրքիր տներ է կառուցել, ինչի արդյունքում փոխվել է նրա արտաքին տեսքը։
Այս քաղաքում տարօրինակ կերպով բարձրանում է թանգարանի նոր շենքը, որը կառուցված է եգիպտական ոճով շատ պերճաշուք է և զարդարված եգիպտական զարդաքանդակներով։ Կրասնոյարսկի որոշ բնակիչներ հիացած և զարմացած են, թե ինչու է Ենիսեյի ափին կառուցվել շինություն, որը տեղափոխվել է Նեղոսի ափից և ինչու Կրասնոյարսկի ընդարձակ տարածաշրջանի երկրագիտական հավաքածուները պետք է տեղավորվեն եգիպտական պատերի մեջ։ Սակայն , դա մեծ խնդիր չէ։ Ճիշտ է, թվում է, որ այդ թանգարան-տաճարը մի փոքր մրսում է ցրտաշունչ Ենիսեյի սառույցներից, բայց ընդհանուր առմամբ այն շատ գեղեցիկ է ...:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ю. И. Гринберг «Л. А. Чернышев — архитектор и строитель здания Красноярского музея». Век подвижничества. // Красноярское книжное издательство, 1989. ISBN 5-7479-0249-0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. M.Tereshkova. «Чернышев Леонид Александрович» (ռուսերեն). www.krasplace.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. Красноярская Городская Рисовальная школа

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]