Լեբապի վելայաթ (թուրքմ.՝ Lebap welaýaty) շրջան է (վելայաթ) Թուրքմենստանի հյուսիսարևելյան մասում։ Բաժանվում է 8 շրջանի։ Ունի 15 քաղաք։ Վարչական կենտրոնը՝ Թուրքմենաբադ:
Լեբապի վելայաթը գտնվում է Ամուդարյայի միջին հոսանքի երկու ափերին։ Ձախափնյա մասում տարածվում են Կարակումի անապատները, որին ծայր հարավ–արևմուտքում հարում է Կարաբիլ բարձրության հյուսիսային եզրը։ Աջափնյա մասի հյուսիս–արևմուտքում Կըզլկումի անապատի եզրն Է, կենտրոնում՝ Սունդուկլիի ավազուտները, հարավ–արևելքում՝ Կուգիթանգթաու լեռնաշղթան (3139 մ)։ Կլիման ցամաքային Է, ծայրահեղ չորային: Հուլիսի միջին ջերմաստիճանը 29,5°С Է, հունվարինը՝ –4°С–ից 2°С։ Տարեկան տեղումները հյուսիսում 100 մմ են, հարավ–արևելքում՝ 160 մմ։ Վեգետացիայի շրջանը 203– 235 օր Է։ Խոշոր գետը Ամուդարյան Է։ Տիրապետում են մոխրագույն, աղուտային հողերն ու թաքիրները, Ամուդարյայի հովտում՝ ալյուվիալ մարգագետնային, ոռոգվող, լեռներում՝ լեռնաշագանակագույն և լեռնամարգագետնային հողերը։ Բուսականությունը աղքատ է (ավազային բոշխ, սպիտակ սաքսաուլ և այլն)։ Ամուդարյայի հովտում տոլգայներ են (ողողատային անտառներ)։ Բնորոշ կենդանիներ են ջեյրանը, տափաստանային և բարխանային կատուն, աղվեսը, գայլը, վարազը։ Կան թռչուններ, կրծողներ, սողուններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 674)։