Լարիսա Լազուտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարիսա Լազուտինա
Лазутина Лариса Евгеньевна.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Лариса Лазутина
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 1, 1965(1965-06-01) (57 տարեկան)
Ծննդավայր՝Կոնդոպոգա, ԽՍՀՄ
167 սմ
Քաշ՝57 կգ

Լարիսա Եվգենևնա Լազուտինա (ռուս.՝ Лариса Евгеньевна Лазутина, օրիորդական ազգանունը՝ Պտիցինա (Птицына), հունիսի 1, 1965(1965-06-01), Կոնդոպոգա, ԽՍՀՄ), ռուս դահուկորդուհի, Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1987), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1994)։ Ռուսաստանի Դաշնության հերոս (1998)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա Լազուտինան ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին Կարելական ԻԽՍՀ Կոնդոպոգա քաղաքում, բանվորի ընտանիքում։

1972 թվականին ընդունվել է Կոնդոպոգայի № 1 միջնակարգ դպրոց։ Հինգերորդ դասարանում սկսել է զբաղվել դահուկային սպորտով Կոնդոպոգայի մանկապատանեկան մարզադպրոցում (նրա առաջին մարզիչներն են եղել Լ. Մելնիկովան, Լ. Յակովլևան և Յու. Յակովլևը)։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Խաբարովսկի ֆիզկուլտուրայի ինստիտուտ, որն ավարտելիս ստացել է մարզիչ-ուսուցչի որակավորում։ Լարիսա Լազուտինան սովորել է նաև Կարելիայի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետում։

1985 թվականին Լարիսա Լազուտինան հաղթել է Շվեյցարիայում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնության 3х5 կմ փոխանցավազքում։ 1986 թվականին նա արժանացել է ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետի կոչման։

1989 թվականին Լարիսա Լազուտինան, լինելով ԽՍՀՄ դահուկավազքի հավաքականի անդամ, տեղափոխվել է Օդինցովո։

1990-1998 թվականների ընթացքում Լարիսա Լազուտինան հինգ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, 11 անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Աշխարհի գավաթի առաջնությունում, բազմիցս ճանաչվել է ԽՍՀՄ ու Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչման։ 1994 թվականին Լիլեհամերեում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ հաջող ելույթներից հետո Լարիսա Լազուտինան պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, իսկ 1998 թվականին Նագանոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ հինգ մեդալ (երեք ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալներ) վաստակելուց հետո նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։

2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Լարիսա Լազուտինան որակազրկվել է խթանիչ օգտագործելու պատճառով։ Նա ստացել էր երկու մեդալ, սակայն զրկվել է 30 կմ մրցատարածությունում վաստակած ոսկե մեդալից խթանիչի օգտագործման վերաբերյալ թեստի դրական արդյունքի պատճառով։ 2003 թվականի հունիսի 29-ին Պրահայում (Չեխիա) Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստում որոշվել է չեղյալ համարել 2001 թվականից հետո Լազուտինայի մարզական բոլոր ձեռքբերումները, որ նա ունեցել է միջազգային մրցություններում։

2002 թվականին Լարիսա Լազուտինային շնորհվել է Ռուսական բանակի մայորի կոչում։

2003-2007 և 2007-2011 թվականներին Լարիսա Լազուտինան ընտրվել է Մոսկվայի մարզային Դումայի պատգամավոր, եղել է Մոսկվայի մարզային Դումայի՝ Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի նախագահ։

2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիան։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։

Եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի անդամ։

2011 թվականին Լարիսա Լազուտինան ընտրվել է Մոսկվայի մարզային Դումայի Օդինցովոյի № 14 շրջանի պատգամավոր «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից, դարձել է Մոսկվայի մարզային Դումայի՝ Կրթության և մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ։

2002 թվականի սեպտեմբերի 6-ին Օդինցովոյի հիմնադրման 45-ին ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում բացվել է Լարիսա Լազուտինայի անունը կրող դահուկային վազքուղին։ Հետագայում այն վերանորոգվել է և ընդգրկվել Ռուսաստանի հերոս Լարիսա Լազուտինայի անվան մարզական հանգստավայրի մեջ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա Լազուտինան ամուսնացած է Գենադի Նիկոլաևիչ Լազուտինի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Ալիսան ու Դանիիլիը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության հերոս (27 փետրվարի, 1998 թվական) - սպորտում ունեցած առանձնակի ձեռքբերումների, 1998 թվականի XVIII Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ցուցաբերած արիության ու հերոսության համար[1]
  • Պատվո շքանշան (3 փետրվարի, 2015 թվական) - օրինաստեղծման ակտիվ գործունեության ու բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[2]
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (22 ապրիլի, 1994 թվական) - 1994 թվականի XVII Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ ձեռքբերումների համար[3]
  • Կարելիայի Հանրապետության ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող (1995)
  • Կարելիայի Հանրապետության պատվավոր քաղաքացի (1999)[4]
  • «Մոսկվայի մարզին մատուցած ծառայությունների համար» գերազանցության նշան (15 դեկտեմբերի, 2008 թվական)[5]
  • Օդինցովոյի պատվավոր քաղաքացի (1999)։ Օդինցովոյի պատվավոր քաղաքացիների ծառուղում տեղադրվել է Լարիսա Լազուտինայի կիսանդրին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 27 февраля 1998 года № 206 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта по итогам XVIII зимних Олимпийских игр 1998 года»(չաշխատող հղում)
  2. Указ Президента Российской Федерации от 03.02.2015 № 48 «О награждении государственными наградами Российской Федерации»
  3. «Указ Президента Российской Федерации от 22 апреля 1994 года № 808 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-04-ին։ Վերցված է 2016-05-26 
  4. Лучшим людям Карелии
  5. Постановление губернатора Московской области от 15 декабря 2008 года № 170-ПГ «О награждении наградами Московской области»(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 2: К — П. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2009. С. 134—464 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0125-4 (т. 2)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hero of the Russian Federation medal.png Լարիսա Լազուտինա «Երկրի հերոսներ» կայքում