Իտալիան և Հայկական հարցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իտալիան և հայկական հարցը Իտալիայի արտաքին քաղաքականության ոլորտ է մտել 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից և 1878 թ.-ի Սան Ստեֆանոյի պայմանագրում արտացոլվելուց հետո։ Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունը նրա քայքայման սպառնալիք էր ստեղծում, և Իտալիան երկյուղում էր զրկվել Միջերկրական ծովի շրջակայքում իր առավելություններից, եթե տերություններից որևէ մեկը իր ազդեցությունն ուժեղացներ Բալկանյան թերակղզում։ Այդ իսկ պատճառով Իտալիան դեմ էր արտահայտվում Սան Ստեֆանոյի պայմանագրին, բայց զերծ էր մնում հակառուս, խմբավորման մեջ մտնելուց։ 1878 թ.-ի մարտին Մեծ Բրիտանիայի կառավարությունը Հռոմի իր դեսպանին ցուցում է տվել՝ ներազդել իտալական կառավարության վրա, որպեսզի նա միանա Մեծ Բրիտանիային, Ավստրո-Հունգարիային և Հունաստանին՝ Միջերկրականում ու Սևծովյան նեղուցների շրջանում իրենց առևտրական ու քաղաքական շահերը «պաշտպանելու» համար։ Իտալիայի արտգործնախարար Ի. Կորտին մերժել է՝ պատճառաբանելով, թե Իտալիան չեզոքություն է պահպանում եվրոպական գործերում։ Բացի այդ, Իտալիան ձգտում էր թույլ չտալ Ավստրո Հունգարիայի ազդեցության ուժեղացում Օսմանյան կայսրությունում և, մասնավորապես, Բալկաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։