Jump to content

Իսպանական հագուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Մանե, «Պատանին մախո հագուստով»

«Իսպանական հագուստ» (առավել տարածված՝ «Իսպանական տարազ»), տերմին, որը վերաբերում է 15-19-րդ դարերում իսպանական նորաձևության ինքնաբուխ մշակույթի ժամանակաշրջանին։ Առավել նեղ իմաստով այն ներառում է կոշտ կարկասային կոստյումներ, որոնք ընդունված էին իսպանական հաբսբուրգների կայսերական տան օրորք՝ 16-17-րդ դարերում և որոնց ոճը էական ազդեցություն է ունեցել այլ եվրոպական թագավորական տների նորաձևության վրա։

Ազգային տարազ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական ազգային հագուստը, այն տեսքով, որով գեղարվեստական մշակույթի մաս ճանաչվեց, ձևավորվել է 13—19-րդ դարերում։ Դրա ի հայտ գալուն նպաստել է մախոների մշակույթը։ Մախոները հասարակ ժողովրդի շրջանում իրենց իսպանական ծագումը հանդերձանքի միջոցով հատուկ ընդգծող արական սեռի պճնասերներն էին։

Տղամարդկանց տարազ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մախոյի հագուստը բաղկացած էր հետևյալ տարրերից՝

  • կարճ բաճկոն (որը հետագայում ֆրանսիացիների կողմից ստացավ «ֆիգարո» անվանումը),
  • կարճ բաճկոնակ՝ գունազարդ և նախշազարդ,
  • նեղ, ընդգծող նախշազարդ անդրավարտիք, երկարությունը՝ մինչև ծունկը,
  • լաթագոտի, որը գրկում է գոտկատեղը,
  • թիկնոց,
    1922 թվական
  • լայն գոտու ներսում թաքցրած դանակ՝ նավախա,
  • մազերի հավաքման համար հատուկ ցանց,
  • եզրավոր գլխարկ՝ եռանկյուն,
  • ոտնաման՝ ցածր կտրվածքով, ճարմանդով,
  • գուլպա։

Մեր օրերում տղամարդու իսպանական ազգային հագուստի շատ տարրեր պահպանված են իսպանական կորիդաի գլխավոր գործող անձ՝ ցլամարտիկի հանդերձանքի տեսքով։

Կանացի տարազ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական հագուստի կանացի տարբերակում առկա են նույն տարրերը, ինչ իսպանացի պճնամոլուհիների հավաքական կերպար համարվող մախայի հագուստում։ Մախա անվանում էին հասարակ ժողովրդի շրջանում իսպանական ծագումը հանդերձանքի միջոցով ընդգծող արական սեռի պճնասերներ մախոների զուգընկերներին։

Մախայի հագուստը բաղկացած էր հետևյալ տարրերից՝

  • գոտկատեղն ընդգրկող և լայն դարձածալով բաճկոն, որի հետ կորսետ նախատեսված չէ,
  • մանթիլա իսպանական ավանդական գլխաշոր, որը իսպանական կանացի տարազի ամենահայտնի տարրն է առ այսօր,
  • մանթիլան ամրացնելու համար վարսակալ,
  • կիսաշրջազգեստ,
  • հովհար,
  • գլխաշոր՝ հիմնականում եռանկյունու տեսքով։

Մեր օրերում իսպանական կանացի տարազի լավագույն օրինակ է ֆլամենկո պարող կանանց հագուստը։

Բասկյան գյուղացիների հագուստ՝ Վերածննդի դարաշրջանում։ Ունի միջնադարյան բազմաթիվ տարրեր։ Կարճ արտահագուստն ուներ հետ կախվող թևքեր, երկար ծոպքով գլխանոց։ Բասկ գյուղացիները շրջում էին բաց ծնկներով, իսկ ոտքերին հագնում կաշվե գործվածքով գուլպաներ և սանդալներ։

Ազնվականների հագուստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խայմե Ուգե. «Սրբեր Աբդոնն ու Սեննենը», 1460 թվական
Աբդոնը և Սեննենը իսպանական հագուկապի հատուկ կանոններով են զգեստավորված և կրում են թևի նեղ կտրվածքով թիկնոցներ: Թիկնոցների թևքերը հետ են կախված[1]

Ռեկոնկիստայի դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկոնկիստների դարաշրջանում Պիրենեյան թերակղզում ծավալված իրադարձությունները նորաձևության մշակույթի առումով ինքնատիպ են համարվում։ Այդ ընթացքում նույն տարածաշրջանում մեկտեղված էին իսպանական վեսթգոթների միջնադարյան ավանդական հագուստները, ինչպես նաև նկատելի էր արաբական տարազների ազդեցությունը։ Քանի որ մարտերին մասնակցում էին նաև այլ երկրներից ասպետներ՝ տարածում էր ստացել նաև իտալական և ֆրանսիական հագուկապը[1]։

Գոթական հագուստի տարրերը՝

  • կոշիկ՝ երկար գուլպաներով,
  • գլխարկ, օրինակ՝ կապիրոտ,
  • երկար անթև բաճկոնակ։

Տղամարդու իսպանական հագուստի տարրերը՝

  • սոբրերոպա (բառացի՝ «հագուստի վրայից») - տղամարդու արտահագուստն է՝ թիկնոցի տեսքով,
  • աբրիգո,
  • թիկնոց - սովորաբար մի կողմը հավաքվում է ուսին, երկարությունը կախված է կրողի սոցիալական դիրքից
    • բոեմիո - թիկնոց, որի ընդհանուր կտրվածքը շրջանի տեսք ունի։ Դրա երկու կողմերի միացումը նախատեսվում է աջ ուսին՝ միացումը կատարվում է ճարմանդով,
  • կասակա - տոնական հագուստ՝ լայն, երկար հետ ընկնող թևքերով։

Իսպանիայում կանացի տարազի ինքնատիպ տարրերը ի հայտ են եկել հատկապես 15-րդ դարում։ Այդ ժամանակաշրջանի կանացի հագուստն ուներ իրանը նեղ ընդգծելու հատկանիշ։ Գոտկատեղից վեր ու վար հագուստի վրա առաջանում էին շողանման դարսեր։ Կանանց դեպքում վարսերը ուղիղ գծով բաժանվում էին երկու կողմի և միանում մեկ ոլորապտույտ սանրվածքի մեջ (հյուսված մազափնջի տեսքով)։

Իսպանական կանացի հագուկապը ներառում էր՝

  • վեսթիդո (բառացի՝ «շրջազգեստ») - ազատ, երկար, մեկ կտորից կարված հագուստ է։ Կրում են վերնաշապիկի վրայից,
  • կոֆյա դե պապոս - ավանդական կանացի գլխարկ՝ բարակ սպիտակ գործվածքից։ Այն բաղկացած էր երկու մասից՝ վարսակալից, որը գլուխը ծածկում էր ծալազարդ գործվածքով ու կարված էր մետաղական կարկասին, ինչպես նաև ինքնատիպ ծալքերով գլխաշորից,
  • տրենսադո - կանացի գլխազարդ։ Այս դեպքում վարսերի գագաթից ամրացվում է գլխաշոր, որի մեջ փաթաթվում է նաև մազափունջը։ Դրա վրայից էլ մազափունջը փաթաթվում է սև ժապավենով։ Գլխազարդի այս տարբերակը պահպանվել է մինչև 1520-ական թվականները։ Որոշ ժամանակ այն սկսել են կրել նաև իտալուհիները,
  • վեսպայո - թափանցիկ սպիտակ գործվածքից գլխազարդ, որը ծածկում էր ճակատը, գլուխը և թափվում ուսերի վրա։ Դրա վրայից հագնում էին նեղ օղակապ, որը զարդարված էր թանկագին քարերով։

Վերածննդի դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարի մեկնարկի հետ մեկտեղ փոփոխությունների է ենթարկվում նաև իսպանական հագուկապը։ Այդ ժամանակ է, որ տեղի է ունենում գոթական փողփողացող գործվածքներից անցումը կարկասով «բրոնե-կոստյումներին»։ Իտալական ռենեսանսի ոճի հագուստին Իսպանիան սկսում է հակադարձել մարդկու կազմվածքի իր իդեալը գծող կոստյումներով[2]։

Սոցիալ-հոգեբանական գործոնները, որոնք ազդոցություն են ունեցել իսպանական հագուստի վրա[3]՝

  • մարտնչող ասպետների իդեալները,
  • իսպանական թագավորական տան խիստ վարքականոնները,
  • կաթոլիկ եկեղեցու ասկետիզմը։

Բաճկոնի համար գործվածքը ստեղծվում էր խիտ ծեծված հումքի միջոցով (բամբակ, ձիու մազ, փետուր, հարդ կամ ծղոտ)։ Ուսերի գիծը արհեստականորեն լայնացվում էր ծոպքավոր ուսադիրներով[3]։ Այս հագուստի գաղափարի մեջ տեղ էին գտել վերածննդի դարաշրջանին բնորոշ մարդկային մարմնի կառուցվածքի բնական ձևերի ընդգծումը, բայց դրա հետ մեկտեղ մարմնի կորությունները հագուստի ձևով ստանում էին կոշտ անկյունային ձևեր։ Ինչպես գրում են ուսումնասիրողները, «Իտալական ռենեսանսի ներդաշնակ նորաձևության համեմատ, մարդկային կառուցվածքը «հարգող» իսպանական նորաձևությունը երկրաչափական ձևերի խորը ազդեցության ներքո էր հայտնվել։ Դարաշրջանի իսպանական նորաձևությունը արհեստականորեն փոխում էր մարդկային մարմնի կորագծերը»[2]։ Մարդու մարմնի առանձին մասերի միջև անցումները, որոնք ընդգծվում էին հագուստի միջոցով, իսպանական նորաձևության մեջ դարձել էին անհամաչափ։ Տղամարդկանց հագուստը ոճավրովում էր կոնաձև։ Կոնի հիմքը համընկնում էր կոնքերին, իսկ ուսերին մոտ այն լայնանում էր և ոտքերը գրեթե անսովոր տպավորություն էին թողնում, որոնց վրա կարծես թե հագցրած էր կոնը[2]։ Տղամարդկանց զգեստապահարանից գրեթե վերանում են երկար հանդերձները, այդ իսկ պատճառով էլ հստակ սահմանազատում է մտնում տղամարդկանց և կանանց հագուստի միջև[3]։

Իսպանական հագուստի տարբերակիչ տարրերն են դառնում հստակ գծերի հանդեպ հակումը և արտաքին պարզությունը, ինչի հետևանքով էլ իտալացիների հագուստի գեղազարդ լինելը իսպանացիների համար չափազանց ծանրաբեռնված է սկսում թվալ[1]։

Տղամարդու հագուստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դոն Կառլոսի դիմանկարը», նկարիչ Ալոնսո Սանչես Կոելյո, 1564 թվական
  • Կամիսա - վերնաշապիկ, բլուզ։ Արտահագուստի տակից այն գրեթե չէր երևում, բացի օձիքից և թևերի փողքերից։ Օձիքն ուներ փրփրուն տեսք
  • Կալսես (իսպ.՝ calzas) - գուլպայանման առանձնացող նեղ տաբատ։ Նեղ կալսեսները նորաձևությունից դուրս են գալիս միայն 1540-ական թվականներին։ Դրա երկու առանձին մասերն էին ներքևի նեղ հատվածն ու վերևի առանձին լայն շերտերից բաղկացած հատվածը, որը տակառի տեսք էր ստանում
  • Կորպեսուելո - նեղ անթև բաճկոնակ, որին ամրացվում էին նեղ տաբատի ծայրերը
  • Արտահագուստ
  • Տաբատ(կարճ)
  • Խուբոն (իսպ.՝ jubón) - բաճկոնի տեսակ, 1520-ական թվականներին նմանություն ուներ իտալական բաճկոններին, բայց և կային տարբերություններ
  • Պանսերոն[3]
  • Բրագետ - բամբակով լցված կարճ տաբատ
  • Օձիք - ժանյակաձև և օսլայած
    • Գրանգոլա, գորգերա - հանրահայտ ծալքավոր իսպանական օձիք[2]
  • Ռոպոն - պալատական արտահագուստ՝ կարճ կամ կիսակարճ,մորթե կամ գործած օձիքով։ 1540-ականն թվականներին արդեն ուներ ավելի փոքր ծավալ և պակաս ծավալուն թևեր
  • Կապիտա - կարճ թիկնոց
  • Ֆիելտրո - ավելի երկար թիկնոց
  • Կապա - գլխանոցով դասական լայն ու երկար թիկնոց
  • Գլխարկ
    • Բերետ, փափուկ, դիմացից ներքև թեքված ծայրով (15-րդ դարի առաջին կես)
    • Լայնեզր գլխարկ կոշտ (16-րդ դարի երկրորդ կես)
  • Կոշիկ - նեղ ոտնամաններ թավշյա կամ ատլասե գործվածքից, ձևավորված կտրվածքներով
    • Երկարաճիտք կոշիկներ՝ միայն ռազմական ժամանակաշրջանի համար
  • Գուլպաներ - Իսպանիայում գործած գուլպաների մասին առաջին հիշատակությունները արվել են 1547 թվականին։
17-րդ դարի օձիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակ ժողովրդի հագուստը
[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում Իսպանիայում հասարակ քաղաքացիների հագուստը խիստ տարբերվում էր ազնվականների հագուկապից։ Այն ավելի գունագեղ էր։

Կանացի հագուստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Իզաբելլա դե Բուրբոնի նկարը», նկարիչ՝ Դիեգո Վելասկես
«Հովհաննես Մկրտչի ռետաբլոն» (Սալոմեն հագել է օղակների վրա հավաքված շրջազգեստ), նկարիչ՝ Պեդրո Գարսիա դե Բենաբերե, 1470-ական թվականներ:

Կանացի հագուստը տղամարդկանց հանդերձանքի նմանությամբ կորցնում է գծերի սահուն անցումն ու ձեռք է բերում կարկասայնություն։ Ըստ ամենայնի, նման հագուստն առաջին անգամ հնարել է Կաստիլիայի թագուհին՝ Էնրիկե IVի արտաամուսնական կապի մեջ մտած կինը՝ Ժուանա Պորտուգալուհին, ով 1468 թվականին նման հագուստով ցանկացել էր թաքցնել իր հղիությունը[1]։

Հագուստի ուրվագիծը ունի հստակ և ինքնատիպ սխեմա. երկու եռանկյունիներ՝ գոտկատեղից վեր փոքր հատվածը և հսկայական կիսաշրջազգեստը[3]։

Գործվածքների համեմատաբար գորշ գույները, որոնք արաբների ազդեցությամբ պայմանավորված գունագեղ գոթիկայի համեմատ խամրած են թվում, սկսում են առանձնանալ վանական միաբանությանը հարիր գույներով՝ սև և շագանակագույն, սպիտակ և մոխրագույն[1]։ Ասպարեզ են գալիս նաև կարմիրը, մանուշակագույնը, կանաչը։ Այս շրջանում սկսում են ընդունելի դառնալ հարթ գործվածքներն ու հագուստի միագույն լուծումները[3]։

Տղամարդու կոշիկ՝

  • 16-րդ դարի առաջին կեսին սկսում են ի հայտ գալ գունավոր կաշվից կամ թավիշից փափուկ կոշիկները, որոնք առանց կրունկի էին և լայն քթերով(«արջի թաթ»),
  • 16-րդ դարի կեսերին կոշիկների քիթը դառնում է սուր։ Ալտասե և թավշյա կոշիկները, որոնք ծածկում էին ամբողջ ոտնաթաթը, դրա վրա հաճախ կտրվածքներ կային, որոնց տակից տեսանելի էր դառնում տակից կարված գործվածքի ևս մեկ շերտ։

Կանացի կոշիկ՝

  • կոշիկներ փափուկ կաշվից, թավիշից և ատլասից, որն էլ իր հերթին պատված էր ասեղնագործ տարրերով,
  • 16-րդ դարի ավարտին ի հայտ են գալիս կրունկները,
  • ընդհանրապես անթույլատրելի էր համարվում, որ շրջազգեստի փեշի տակից տեսանելի էին դառնում կոշիկների ծայրերը։ Սակայն սա չէր վերաբերվում հաստ տակացուներով «չապինես» փայտյա ոտնամաններին։

Որքան հասարակության մեջ բարձր դիրք ուներ տիկինը, այնքան բարակ էին նրա կոշիկների տակացուները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ruth M. Anderson. Hispanic Costume: 1480—1530.
  • James Laver. Breve Historia Del Traje Y La Moda

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]