Ինը երանիներ (Լեռան քարոզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Լեռան քարոզ» Մարկով Ի. Կ.(1889)

Ինը Երանիներ, Լեռան քարոզ, Հիսուս Քրիստոսի խորհրդավոր պատգամախոսությունը՝ նրա քարոզչության սկզբում, անապատի փորձությունից հետո. այն խոսքերը, որ նա ասաց իր աշակերտներին լեռան վրա (Մատթեոս 5.3–12, Ղուկաս 6.20–23)։ Երանիներին նախորդող խոսքը, թե՝ «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթեոս 4.17), և այն բժշկությունները, որ նա արեց, պայմանավորեցին հոգևոր կատարելության հաջորդ՝ առավել բարձր աստիճանը, որ Երանիներ են։ Սուրբ հայրերը ինը Երանիներ համեմատում են Հակոբին (Իսրայելին) տեսիլքով երևացած երկնային սանդուղքի հետ և Երանիների քանակը համա-րում են հրեշտակների ինը դասերի խորհրդաբանությունը։ Հոգևոր առավել բարձր, կատարյալ աստիճան է խորհրդանշում այն հանգամանքը, որ Հիսուսը, Երանիներ ասելուց առաջ, անվերջ բժշկություններ ու հրաշքներ սպասող ժողովրդից առանձնացավ, բարձրացավ լեռը և նստեց այնտեղ, ինչը նշանակում է, թե այդ լեռը (հոգևոր բարձրությունը) հաղթահարողները և Հիսուսին մոտեցողները (աշակերտողները) կարող են լինել երանելի՝ ժառանգել երկնային արքայությունը ու կոչվել Աստծո որդիներ։ Երանիներ հետևյալներն են.

– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ 
– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ 
– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ 
– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։         
- Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։
– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ 
– Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։
– Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ 
– Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն։ 
Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին,
որոնք ձեզնից առաջ են եղել։

Եկեղեցու հայրերն ու վարդապետները դարեր շարունակ մեկնաբանել են այս խորախորհուրդ Երանիները։

Հոգով աղքատները նրանք են, որ միայն Աստված են տենչում՝ հոգևորապես թոթափած լինելով անձնական նկրտումները, հպարտությունը, փառասիրությունը (իրենց հոգևոր ունեցվածքը՝ ժառանգած մեղավոր Ադամից)։ Նրանք իրենց անկատարությունն ու մեղսավորությունը ճանաչող և խոնարհաբար աստվածային շնորհը խնդրողներն են։

Սգավորները նրանք են, որ արտասուքով զղջում են իրենց մեղքերի համար և իրենց մեջ ճշմարիտ հարազատին՝ կենդանի Աստծուն մեռցրած լինելու համար. նրանք ապաշխարությամբ կմաքրվեն և Սուրբ Հոգով (որ կոչվում է Մխիթարիչ) կվերստանան իրենց հարազատներին՝ աստվածային կյանքն ու սուրբ շնորհները։

Հեզերը, Հիսուսին պատկերակից լինելով, կժառանգեն երկիրը՝ Հիսուսի հետ թագավորելով։

Արդարության (Հիսուս Քրիստոսի) քաղցն ու ծարավն ունեցողները, հաղորդվելով Հիսուսի մարմնին ու արյանը, կհագենան հավիտենական հացով ու հավիտենական ջրով։ Կարծես հիշեցվում կամ հաստատվում է Սաղմոսը՝ «Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ» (Սաղմոս 62.1–2)։

«Լեռան քարոզ» Ժան Բրուղել դը Էլդըր (1598)

Ողորմածները մերձավորի հանցանքները ներողներն ու գթություն ցույց տվողներն են։ Նրանք Աստծուց ողորմություն կգտնեն (կմտնեն շնորհի տակ)։

Սրտով մաքուրները նրանք են, որ խորհուրդների դուռը՝ սիրտը ապաշխարությամբ, աղոթքով և ս. Հաղորդությամբ մաքրել են չար խորհուրդներից։ Նրանց սրտերի մեջ կիջնի շնորհի լույսը, իսկ միտքը կպայծառանա աստվածային խորհուրդների ճառագայթումով և Աստծո փառքի մեծությամբ։

Խաղաղարար է նա, ով իր սրտում ունի Աստծուն՝ հանձինս Որդու և Սուրբ Հոգու (Հիսուսը խաղաղություն գործեց, օրինակ՝ խաղաղեցնելով ծովը)։

Կարլ Բլոխ. «Լեռան քարոզ» (1877)

Արդարության համար հալածվողները սուրբ Աստծու պատճառով հանիրավի չարչարվողներն են, որոնք հավիտյանս հավիտենից ապրելու են երկնքի թագավորության մեջ։ Հանուն Աստծո չար խոսք, նախատինք կրողները Տիրոջ արքայության մեջ մեծ շնորհների, պարգևների ու դիրքի են արժանանալու, ինչպես որ իրենց հավատքի առաջնորդն ու կատարողը, որ հարություն առավ և բազմեց Աստծո աջ կողմը։

Նախ «Անապատում կանչողի ձայն»-ի՝ Հովհաննես Մկրտչի, ապա և Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կողմից ազդարարված երկնային արքայությանը, երանությանը արժանանալու համար հարկավոր է քայլել ինը Երանիների սանդուղքներով։ Ընդ որում Երանիներ ոչ թե քրիստոնեական ուսմունքի հայեցակետեր են, այլ՝ բուն Աստծո բնույթի արտահայտությունները. ով ջրից (ապաշխարությամբ) ու Սուրբ Հոգուց (Աստծուց) վերստին է ծնվում, նա կարող է բարձրանալ Աստծո լեռը (սիրո և կատարելության բարձունքը) և դառնալ երկնային արքայության քաղաքացի՝ բնութենակից լինելով և ճանաչելով իր Հորը՝ կենդանի Աստծուն։ Հիսուսն ասում էր այն, ինչ կար իր մեջ, և այն, ինչը պիտի ցույց տար գործով. դրանք էին աղքատացումը հանուն Աստծո, սուգը հանուն անկյալ մարդու, հեզությունը, հնազանդությունը առ Աստված, արդարության աստվածայինի քաղցն ու ծարավը, ողորմածությունը, գթածությունը ախտավոր, բորոտավոր և դևերից բռնված մարդկանց հանդեպ, նրանց բժշկելը, սրտով մաքուր լինելը և դրա համար մշտապես Աստծուն տեսնելը, հալածանքներն ու չարչարանքները կրելը ևն։ Սուրբ հայրերը Երանիներ անվանել են Ավետարան Ավետարանի մեջ, Քրիստոսի սրբարար ու փրկարար տնօրինություններից մեկը։ Երանիներին հետևում են քրիստոսյան պատվիրանները լինել երկրի աղը և աշխարհի լույսը, լիովին բացառել ոչ միայն չար գործերը (սպանություն, շնություն և այլն), այլև չար խորհուրդները, չարի փոխարեն չար չհատուցել մարդկանց, այլ բարիով հաղթել չարին, այսինքն լինել կատարյալ.

§ Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ¦(Մատթեոս 5.48)։ Երանիներ փաստորեն Աստծո բնույթի ներդրումն են մարդու մեջ։ Երանիների աստվածային բնույթն ու նպատակն է հանրագումարի բերվում Երանիներին հաջորդող Տերունական աղոթքի մեջ (Մատթեոս 6.9–13)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png