Իմաժիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իմաժիզմ (անգլ. imagism, image - պատկեր), մոդեռնիստական հոսանք անգլիական և ամերիկյան պոեզիայում՝ 1910-ական թվականների սկզբներից 1920-ական թվականներ սկզբները։ Հիմնադիրներն ու տեսաբաններն են անգլիացի փիլիսոփա Թ. Հյումը և ամերիկյան բանաստեղծ Է. Պաունդը։ Ուղղության ներկայացուցիչներից են անգլիացի Թ. Ս. Էյիոթը, Ֆ. Մ. Ֆլինտը, Դ. Գ. Լոուրենսը, Ռ. Օլդինգտոնը, ամերիկացիներ` Է.Փաունդը, Է. Լուելը, Հ. Դուլիթլը, Ջ. Գ. Ֆլեթչերը: Իմաժիզմի սկզբունքներն են`ճշգրիտ պատկերում, թեմատիկայի անկրևորություն։ Իմաժիզմը ռոմանտիկ ապրումներին հակադրում էր փոխադարձ կապերի ու հարաերությունների համակարգի անդամահատված «օբյեկտների» վերարտադրությունը, որոնց յուրահատկությունն էլ իմաժիզմի համար կազմում էին պատկերի նախանյութը։ Բանաստեղծությունը նման պատկերների շղթա է, որն արտահայոտւմ է իրերի իրական կարգն աշխարհում`ի հակադրումն ռոմանտիկների «ոչ ճշգրիտ» զգացմունքային աշխարհընկալման։ Իմաժիստները, միացնելով իմաժիզմի Ինտուիտիվիզմի փիլիսոփայությունը և ֆրանսիացի սիմվոլիզմի ձևական տեսությունները, երգում էին բնությունը, արձանագրում թռուցիկ տպավորությունները, տարվում ռիթմերի ու երանգների խաղով, շեշտում ինքնաբավ, լակոնիկ «մաքուր» պատկերը, արմատավորում ազատ բանաստեղծությունը։ Իմաժիզմի պոետիկան պահանջում էր լեզվի պարզություն, հրաժարում ավանդական տաղաչափությունից, տնից, քանի որ իմաժիստական ստեղծագործություններում տպավորվում է ապրումը և ոչ թե բուռն ռեալականությունը։ Իմաժիզմի զուգորդական (ասոցիատիվ) ոտանավորները ազգակից են Ճապոնիայի և Չինաստանի հաստատված սկզբունքներին։ Իմաժիզմն այնտեղտեսնում էր պոեզիայի մոդելը, որը համապատասխանում էր հոգեբանության և աշխարհընկալման`միատիպություն ծնող մեխանիկական և տեխնիկականացված իրականությանը։ Իմաժիզմը նպաստեց անգլիական ոտանավորի ջևերի հարստացմանը, ուշ ռոմնտիկների էպիգոնային պատկերավորման և ռիթմիկայի վերացմանը։ Սակայն իմաժիզմի փորձերը իրենց բնույթով, որպես կանոն, ձևական էինն և 10-ական թվականների կեսերին հանգեցրին այդ դպրոցի քայքայմանը։ Իմաժիզմն անհատականությունից զուրկ պոեզիայի վաղ դրսևորումներից էր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելս Սանթոյան, Արեն սանթոյան «Գրականագիտական բառարան», էջ 66-67
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 322 CC-BY-SA-icon-80x15.png