Ժառանգականության քրոմոսոմային տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ժառանգականության քրոմոսոմային տեսություն, ըստ որի սերունդների միջև գենետիկական անընդհատելիությունը պայմանավորված է քրոմոսոմներով, որոնք կրում են գծային դասավորված ժառանգական միավորներ՝ գեներ: Համաձայն այս տեսության օրգանիզմների ժառանգական հատկությունների փոխանցումը սերնդից սերունդ քրոմոսոմների փոխանցելիության արդյունք է:

Ժառանգականության քրոմոսոմային տեսության առաջին պատկերացումները ստեղծվել են XIX դ. 70–80-ական թթ. բջջաբանական հետազոտությունների շնորհիվ: Հատկապես ուշադրություն էր դարձվում բջջային բաժանումների ժամանակ քրոմոսոմների վարքագծին: Վ. Ֆլեմինգի, Է. Ստրասբուրգերի,Պ. Գորյանինովի, Հ. Չիստյակովի, Է. վան Բենդենի և ուրիշների հետազոտություններից պարզվեց, որ քրոմոսոմները բարակ թելիկներ են և բջջի բաժանման ժամանակ կրկնապատկվում են երկարությամբ ճեղքվելով, ապա կարճանում են, հաստանում: Բջջի բաժանման ժամանակ դիտվում է տվյալ անհատին հատուկ քրոմոսոմների թվի պահպանում թե՛ կենդանիների և թե՛ բույսերի օրգանիզմում: Ելնելով դրանից՝ Ա. Վայսմանը տվեց ժառանգականության իր տեսությունը, ըստ որի ժառանգական գործոնները գտնվում են քրոմոսոմներում: Հետագայում Ու. Սատոնը, Թ. Բովերին և Է. Վիլսոնը (1902–07) Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը հիմնավորեցին փաստերով՝ ցույց տալով, որ բջջի բաժանման և սեռական բջիջների ձևավորման (մեյոզ) ժամանակ քրոմոսոմների վարքագծի և ժառանգական գործոնների միջև գոյություն ունի որոշակի կապ: Սեռական բջիջներում քրոմոսոմները մեյոզի հետևանքով յուրաքանչյուր քրոմոսոմային զույգից կրում են մեկական ալել, բեղմնավորության պրոցեսում վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքը, և ալելային գեները դարձյալ զույգեր են կազմում:

Ժառանգականության քրոմոսոմային տեսության հետագա զարգացումն ու հիմնավորումը պատկանում է ամերիկյան գիտնական Թ. Մորգանին ու նրա աշխատակիցներին (1910–16), որոնց շնորհիվ ժառանգական գործոնը՝ գեն հասկացությունը, ստացավ նյութական մարմնավորում: Մորգանը ցույց տվեց, որ սեռական քրոմոսոմները ոչ միայն որոշում են օրգանիզմի սեռը, այլև կրում են գեներ, որոնք հսկում են այս կամ այն հատկանիշը: Նա հաստատեց նաև, որ գեները քրոմոսոմների երկարությամբ տեղադրված են գծային ձևով: Միևնույն քրոմոսոմում գտնվող գեները ժառանգվում են միասին, կազմում են առանձին շղթայակցման խմբեր, որոնց թիվը համապատասխանում է տվյալ տեսակին բնորոշ հոմոլոգ քրոմոսոմների թվին: Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը խորացվեց և ավելի հաստատվեց վերջին տասնամյակում, պարզվեց քրոմոսոմների քիմիական կառուցվածքը, որի հիմքում ընկած է սպիտակուցի և դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) համալիրը: Փորձնականորեն ապացուցվեց ԴՆԹ–ի գենետիկական դերը, որ գենը ԴՆԹ–ի մոլեկուլի որոշակի հատվածն է, ճշտվեցին նրա ֆունկցիոնալ հատկությունները:

Այսպիսով Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը բացահայտեց ժառանգականության ներբջջային մեխանիզմները, տվեց ճիշտ և միասնական բացատրություն սեռական բազմացման ժամանակ տեղի ունեցող ժառանգականության պրոցեսներին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 282 CC-BY-SA-icon-80x15.png