Թրին վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրին վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ՏարածաշրջանԱբեղյանք գավառ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող

Թրին վանք[1], վիմափոր եկեղեցի, որը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Աբեղյանք գավառում՝ ներկայիս Սարիղամիշ և Քարաքուրտ բնակավայրերի միջակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղագրի հեղինակներից առաջինը այս հուշարձանախմբի գոյության մասին արձանագրել է Ղուկաս Ինճիճյան 1806 թվականին։ Համառոտ նկարագիր տված և վանքի անվանումը ճիշտ գուշակած մյուս այցելուն Կարսի թեմակալ Կյուրեղ վարդապետ Սրապյանն էր։ Ճշտորեն համընկնող նկարագրական տեղեկություններից զատ՝ խնդրո դարձած առարկա վանքը Թրինի հետ նույնացնելու առումով ծանրակշիռ հիմք է նաև համալիրի առնվազն կենտրոնական կառույցը՝ ութխորան եկեղեցին՝ որպես ոչ ուշ․ քան մինչև 10-րդ դարի կեսերի ստեղծագործություն։

Հայտնի է, որ արտաքուստ բոլորաձևին մոտ, իսկ ներքուստ ութ խորան ունեցող կանգուն մնացած սակավաթիվ եկեղեցիների հորինվածքը սկիզբ է առնում 7-րդ դարից և վերջին նմուշներով եզրափակվում 11-րդ դարով։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրինի եկեղեցին համահորինվածք՝ ութխորան կառույցների շարքում վեցերորդն է․ սակայն միակն է, որ վիմափոր է։ Կառույցը չափերով զիջում է համահորինվածք բոլոր մյուս եկեղեցիներին։ Ունի մեկ մուտք՝ բացված հարավակողմից և դեպի ներս լայնացող մեկ լուսամուտ՝ բացված մյուս խորաններից՝ հատկապես հենց դրա առկայությամբ զատորոշվող ավագ խորանից։ Եկեղեցու հարդարանքի մեծ մասը միտումնավոր վնասված կամ իսպառ վերացված է։ Որպես հետքեր և մնացորդներ՝ պահպանվել են խորանների վիմակերտ որմնախոյակներին։ Դրանք շրջանաձև կամ կիսաշրջանաձև զարդանախշերով երիզված պարզ պրոֆիլներ են։ Հարդարանքի տարր կարելի է համարել նաև մուտքի ճակատակալ հատվածում կլոր շրջանակի տակ առկա հավասարաթև խաչի քանդակը։ Սեղանատունն ունի երկու զույգ որմնասյուներին հենված և թաղակիր կամարներին խարսխված երկթեք ծածկի տակ առնված կիսաշրջանաձև թաղ։ Հարդարանքի պահպանված տարրերից հիշատակելի են 9-11-րդ դարերին բնորոշ կտրվածքով որմնախոյակները։

Դեռևս 1878 թվականին վանքի տարածքում նկատելի էին նաև միաբանական կացարանների փլատակները, իսկ արևելյան կողմում՝ խաչքարերով գերեզմանոցը։ Ներկայումս սրանցից ոչինչ չի մնացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թրին վանք, էջ 12-ից 18» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.