Թուխ Մանուկ վանք (Քարագլուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուխ Մանուկ վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Վայոց Ձորի մարզ
ՏարածաշրջանԵղեգնաձոր
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Մասն էԳյուղատեղի Քարագլուխ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված12-18-րդ դարեր

Թուխ Մանուկ վանք[2] գտնվում է Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում[3]։ Եղեգնաձոր քաղաքից ուղիղ գծով 15,9 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվում Քարագլուխ գյուղը։ Այն ծովի մակարդակից 1630-1675 մետր բարձր է։ Քարագլուխ գյուղից հազիվ 1 կմ հյուսիս՝ հարավահայաց լեռնաճյուղի ոստին գտնվում է Թուխ Մանուկ վանքը[4], որը ծովի մակարդակից բարձր է 1945 մետր։

Վանական համալիրի ավերակներն ու շուրջբոլորը տարածված գերեզմանոցում պահպանված հուշարձանները (քառակող կոթող, խաչքարեր, տապանաքարեր) վկայում են, որ հնավայրը գոյություն է ունեցել առնվազն վաղ միջնադարից և իր նշանակությանը ծառայել մինչև շահաբասյան բռնագաղթը։

Տակավին 1876 թվականին բնակավայրի այցելուն նշել է. «...բարձրավանդակում կա մի եկեղեցու ավերակ՝ երեք սեղանով։ Քարագլուխցիները տապանաքարերով և հասարակ քարերով սեղանների վրա մի փոքրիկ տնակ են շինել, գլուխը ծածկել փայտով, դարձրել են ուխտատեղի և մկրտել են Թուխ Մանուկ կոչումով։ Պատերի մեջի երկու քարերի կիսատ պռատ արձանագրությունը ցույց է տալիս, որ դրանք բերված են այլ շինությունից։ Սեղանի առաջ երկու կարգով շարված են 16 հատ տապանաքարեր, որոնցից միայն մեկն ունի արձանագրություն»։

Երեք սեղան՝ նույնն է, թե երեք խորան, որն էլ իր հերթին հուշում է՝ համալիրը բաղկացած էր պաշտամունքային նշանակության երեք շինություններից. տվյալ դեպքում հյուսիսից կից ավանդատնով միանավ եկեղեցին է (6,0×3,7 մ) և վերջինիս հարավից կից նույնպիսի հորինվածքով, սակայն չափերով ավելի փոքր (3,9×2,5 մ) մատուռը, որոնց արևմտյան ճակատներից բացված մուտքերն ամփոփվում են անմշակ քարով շարված որմերով մի գավթանման անկանոն շինության մեջ։

Թվում է, թե ի սկզբանե համալիրում եղել է նաև գմբեթավոր հորինվածքով մի եկեղեցի, քանի որ պահպանված արձանագրություններից մեկը հավաստում է տեղում «կաթուղիկե» եկեղեցու գոյության մասին։

Գավթանման շինության ներսում ագուցված կամ պարզապես որմերին հենված մեկ տասնյակից ավելի խաչքարեր կան, որոնցից երկուսի վրա կան պահպանված արձանագրություններ։ Արձանագիր ևս մեկ խաչքար էլ առկա է վանքի շուրջ տարածված գերեզմանոցում։ Այն կերտվել է 1303 թվականին ոմն Հովհաննեսի կողմից՝ ի հիշատակ երկու որդիների։

Գերեզմանոցում, ի թիվս տասնյակից ավելի խաչքարերի, աչքի է ընկնում թերևս Է (7-րդ) դարով թվագրելի քառակող կոթողը, որի հարդարված միայն մեկ նիստին առկա է ողկույզներով բեռնված խաղողի որթագալար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կարապետյան, Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները, էջ 24-28։
  2. Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողություններ, Երևան, 2003, էջ 129-130։