Թղթե քաղաքներ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թղթե քաղաքներից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թղթե քաղաքներ (այլ կիրառումներ)
Թղթե քաղաքներ
անգլ.՝ Paper Towns
ՀեղինակՋոն Գրին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմիստիկական գրականություն և դրամա
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՕռլանդո և Էգլոոու
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDutton
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 16, 2008
Կայքjohngreenbooks.com/paper-towns/(անգլ.)

Թղթե քաղաքներ (անգլ.՝ Paper towns), ամերիկացի գրող Ջոն Գրինի վեպը։ Այն տպագրվել է 2008 թվականի հոկտեմբերի 16֊ին «Dutton Books»֊ի կողմից[1]։ Գլխավոր հերոսը Քվենթին Ջեյկոբսենն է, որը մանկուց սիրահարված է իր հարևանուհուն՝ Մարգո Ռոթ Շպիգելմանին։ Վեպում Քվենթինն ու իր ընկերներ Բենը, Ռադարը և Լեսլին անհետացած Մարգոյի թողած հետքերով բացահայտում են «իրական» Մարգոյին[2]։

Ջոն Գրինի մոտ միտք է առաջանում գրել այս վեպը իր` դեպի Հարավային Դակոտա կատարած ուղևորության ընթացքում[3]։

Ըստ «New York Times» ամսագրի` այն ամենաշատ վաճառված դեռահասների համար գրքերի ցանկում 5-րդն է[4]։ 2009 թվականին պարգևատրվել է որպես դեռահասների համար լավագույն վեպ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները կատարվում են Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։

Վեպը պատմում է հենց գլխավոր հերոս Քվենթինը։ Մարգոն և Քվենթինը հարևաններ են։ Փոքր տարիքում պատահաբար գտնում են Ռոբերտ Ջոյների դին։ Հետագայում պարզ է դառնում, որ Ռոբերտը ինքնասպան էր եղել։ Այս դեպքից հետո Մարգոն և Քվենթինը չեն հանդիպում։

Ավարտական երեկոյից մեկ ամիս առաջ ուշ երեկոյան Մարգոն Քվենթինի ննջարանի պատուհանից մտնում է սենյակ` դեմքին սև ներկով և սև հագուստով։ Աղջիկը վրեժի ծրագիր էր մշակել մի շարք մարդկանց համար, որոնք նրան ցավ էին պատճառել դպրոցական տարիներին։ Նա ինչ-որ մեկի կամ ավելի ճիշտ մեքենայի կարիք ուներ` իր ծրագիրն իրականացնելու համար։ Այդ պատճառով էլ Քվենթինից օգնություն է խնդրում, որը համաձայնում է[5]։

Նրանք նախ այցելում են մոտակա «Walmart» խանութ, որ գնեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրերը։

Հետո սկսում են իրագործել ծրագիրը։ Առաջինն այցելում են Մարգոյի ընկերոջը՝ Ջեյսին, և լավագույն ընկերուհի Բեկկային։ Ջեյսը դավաճանում էր Մարգոյին, այդ պատճառով աղջիկն ուզում էր վրեժխնդիր լինել։ Այսպիսով, ըստ Մարգոյի ծրագրի, Քվենթինը զանգահարում է Բեկկայի հորը և հավաստիացնում, որ Ջեյսն այժմ գտնվում է իր դստեր սենյակում։ Րոպեներ անց մերկ Ջեյսը դուրս է վազում Բեկկայի առանձնատնից, իսկ Քվենթինը լուսանկարում է նրան այդ տեսքով։ Այնուհետև հերոսները գաղտնի ներխուժում են Բեկկայի տուն։ Պատին կապույտ ու մեծ «Մ» տառն են գրում և այդտեղ թողնում սատկած կատվաձուկ։

Հաջորդիվ այցելում են Մարգոյի մյուս ընկերուհի Կարինին։ Կարինը նա էր, ով ընկերուհուն հայտնում է ընկերոջ դավաճանության մասին։ Նրա տան դիմաց թողնում են մի փունջ ծաղիկներ[6]։

Ծրագրի մյուս կետին հետևելով` Քվենթինն ու Մարգոն ներխուժում են Ջեյսի տուն, այնտեղ թողնում մյուս սատկած կատվաձկանը և պատին թողնում «Մ» տառը։ Հետո գտնում են մյուս ընկերուհի Լեսլիի մեքենան, նստատեղի տակ դնում վերջին սատկած կատվաձուկը և մեքենայի տանիքին թողնում «Մ» տառը։

Ժամը 3 անց 15 րոպեին հերոսները ներխուժում են Սան Թրասթ բանկի ամենավերջին հարկը և հիանում Օռլանդո քաղաքի տեսարանով։ Այստեղ Մարգոն իր կարծիքն է հայտնում քաղաքի մասին` ասելով, որ այն կեղծ է ու ասես թղթից պատրաստված լինի[7]։

Երբ լքում են երկնաքերը, Մարգոն Քվենթինին հնարավորություն է տալիս վրեժ լուծել մեկից, ով իրեն անհանգստացրել է նախկինում։ Քվենթինն ընտրում է Չաք Փարսնին։ Նրանք մտնում են Չաքի տուն և զրկում նրան մի ունքից։

Հաջորդ առավոտ Քվենթինը դպրոցում չի հանդիպում Մարգոյին։ Ոչ էլ հաջորդ երկու օրերին։ Հայտնի է դառնում, որ աղջիկն անհետացել է։ Նախկինում Մարգոն ևս երեք անգամ փախել էր, այդ պատճառով նրա ծնողներն ավելի հիասթափված էին, քան անհանգիստ[8]։

Քվենթինն այն մեկն էր, ով վերջինն էր հանդիպել Մարգոյին։ Նա պատահաբար գտնում է մի շարք հուշող նշաններ, որոնք աղջիկը թողել է, և ընկերների օգնությամբ գտնում է Մարգոյին[9]։ Սակայն Մարգոն այդքան էլ չի ուրախանում, նա հայտնում է, որ ոչ մի նշան չի թողել և չի ցանկացել, որ իրեն գտնեն։ Ընկերները զղջում են, որ այդքան ժամանակ փնտրել են Մարգոյին և հեռանում են։ Քվենթինը հասկանում է, որ այն Մարգոն, որին ինքը սիրում էր, նույն մարդը չէ, որ կանգնած է իր առջև։ Երկար զրույցից հետո Մարգոն որոշում է գնալ Նյու Յորք[10]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քվենթին Ջեյկոբսեն` գլխավոր հերոս և պատմությունը պատմող։ Փոքր տարիքից ի վեր գաղտնի սիրահարված է հարևանուհի Մարգոյին։ Երբ Մարգոն անհետանում է, Քվենթինը գտնում է որոշ հետքեր, որոնք, ըստ նրա, Մարգոն է թողել, որ գտնի իրեն։ Սակայն երբ գտնում է աղջկան, պարզ է դառնում, որ Մարգոն դիտավորյալ չէր թողել այդ նշանները։ Քվենթինը հասկանում է, որ Մարգոն ֆանտաստիկ ու կատարյալ չէ, և իր մտքերի Մարգոն, որին այդքան սիրում էր, իրական չէ։
  • Մարգո Ռոթ Շպիգելմանին` գլխավոր հերոսուհի։ Ցանկանում էր լքել այն քաղաքը, որտեղ ապրում էր, սակայն մինչ այդ վրեժ լուծել իրեն վնասած մարդկանցից։ Քվենթինի օգնությամբ վրեժխնդիր է լինում և հեռանում։
  • Բեն Սթարլինգ` Քվենթինի ընկերներից մեկը։ Օգնում է Քվենթինին գտնել Մարգոյին։
  • Մարկուս Լինկոլն` Քվենթինի մյուս ընկերը։ Նովելում բոլորը նրան Ռադար են անվանում։ Նրա ծնողները ունեին սև Սանտաների ամենամեծ հավաքածուն ամբողջ աշխարհում։
  • Լեսլի Փեմբերթոն` Մարգոյի մտերիմ ընկերուհին։ Մարգոյին ճանաչում է մանկապարտեզից։ Նրանց ընկերությունը բավականին տարօրինակ է։ Նովելի սկզբում Մարգոն նկարազարդում է ընկերուհու մեքենան։ Սակայն, երբ ընկերուհին անհետանում է, Լեսլին նույնպես որոշում է փնտրել նրան։

Մեջբերումներ վեպից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրին, վեպի հեղինակ
Իմ գլուխը նույն հարթության վրա էր, ինչ Մարգոյինը, որը կանգնած էր ապակու այն կողմում։ Ես չեմ հիշում` ով առաջինը հեռացավ, այդ պահը չավարտվեց։ Մենք պարզապես մնացինք այդտեղ կանգնած, նայելով միմյանց, ընդմիշտ։
Մարգոն գլուխը թեքեց և ժպտաց։ Նա գեղեցիկ էր նույնիսկ այն ժամանակ, երբ կեղծ էր ժպտում։
Թղթե տնակներում ապրում են թղթե մարդիկ, որոնք այրում են իրենց ներկան ապագայի համար։
Քաղաքը թղթից է, սակայն հիշողությունները ոչ։ Դրանք իրական են
Եթե դու չես պատկերացնում, ոչինչ այդպես էլ տեղի չի ունենում։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը կազմված է երեք մասից։ Այդ մասերի անուններն են՝ «Թելերը», «Խոտը» և «Նավը»։ Առաջին երկում մասերը բաժանված են ենթամասերի և համարակալված են, իսկ վերջինը մասնատված է փոքրիկ բաժինների` ժամերի։ Ամեն բաժին ներկայացնում է հերոսների ճանապարհի մի ժամը։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գրինի համանուն վեպի էկրանավորումն իրականացրել է «20th Century Fox»-ը։ Ֆիլմի ռեժիսորը Ջեյք Շրեյերն է[11]։

Գլխավոր դերակատարներն են Նեթ Ուոլֆն ու Կարա Դելևինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Siegel, Tatiana (2008 թ․ հոկտեմբերի 24). «Mandate, Mr.Mudd ready to roll 'Paper'». Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Green, 2008, էջ 305
  3. Green, 2008, էջ 306
  4. «Best Sellers». New York Times. 2008 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  5. Green, 2008, էջ 2-30
  6. Green, 2008, էջ 31-46
  7. Green, 2008, էջ 57
  8. Green, 2008, էջ 57-85
  9. Green, 2008, էջ 85-239
  10. Green, 2008, էջ 279-305
  11. John Green (2014 թ․ սեպտեմբերի 4). «EXCITING ANNOUNCEMENT: The Paper Towns movie will be directed by the brilliant @jakeschreier, who previously made "Robot and Frank."». twitter.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.