Թխկի Սեմյոնովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թխկի Սեմյոնովի
Թխկի Սեմյոնովի
Թխկի Սեմյոնովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
Տեսակ Թխկի Սեմյոնովի (A. semenovii)
Միջազգային անվանում
Acer semenovii

Թխկի Սեմյոնովի (լատին․՝ A. semenovii Rgl. et Herd), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր տերևաթափ ծառ է, մինչև 5 մետր բարձրությամբ, որը հաճախ աճում է թփանման։ Բնի և բազմամյա ճյուղերի վրա կեղևը մոխրագույն է, երկարավուն կնճռապատ։ Ընձյուղները մերկ են, գորշ կամ շագանակագույն։ Պտղաբերող ճյուղերի վրա տերևները 3 բլթականի են, 1,2-4,5 սմ երկարությամբ և 1-3,2 սմ լայնությամբ, բարակ, ամուր, մերկ, վերևի կողմից անփայլ, կապտականաչ գույնի ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի։ Բլթակները ձվաձև են, աստիճանաբար սրացող, անհավասար խոշոր ատամնաեզր, միջին բլթակը խոշոր է, երբեմն երկրորդ կարգի 2 բլթակներով։ Տերևի հիմքը սրտաձև է կամ կլորավուն։ Հոռաշիվերի վրա տերևները ավելի խորն են կտրտված, մինչև 10 սմ երկարությամբ։

Տերևակոթուններն ունեն 3֊4 սմ երկարություն։ Ծաղկաբույլերը խիտ, վահանաձև հուրաններ են, մինչև 6 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ, որի առանցքը և ծաղկակոթունները ծածկված են խիտ գեղձիկներով։ Ծաղիկները դեղնավուն են։

Երկթևիկները դասավորված են շատ սուր անկյան տակ, հաճախ գրեթե զուգահեռ, մեկը մյուսին ծածկող, 2,8֊3,5 սմ երկարությամբ, սկզբում վառ վարդագույն, հասուն վիճակում՝ բաց դեղնավուն։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Միջին Ասիայում (Տյան-Շան, Ալայան լեռնաշղթա, Նուրա-Թաու և Հիսսարյան լեռներ), Աֆղանստանում։ Աճում է լեռնային գետերի հովիտներում, ծովի մակարդակից մինչև 1000 մ բարձրության վրա։ Ավելի երաշտադիմացկուն է, քան Գիննալի թխկին։

Հայաստանի տարածքում աճում է Երևանի բուսաբանական այգում և լեռնային վայրերում։ Հատ ու կենտ ծառեր կան անտառտնտեսություններում։ Դիմացկուն է, չի ցրտահարվում, աչքի է ընկնում որպես քչապահանջ տեսակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 122։