Թիուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թիուլ, ֆեոդալական պարգևական հողատիրության ձև 16–17-րդ դարերում Իրանում, Արևելյան Հայաստանում։ Թիուլի ինստիտուտը լայն տարածում ստացավ Սեֆյանների օրոք։ Պետական և արքունի ծառայության դիմաց, իբրև պարգև, բարձրաստիճան ամիրաներին ու զինվորականությանը, երբեմն նաև հոգևորականությանը, իբրև թիուլ տրվում էին մեկ կամ մի քանի գյուղերից ստացվող եկամուտները։ Թիուլ ստացող ֆեոդալ-զինվորականները կոչվում էին թիուլդարներ, որոնք իրենց տրված թիուլի սահմաններում բնակվող ռայաթների (հպատակների) նկատմամբ ունեին նաև դատական իրավասություն։ Թիուլը ընդհատվում կամ մեկ ուրիշին էր փոխանցվում տվյալ թիուլդարի պաշտոնից ազատվելու դեպքում։ Թիուլ տրվում էր ոչ միայն պետական (դիվանի), այլ նաև մասնատիրական (մուլքային) գյուղերից գանձվող հարկերի հաշվին։ Երբ գյուղի մուլքադարը (սեփականատեր) ստանում էր նաև նույն գյուղի պետական հարկը գանձելու իրավունքը իբրև թիուլ, ապա գյուղն ամբողջապես կախյալ վիճակի մեջ էր ընկնում նրանից։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին նման գյուղերի թիվը բավական մեծ էր Արևելյան Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 190