Թարգմանչաց ավետարան
Թարգմանչաց ավետարան | |
---|---|
Հեղինակ | Գրիգոր |
Տեսակ | ձեռագրերի նկարազարդում |
Matenadaran MS 2743 - Gospel Վիքիպահեստում |
«Թարգմանչաց Ավետարան», 1232 թ. նկարազարդ մագաղաթե ձեռագիր մատյան։ Գրչագրել է Տիրացուն, ծաղկել՝ Գրիգորը։ Ընդօրինակման վայրը նշված չէ (ըստ Ս. Տեր-Ներսեսյանի, ընդօրինակվել է Հյուսիսային Հայաստանի քաղաքներից կամ վանքերից մեկում)։ XIV դարի սկզբին պատկանել է Վերին Խաչենի իշխան Գրիգոր Դոփյանին ու նրա կնոջը՝ Սյունյաց Տարսայիճ իշխանի դուստր Ասփային, որը ձեռագիրը նվիրել է Դադիվանքին։ 1900-ին եղել է Ուտիքի Թարգմանչաց վանքում (այստեղից էլ՝ անվանումը)։
1916 թ/ Գարեգին վրդ. Հովսեփյանը այն բերել է սուրբ Էջմիածին։ Այժմ պահվում է Մատենադարանում (ձեռ. № 2743), չափերը՝ 30x23 սմ, բաղկացած է 374 թերթից։ Գրիգոր Բ Դոփյանի պատվիրած ոսկե կազմը չի պահպանվել, այժմ կաշեկազմ է։
Ձեռագրի գեղանկարչական զարդարանքը բաղկացած է 10 խորանից, Մատթեոս և Հովհաննես ավետարանիչների դիմանկարներից, 4 անվանաթերթից, 7 ամբողջական էջերի վրա պատկերված տերուն. մանրանկարներից («Ավետում», «Ծնունդ», «Մկրտություն», «Խորհրդավոր ընթրիք», «Հրեշտակի հայտնությունը Յուղաբեր կանանց», «Դժոխք իջնելը», «Աստվածածնի վերափոխումը»), որոնք դասավորված են ձեռագրի համապատասխան հատվածի կողքին, 15 լուսանցազարդ մանրանկարներից («Քրիստոսի բժշկումները», «Քրիստոսի զրույցը սամարացի կնոջ հետ», «Փորձություն անապատում», «Պետրոսի զղջումը» ևն), ինչպես նաև բազմաթիվ լուսանցազարդերից ու զարդագրերից։ «Թարգմանչաց Ավետարան»-ի բնորոշ առանձնահատկությունը կերպարների զուսպ շարժուձևերով հանդերձ լարված դրամատիզմն է՝ արտահայտված զուտ գեղ. միջոցներով, հորինվածքով (որը միշտ կառուցված է կա՛մ հորիզոնական և ուղղաձիգ գծերի, կա՛մ անկյունագծերի առանցքների խաչավորմամբ), ձևերի անհանգիստ բնույթով (հագուստի ծալքերում, ճարտարապետական կառուցվածքներում և, հատկապես՝ բնանկարի տարրերում, որտեղ ժայռաբեկորները ուժեղ ճնշումից կարծես զարնվում են միմյանց) և կոլորիտով, որն ստեղծվում է թանձր կապույտի և մուգ կարմիր գուներանգների համադրությամբ՝ ներառվելով թավշամանուշակագույն ընդհանուր գունաշարում (որի հետ լավ ներդաշնակվում է կանաչ ներկի ու ոսկու փոշու խառնուրդից գոյացած թույլ առկայծող ոսկու արտասովոր նրբերանգը), ինչպես նաև գործող կերպարների դեմքերով, որոնց յուրահատուկ արտահայտչականություն և հուզական մեծ ուժ է հաղորդում աչքերի ցայտուն երանգավորումը։ Գունագեղության կատարելությամբ և կերպարների արտահայտչականությամբ «Թարգմանչաց Ավետարան» հայկական մանրանկարչության ամենանշանավոր ձեռագրերից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 149)։ |