Թավշենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թավշենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Հավակատարայիններ (Amaranthoideae)
Ցեղ Թավշենի (Celosia)
L., 1753

Թավշենի (լատին․՝ celosia), պատկանում է հավակատվազգիների ընտանիքին։ Թավշենու ցեղին են պատկանում՝ աքլորակատարաձևը (C.cristata L.) և բրգաձև տեսակը (C.pyramidalis L.)։ Առաջինի հայրենիքը Արևելյան Հնդկաստան ու Չինաստանն են, երկրորդինը՝ Ճապոնիան։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշված տեսակների տերևները լինում են կանաչ և կարմիր, իսկ ծաղիկները թավշանման, լինում են նաև կարմիր, վարդագույն, բաց դեղին, դեղին ոսկեգույն երանգներով։ Ցածրահասակ թավշենու (C.cristata nana) բարձրությունը հասնում է մոտավորապես 30 սմ, իսկ բարձրերինը (C.cristata)՝ մինչև 60 սմ և ավելի։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև բրգաձև թավշենիները որոնց բարձրությունը հաճախ անցնում է մեկ մետրից։ Սերմերը կլոր են, մի կողմից տափակ, փայլուն, մուգ շականակագույն։ Մեկ գրամ թավշենու (C.cristata ) սերմը պարունակում է մոտավորապես՝ 1200 հատիկ, իսկ բրգաձևը (C.pyramidalis)՝ մոտավորապես 1100 հատիկ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկանոցների ձևավորման գործում մեծ է թավշենու գեղազարդիչ նշանակությունը։ Գեղեցիկ ծաղիկների և մուգ կարմիր տերևների շնորհիվ այն հաճելի կոնտրաստներ է առջացնում և թարմացնում ընդհանուր տեսարանը։ Ծաղիկները կտրած վիճակում կարելի է օգտագործել ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը՝ չորացնելուց հետո։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմատներում ցանկը կատարվում է մարտ ամսում, ցանկարկղերի կամ կավաթասերի մեջ։ Կարելի է ցանել նաև կիսատաք ջերմոցի գրունտում, ապրիլ ամսի առաջին տասնօրյակում։ Հողի նկատմամբ բույսը պահանջկոտ է, լավ է աճում պարարտ հողում։ Բույսերի հետագա աճը շատ բանով կախված է խնամքի աշխատանքներից։ Այդ տեսակետից պետք է հետևել, որ ջերմաստիճանի անկում չլինի, բույսերը ժամանակին ջուր և օժանդակ սնուցում ստանան և այլն։ Բացի այդ, գլխավոր ծաղկաբույլի նորմալ չափերը պաշտպանելու նպատակով պետք է հեռացնել բոլոր այն կատարիկները, որոնք դուրս են գալիս բույսի տերևանյութերից։ Լավ է աճում արևոտ տեղում, պարարտ հողում։ Ջուրը տրվում է ըստ պահանջի։ Ծլունակությունը պահպանում են 4-5 տարի, 20-25° ջերմության դեպքում ծլում են 6-8 օրվա ընթացքում։ Մեր պայմաններում ծաղկում է հուլիսի սկզբներից մինչև ուշ աշուն։

Թավշենու ընդհանուր տեսքը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ.Ե.Նարինջյան