Թաղիքագործությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թաղիքագործություն, արհեստ, որը տարածված է եղել Հայկական լեռնաշխահում։ Թաղիքագործությամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Բրդից պատրաստված թաղիքը ամենահին հայտնի գործվածքն է, որի համար ոչ մի գործիք պետք չէ, միայն ջուր և խոնավություն։ Արհեստի առաջացման հիմքում բուրդը թաղկելու կամ լմելու, այսինքն բրդի մանրաթելերի` իրաից կառչելու և ջրի ու հարվածների ազդեցությամբ իրար մեջ գործվելու, կուչ գալու, կծկվելու հատկությունն է, որի արդյունքում առաջանում է բավականին ամուր գործվածք` թաղիք։ Այն բավականին ջերմամեկուսիչ է և օդաթափանց։

Գունավոր թաղիք

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղիքը բրդից կամ մազից շինված՝ հաստ կամ բարակ կտոր է, որ պատրաստում են՝ թրջած բուրդը կամ մազը գլանաձեւ փայտի վրա փաթաթելով կամ կտավի վրա փռելով և ապա հարելով, լմելով՝ մինչև որ բրդի կամ մազի թելերը իրար հետ շաղվեն, թաղկեն[1]։ Թաղիք բառից բացի հայերենի տարբեր բարբառներում գործածական են նաև կաճ, քեչա, կառն, թաղ, թաղկին, կեչ, կիզ բառերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղիքե յափնջու պատրաստումը

Շատ մշակույթներ ունեն լեգենդներ կապված թաղիքագործության առաջացման հետ։ Թաղիքի առաջացումը կապվում է նաև Հայկական լեռնաշխարհի հետ, քանի որ ըստ ավանդության, երբ ջրհեղեղից հետո Նոյն իջավ Արարատ լեռան վրա, տապանի հատակին բուրդը խոնավությունից սեղմվել և առաջացրել էր թաղիք՝ առաջին գործվածքը[2]։

Թաղիքագործությունը Հայաստանում լայն արածում և զարգացում է ունեցել։ Այն դուրս է եղել տնայնագործության սահմաններից, եղել են թաղիքագործների աշխատանոցներ, ուր աշխատել են վարպետը, օգնականը և աշկերտները։ Թաղիքի հումքը եղել է տեղական։ Թաղիքագործը հումքը հիմնականում ստացել է փոխանակության կարգով, այսինքն ստացել է բուրդը և տվել պատրաստի թաղիքը։ Անկախ թաղիքի փոխանակության այս ձևից, թաղիքագործն իր միջոցներով պատրաստել է նաև յափնջի, այծենակաճ՝ հովվական անթև վերարկու, թամբի և փալանի համար անհրաժեշտ թաղիք, որոնք փոխանակվել են զանազան սննդամթերքների հետ։ Յափնջու պատրաստությունն ավելի մեծ հմտություն և աշխատանք է պահանջել․ դրա բուրդն ավելի լավ տեսակից պետք է լիներ։ Թաղիքից պատրաստել են նաև զարդանկարներով գորգեր, հագուստի տարբեր մասեր։

Թաղիք գցելը եղել է ծիսականացված արարողություն։ Այն եղել է համընդհանուր ուրախություն, կարևոր ոչ միայն տվյալ ընտանիքի, հարևանների, այլ նաև համայնքի համար։ Մասնակցել են մանուկ և տարեց, նաև երիտասարդներ, որոնց գլխավոր պարտականությունը եղել է թաղիքը հարելը։ Կանայք ու աղջիկները տաք ջուր են մատակարարել, կերակուր եփել սակայն լմելու բուն արարողությանը չեն մասնակցել։ Այս ամենը տևել է համարյա 2 օր՝ նվագով ու երգով, հեքիաթ պատմելով ու ասացողությամբ։

Թաղքադիրները (թաղիքագործ վարպետը նախկինում կոչվել է թաղքադիր՝ թաղիք դնող) եղել են նաև լավ պատմողներ, նրանցից շատերը էպոսի լավ գիտակներ են եղել։ Հայտնի էին նաև բուրդ գզող շրջիկ արհեստավորները՝ գզրարները, որոնք հիմնականում եղել են տղամարդիկ, քանի որ թաղիքի բուրդը լավ գզած պետք է լիներ, իսկ այդ աշխատանքը մեծ ուժ էր պահանջում։

Այսօր Հայաստանում թաղիքագործության արհեստը մոռացությունից փրկելու, ազգային մշակութային արժեքների ճանաչողության և վերարժևորման շարունակականությունն ապահովելու և տարածելու համար մի շարք մշակութային հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպվում են դասընթացներ, վարպետաց դասեր, անցկացվում են փառատոններ, ցուցադրություններ[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nayiri.com». www.nayiri.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Թաղիքագործություն». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
  3. TV, Azat (2019 թ․ հուլիսի 21). «Գավառ քաղաքում անցկացվեց «Թաղիքի օր» ցուցահանդես-տոնահանդեսը». Your Site NAME Goes HERE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
  4. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Ամփոփվել է «Մոռացված ավանդույթների՝ թաղիքագործության, ժանեկագործության և կարպետագործության արհեստագործական հմտությունների և տեսական գիտելիքների ուսուցում» ծրագիրը». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղիքագործության ուսուցողական տեսահոլովակ