Ընձաքարի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ընձաքարի վանք
Հիմնական տվյալներ
Հիմնադրված4-րդ դար

Կապուտկողի Սուրբ Հակոբ վանք, հայտնի է նաև որպես Ընձաքարի վանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառում, Կապուտկող լեռան արևելյան լանջին, Ընձաք գյուղի մոտ։ Վանքը նվիրվել է Հակոբ Մծբնացի հայրապետին, այստեղ էլ պահվել է նրա ճկույթը։ Ըստ ավանդության՝ Ընձաքարի վանքը հիմնադրվել է 4-րդ դարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկում է ապրել 10–11-րդ դարերում, Վասպուրականի Արծրունյաց թագավորների հովանավորությամբ։ Նրանք կառուցել են Ս. Հակոբ, Ս. Աստվածածին, Ս. Հովհաննես և Ս. Երեք Մանկունք եկեղեցիները։ Վանքի միաբանների թիվը եղել է շուրջ 300։ 13–14-րդ դարերում Ընձաքարի վանքը դարերում լքվել է և ավերվել։

1412 թվականին վանահայր Ստեփանոս Փիրը հիմնովին վերակառուցել է վանքը (ճարտարապետներ՝ Գրիգոր և Հովհաննես), վերականգնել Ս. Հակոբ եկեղեցու գմբեթը (աղյուսով), խցերը, տնտեսական շինությունները, պարիսպը։ 15-րդ դարում վանքը ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ արտեր, այգիներ, ձեռագրեր։ Ունեցել է հարուստ գրադարան։

1445 թվականին եպիսկոպոս Ստեփանոսը նորոգել է վանքի պարիսպը և շինությունները, սալարկել եկեղեցիների աղոթասրահները։ 17–18-րդ դարերում վանքը եղել է նշանավոր ուխտատեղի։ 1850 թվականին շրջակայքի քրդերը հափշտակել են վանքում պահվող Հակոբ Մծբնացու մասունքը և Նոյյան տապանի մասնիկը։ 1877 թվականին վանքը զգալի տուժել է ռուս-թուրքական պատերազմից և 7 տարի լքված եղել։ Վերջնականապես դադարել է գործել 1895 թվականին։

1970 թվականին թուրք իշխանություններն ամբողջովին քանդել են վանքը և նրա տեղով խճուղի անցկացրել։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընձաքարի վանքի Ս. Հակոբ եկեղեցին ունեցել է գմբեթավոր, ներքուստ՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Եկեղեցու ներսը, բացի ավանդատներից, լրիվ ծածկված է եղել արժեքավոր որմնանկարներով (10-րդ դար), որոնք պատկերագրական ու ոճական շատ ընդհանրություններ ունեն Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարների հետ։ Հարավային խաչաթևում պատկերվել է «Ավետման» տեսարանը (պահպանվել էին գահավորակին նստած Աստվածածնի և Գաբրիել հրեշտակապետի պատկերները), փախուստը Եգիպտոս, վիշապին սպանող ս. Գևորգը, շքեղ հագուստներով երկու անձնավորություն (հավանաբար վանքը կառուցող Արծրունյաց թագավորական տան անդամները), սրբեր, զինվորներ և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան։ Երևան: Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ.։ 2002։ էջ 475 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902:
  • Լալայան Ե., Վասպուրականի նշանավոր վանքեր, ԱՀ, գիրք 22, Թ., 1912:
  • Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 1, Վնն., 1940: