Jump to content

Էրֆուրտի աղետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբազան Հռոմեական կայսրության ապագա կայսր Հենրիխ VI-ը, որը փրկվել է Էրֆուրտի աղետից

Էրֆուրտի աղետը տեղի է ունեցել 1184 թվականի հուլիսի 26-ին, երբ Գերմանիայի Հենրիխ VI թագավորը Էրֆուրտի Պետերբերգ ամրոցում անցկացրել է հոֆթագ (ոչ պաշտոնական հանդիպում)։ Հուլիսի 26-ի առավոտյան հավաքված ազնվականների ընդհանուր ծանրության տակ շենքի փայտե երկրորդ հարկը փլուզվել է, և ներկաների մեծ մասն ընկել է առաջին հարկի տակ գտնվող մարդկային արտաթորանքով փոսը, որտեղ նրանցից մոտ 60-ը մահացել է՝ խեղդվելով հեղուկ արտաթորանքում կամ շնչահեղձ լինելով դրա գոլորշիները ներշնչելուց։ Այս իրադարձությունը հայտնի է որպես Erfurter Latrinensturz (բառացի՝ «Էրֆուրտյան անկումը պետքարան»)[1][2][3]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1184 թվականի ամռանը հռոմեական Հենրիխ VI թագավորը՝ Սրբազան Հռոմեական կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդին և համակառավարիչը, հոր հրամանով գլխավորել է մի ռազմական արշավ, որի նպատակն էր օգնել լեհ իշխան Մեշկո III-ին իր եղբոր՝ Կազիմիր II-ի դեմ պայքարում։ 1184 թվականի հուլիսին նա Էրֆուրտում էր, որտեղ որոշել է լուծել Թյուրինգիայի լանդգրաֆ Լյուդվիգ III-ի և Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադի միջև հակամարտությունը, որը ծագել էր Հենրիխ Առյուծի տիրապետության բաժանումից հետո։ Դրա համար նա հրավիրել էր հոֆթագ՝ կայսերական ազնվականության ոչ պաշտոնական ժողով[4][5]։

Իրադարձություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մի վարկածի՝ Էրֆուրտի հոֆթագը տեղի է ունեցել Մայնցի արքեպիսկոպոսի նստավայր ամրոցում, ըստ մյուսի՝ Սուրբ Մարիամ եկեղեցում։ Դրան մասնակցել են Սրբազան Հռոմեական կայսրության աշխարհիկ և եկեղեցական մեծ թվով իշխաններ, ազնվական քաղաքացիներ և Հենրիխ VI թագավորը։ Հուլիսի 26-ին նրանք հավաքվել են շենքի երկրորդ հարկում։ Հանդիպումը սկսվելուց անմիջապես հետո սենյակում գտնվող մարդկանց ծանրությունից հին փայտե հատակը փլուզվել է։ Դրա հետևանքով մասնակիցների մեծ մասը հայտնվել է առաջին հարկում, որի հատակը նույնպես չի դիմացել ընկած մարդկանց ծանրությանը, և ոմանք ընկել են ավելի ներքև՝ տարիներ շարունակ չմաքրված կեղտահորի մեջ։ Մոտ 60 մարդ զոհվել են, շատերը ստացել են վնասվածքներ[4][5][6][7]։

Մահացածներից շատերը խեղդվել են մարդկային արտաթորանքների մեջ կամ շնչահեղձ եղել քայքայվող թափոնների արտանետած գոլորշիներից, իսկ մյուսները մնացել են թափվող բեկորների տակ։ Ոմանց հաջողվել է դուրս բերել փոսից։

Զոհվածների թվում էին ազնվական Հայնրիխ ֆոն Շվարցբուրգը, որի պատճառով սկսվել էր հակամարտությունը, Ֆրիդրիխ ֆոն Աբենբերգը, Բուրգրավ Ֆրիդրիխ I ֆոն Կիրխբերգը, կոմս Գոզմար III ֆոն Ցիգենհայնը, Բուրխարդ ֆոն Վարթբերգը, Բերինգեր ֆոն Մելինգենը։ Լանդգրաֆ Լյուդվիգ III-ը եղել է հորն ընկածների թվում, սակայն նա փրկվել է։ Չեն ընկել միայն քարե հատակով խորշում նստածները։ Նրանց թվում էին Հենրիխ թագավորը և արքեպիսկոպոս Կոնրադը։ Նրանց հանելու համար ստիպված սանդուղքներ են բերել[4]։

Էրֆուրտի տարեգրությունը հայտնում է, որ Հենրիխ թագավորն այնքան էր ապշահար իր մերձավոր անձանց հանկարծակի մահից, որ անմիջապես լքել է Էրֆուրտը, իսկ լանդգրաֆի և արքեպիսկոպոսի միջև վեճը այդպես էլ մնացել է չլուծված[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Curio #1: The Erfurter Latrinensturz». The Fortweekly. 2008-04. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. Magnusson, Roberta J. (2003 թ․ ապրիլի 1). Water Technology in the Middle Ages: Cities, Monasteries, and Waterworks after the Roman Empire (անգլերեն). JHU Press. էջ 155. ISBN 978-0-8018-7283-9.
  3. Arnold, Benjamin (2004 թ․ հունվարի 29). Princes and Territories in Medieval Germany (անգլերեն). Cambridge University Press. էջ 77. ISBN 978-0-521-52148-2.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Rundfunk, Bayerischer (2011 թ․ հուլիսի 26). «26. Juli 1184 : Erfurter Latrinensturz». Bayerischer Rundfunk (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 «Chronik von St. Peter zu Erfurt» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «RI IV,2,4 n. 2778, Friedrich I., 1184 Juli 25–26, Erfurt : Regesta Imperii». www.regesta-imperii.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. Schwiebert, Ernest George (1996). The Reformation (անգլերեն). Fortress Press. էջ 100. ISBN 978-0-8006-2836-9.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]