Էրեբունի-Երևան հիմնադրման սեպագիր արձանագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևանի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը

Էրեբունի-Երևան հիմնադրման սեպագիր արձանագրություն, արձանագրություն Էրեբունի ամրոցի կառուցման մասին։ Կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի)։ Սեպագիր արձանագրության բնօրինակը գտնվում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։

Արձանագրության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը։ Այն կառուցվել է Ք. Ա. 782 թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի` Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների։ 19-րդ դարի վերջերին հնագետ Ալեքսեյ Իվանովսկին Երևանի բնակիչ Պ. Տեր-Ավետիքյանից ձեռք է բերում նրա Նորքի տան բակից գտնված մի բազալտե սեպագիր արձանագրություն, որն էլ վերծանվում և հրատարակվում է Միխայիլ Նիկոլսկու կողմից։

Ա. Իվանովսկին այսեղ կատարում է մասնակի պեղումներ, որից հետո երկար ժամանակ բլուրը մնում է չուսումնասիրված։ Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.` Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզ դարձավ, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի Ա արքայի կողմից և անվանվել Էրեբունի (Էրբունի)։ Էրեբունի անվան ծագման մասին մասնագիտական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ։ Դրանց համաձայն՝ էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»։ Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք[1][2]։

Արձանագրության բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

(1) Խալդիին՝ տիրոջը, այս տունը
(2) Արգիշթին Մինուայի որդին
(3) կառուցեց (նաև) բերդ հոյակապ.
(4) դրեցի Էր(ե)բունի անունը,
(5) Բիայնի երկրների փառքի համար,
(6) թշնամիներին ի սարսափ։
(7) Խալդյան մեծությամբ
(8)Արգիշթին Մինուայի որդին
(9) թագավոր (է) հզոր, թագավորը՝ Բիայնիլի երկրների
(10)տերը՝ Տուշպա քաղաքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Administrator։ «Էրեբունի քաղաքատեղի»։ erebuni.am (hy-am)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-06-ին։ Վերցված է 2018-06-07 
  2. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարան, Կատալոգ, Երևան 2017թ.