Զինաիդա Միխայիլի Տուրչինա ( ուկրաիներեն՝ Зінаїда Михайлiвна Турчина, ծնյալ Ստոլիտենկո. մայիսի 17, 1946(1946-05-17), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նախկին ձեռնագնդորդուհի։ Մարզվելով իր ամուսնու՝ Իգոր Տուրչինի ղեկավարությամբ, Խորհրդային Միության հավաքականի կազմում 1973-1988 թվականներին մասնակցել է բոլոր խոշոր միջազգային մրցաշարերին, բացառությամբ ԽՍՀՄ-ի կողմից բոյկոտված 1984 թվականի ամառային օլիմպիական խաղերի, նվաճել է երեք օլիմպիական[1] և աշխարհի չեմպիոնի հինգ ոսկե մեդալ[2][3]։ 2000 թվականին ձեռքի գնդակի միջազգային ֆեդերացիան և մարզական լրագրողները նրան ճանաչել ու հռչակել են 20-րդ դարի լավագույն ձեռնագնդորդուհի[4][5]։
Ստոլիտենկոյին 1959 թվականին ձեռքի գնդակի պարապմունքների է բերել այդ ժամանակ արդեն որպես մարզիչ աշխատող Իգոր Տուրչինը, ով նրանից մեծ էր 10 տարով։ Վերջինս հետագայում գլխավորել է Կիևի Սպարտակ թիմը՝ 1962-1993 թվականներին և Խորհրդային Միության հավաքականը՝ 1973-1993 թվականներին։ Զինաիդան ամուսնացել է նրա հետ 1965 թվականին և փոխել ազգանունը՝ Ստոլիտենկոյից դառնալով Տուրչինա։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Նատալյան (ծնված 1971 թ.) և մեկ որդի՝ Միխայիլը (ծնված 1983 թ.): Նատալյան իր մոր հետ ձեռքի գնդակ է խաղացել Կիևի «Սպարտակում», իսկ Միխայիլը զբաղվել է բասկետբոլով[5]։ 1993 թվականին՝ ամուսնու մահից հետո, Տուրչինան ստանձնել է նրա մարզչական պաշտոնները Կիևի «Սպարտակում» և Ուկրաինայի ազգային հավաքականում։ 1996 թվականին նա ավարտել է մարզչական կարիերան, սակայն մինչև օրս աշխատում է որպես Կիևի «Սպարտակի» մենեջեր[6][7]։ 2002 թվականից նա ապրում է իր ընկերոջ՝ Վլադիմիրի հետ[8]։