Զեեմանի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զեեմանի երևույթից)
Սպեկտրալ գծերի տրոհում

Զեեմանի երևույթ կամ Զեեմանի էֆեկտ, մագնիսական դաշտի ազդեցությամբ սպեկտրային գծերի տրոհումը բաղադրիչների՝ կապված ատոմի էներգետիկ մակարդակների ճեղքման հետ։ Հայտնաբերել է Պիտեր Զեեմանը (1896) մագնիսական դաշտում նատրիումի գոլորշիների լուսարձակումը հետազոտելիս։ Զեեմանի երևույթը դիտելու համար օգտագործվում է սպեկտրային գծի բաղադրիչների քանակը, փոխդասավորությունը, բևեռացումը և ինտենսիվությունը կախված են էներգետիկ մակարդակների կառուցվածքից, մագնիսական դաշտի լարվածությունից և դիտման ուղղությունից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեեմանի պարզ էֆեկտը․ բևեռացման ուղղությունը ցույց է տրված սլաքներով

Պարզագույն դեպքում, մագնիսական դաշտին ուղղահայաց ուղղությամբ դիտելիս, ստացվում է տրիպլետ νo+Δν, νo և νo—Δν հաճախականություններով, ընդ որում սկզբնական νo հաճախականությամբ բաղադրիչների էլեկտրական վեկտորի տատանումները զուգահեռ են մագնիսական դաշտի H լարվածությանը (π-բաղադրիչ), իսկ սիմետրիկ տեղաշարժված երկու բաղադրիչներինը՝ ուղղահայաց են H-ին (σ-բաղադրիչներ)։ Մագնիսական դաշտի ուղղությամբ դիտելիս ստացվում է νօ+ Δν և νo—Δν դուբլետը (2 գիծ)։ Մեծ հաճախականությամբ բաղադրիչը բևեռացված է աջ, իսկ փոքր հաճախականությամբ բաղադրիչը՝ ձախ շրջանով։ Տրոհման այսպիսի պատկեր (պարզ կամ նորմալ Զեեմանի երևույթ) ստացվում է միայն առանձին սպեկտրային գծերի համար, ինչպես նաև հզոր մագնիսական դաշտում (Պաշեն-Բակի երևույթ

Ընդհանուր դեպքում դիտվում է բարդ կամ անոմալ Զեեմանի էֆեկտ՝ առաջանում են սկզբնական գծի նկատմամբ սիմետրիկ տեղաշարժված π և σ հավասարահեռ բաղադրիչների խմբեր։

Տեսական բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեեմանի երևույթի առաջիև տեսական բացատրությունը տվել է Հենդրիկ Լորենցը։ Ըստ դասական էլեկտրոնային տեսության, ատոմում առաձգականորեն կապված էլեկտրոնի տատանումների vօ հաճախականությունը արտաքին մագնիսական H դաշտի ազդեցությամբ փոխվում է

մեծությամբ (e-ն և m-ը էլեկտրոնի լիցքը և զանգվածն են, c-ն լույսի արագությունն է)։

Զեեմանի էֆեկտի ամբողջական բացատրությունը տալիս է քվանտային տեսությունը, ըստ որի՝ էներգետիկ մակարդակների ճեղքումը պայմանավորված է ատոմի շարժման քանակի մեխանիկական մոմենտի և դրա հետ կապված մագնիսական μ մոմենտի առկայությամբ։ μ֊ն մագնիսական դաշտում կարող է դասավորվել միայն որոշակի ձևով, նրա հնարավոր դասավորությունների թիվը հավասար է էներգետիկ մակարդակի այլասերման աստիճանին, այսինքն՝ տվյալ E Էներգիայով ատոմի հնարավոր վիճակների թվին։

Մագնիսական դաշտում μ-ի յուրաքանչյուր դասավորությանը համապատասխան՝ ատոմը ձեռք է բերում լրացուցիչ

էներգիա (μn-ը μ-ի պրոյեկցիան է H-ի ուղղությամբ), որի շնորհիվ այլասերումը վերանում է, և մակարդակը ճեղքվում է մի շարք հավասարահեռ ենթամակարդակների։ Քվանտային անցումները տարբեր մակարդակների ենթամակարդակների միջև պայմանավորում են Զեեմանի սպեկտրային գծերի համար։

Ռադիոսպեկտրոսկոպիայի մեթոդներով կարելի է դիտել նաև ստիպողական մագնիսական քվանտային անցումները միևնույն մակարդակի ենթամակարդտկների միջև։ Զեեմանի երևույթը դիտվում է նաև մոլեկուլների և բյուրեղների սպեկտրներում։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեեմանի երևույթը կիրառվում է տիեզերական օբյեկտների մագնիսական դաշտերի չափման համար, սպեկտրոսկոպիայում, քվանտային էլեկտրոնիկայի սարքավորումներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեեմանի էֆեկտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Զեեմանի երևույթ» հոդվածից (հ․ 3, էջ 680 )։