Զբոսանք (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զբոսանք
տեսակգծանկար
նկարիչԷդգար Շահին
տարի1902 թվական
բարձրություն72,5, 66,5
լայնություն52,2, 46,3
ժանրգծանկար
նյութօֆորտ, թուղթ, չոր ասեղ, ակվանտիտ
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաունևոր դասի զբոսանքի պատկեր
Ծանոթագրություններ

Զբոսանք[1], Էդգար Շահինի նկարներից, որը ներկայացնում է այգում կառքերով զբոսանքի դուրս եկած հարուստ դասի ներկայացուցիչներին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգում զբոսնող կառքերի ֆոնի վրա մեծ մասշտաբով առանձնացված է կառքերից մեկը, որի մեջ տիրաբար բազմել է շքեղ, սպիտակ զգեստով ոմն երիտասարդ ազնվական կին։ Շահինը օբյեկտիվորեն է պատկերել իրադրությունը` տիպար ընտրելով վայելչատես արտաքինով, փափկասուն կյանքով ապրած անձնավորության՝ շքեղ կառքում բազմած։ Կառքին լծված են ընտիր, գեղեցիկ ձիեր, որոնց վարում է մոդայիկ համազգեստով կառապանը։

Շահինը ստեղծել է գեղեցիկ պատկեր։ Մեծ ճաշակով, գրեթե աննկատելի նուրբ գծերով է պատկերված կնոջ սպիտակ զգեստը, որն ուժեղ հակադրումով ընդգծվում է սև կառքի ֆոնին՝ շքեղություն տալով պատկերին։ Կնոջ դեմքը մշակված է մանրամասնորեն.այն թեպետ գեղեցիկ է, բայց թվում է անբովանդակալի, անհոգ, անաշխատ կյանքով ապրող սեթևեթ կնոջ էությանը բնորոշ նկարագրով։

Պատկերը միտումնավոր կերպով բացահայտում է հասարակության ունևոր և չքավոր խավի մեջ գոյություն ունեցող հսկայական անջրպետը։ Շահինը հետաքրքրություն է ցուցաբերել Փարիզի ունևոր դասի կյանքի նկատմամբ՝ պատկերելով առանձին դրվագ, որը ներկայացնում է առավելապես զբոսանքի, ժամանցի տեսարան։

Քննադատների արձագանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահինը հնարամտություն ունի հայտնաբերելու օֆորտի հնարավորությունները։ Սևի ու սպիտակի ներդաշնակումը հասցված է վիրտուոզության։ Նշանավոր քննադատ Գյուստավ Ժեֆռուան նշում է.«Ինքնատիպ փորագրություններու մեջ Շահինի օֆորտները չոր ասեղով բոլորովին ինքնուրույն տեղ կը գրավեն գծվածքի որոշակիությամբ, ձևի ամփոփումով, սևի ու սպիտակի ճիշտ բաշխումով։ Արվեստագետը ոչ միայն ճարտար է պղինձը փորելու և ուզածի պես գործածելու, այլև գիտե տեսնել ու տեսածը ցույց տալ։ Կարող է հանդիսանում դեմքերն ու տեսարանները խուզարկել և մեր հայեցողությանը ընծայել այն նուրբ և ուշագրավ պատկերները, որոնք հաջողված են եղել»։ Գյուստավ Քանը ասում է․ «Շահինը մեկն է այն մեծ վարպետներից, որոնք գույն են ստեղծում գծանկարի ուժով , սև ու սպիտակի պարզ խաղերով։ Նա կատարելագործության հասցրեց չոր ասեղի տեխնիկան, և ոչ մի գույն չի հասնի վիբրացիայի այն կատարելությանը, որին Շահինը հասել է գծանկարի միջոցով»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շահին Էդգար Պետրոսի | Զբոսանք (ինվենտար համար` 15660) - Database - Collection - National Gallery of Armenia». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  2. Եղիշե Մարտկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987