Զատկի կղզու պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
մոաիներ, կղզու պատմության կարևոր բաղադրիչը

Զատկի կղզի (կամ Ռափա Նուին), աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզիներից, մեծապես հենց մեկուսացվածության շնորհիվ է Ռափա Նուայի պատմությունը կրում եզակի բնույթ։ Գոյություն ունեն բազմաթիվ գիտական հիպոթեզներ և կանխավարկածներ՝ կապված Ռափա Նուայի բնակեցման ժամանակի, տեղաբնակների ռասայական պատկանելության, եզակի քաղաքակրթության ոչնչացման պատճառների հետ, որոնց ներկայացուցիչները կերտում էին հսկայական քարե կոթողներ՝ մոաիներ և ունեին գիր (ռոնգո-ռոնգո), որը մինչ այժմ վերծանված չի լեզվաբանների կողմից։ Սկսած 1722 թվականից, երբ հոլանդացի ճանապարհորդ Յակոբ Ռոշգևենը հայտնաբերեց կղզին, և այնտեղ հայտնվեցին առաջին կաթոլիկ միսիոներները, ռափանույցիների կյանքում տեղի ունեցան արմատական փոփոխություններ. մոռացվեցին հնում գոյություն ունեցող հիերարխիկ հարաբերությունները, վերջ դրվեց մարդակերությանը։ 19-րդ դարի կեսերին տեղաբնակները ենթարկվեցին ստրկավաճառության, ինչին զոհ գնացին ռափանույցիների մեծ մասը, նրանց հետ մեկտեղ կորցվեցին տեղական եզակի մշակույթի բազմաթիվ տարրեր։ 1888 թվականի սեպտեմբերի 9-ին կղզին անեքսիայի ենթարկվեց հօգուտ Չիլիի։ 20-րդ դարում Ռափա Նուին դարձավ հետազոտողների հսկայական հետաքրքրության առարկա, որոնք փորձում էին գուշակել անհետացած ռափանույան քաղաքակրթության գաղտնիքները (նրանց թվում էր նորվեգացի ճանապարհորդ Թուր Հեյերդալը)։ Այդ ժամանակ տեղի ունեցան որոշակի բարելավումներ կղզու ենթակառուցվածքներում և ռափանույցիների կյանքի որակում։ 1995 թվականին «Ռափա Նուի» ազգային պարկը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ 21-րդ դարում կղզին շարունակում է գրավել զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից, իսկ զբոսաշրջությունը դարձել է տեղաբնակների եկամուտների հիմնական աղբյուրը։