Երևանի շրջակա միջավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի շրջակա միջավայրին, բոլոր խոշոր քաղաքների նման, բնորոշ են մթնոլորտային օդի և ջրի ավազանների մաքրության, կանաչապատ տարածքների պահպանության ու ընդլայնման հիմնախնդիրները։

Կանաչապատման աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում առաջին հեկտարսարակական պարտեզն Անգլիական այգին էր (միակը՝ մինչև 1920 թվականը, այժմ՝ Թատերական այգի)։ Երևանի առաջին (1924 թվական) և հաջորդ բոլոր հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատման հարցերին։ 1930-ական թվականներին սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարի թաղի լանջերի կանաչապատումը։ Հետագայում ստեղծվել են «Հաղթանակ», «Օղակաձև», Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Ազատության հրապարակի, Շահումյանի պուրակները, Հրազդանի կիրճի, Մալաթիա թաղամասի Ջրաշենի հանգստյան գոտիները և այլն։ 1990 թվականին Երևանն ունեցել է մոտ 1930 հեկտար ծառածածկ տարածք։ Այդուհանդերձ, կանաչապատման աստիճանը չի գերազանցել 11,4 %-ը. նախատեսված էր 40 %։ Միջազգային նվազագույն չափանիշով (50 մ/մարդ) 1,2 միլիոն բնակչություն (1986 թվական) ունեցող քաղաքին անհրաժեշտ է 6000 հեկտար ծառածածկ տարածք, մինչդեռ Երևանում այն 3 անգամ պակաս է ընդունված չափանիշից։ Ավելին, 1991-1995 թթ.-ի էներգետիկ, ճգնաժամի տարիներին Երևանում հատվել է մոտ 470 հեկտար ծառածածկ տարածք՝ 38 հեկտարը՝ լիակատար, 132 հեկտարը՝ համատարած, 300 հեկտարը՝ մասնակի կորուստներով։ 1995 թվականին քաղաքի ընդհանուր՝ 20 հազար հեկտար տարածքից ծառածածկ էր 1460 հեկտարը, կանաչապատման աստիճանը՝ 7,3 %։ 1995-2000 թվականներին կառուցապատման հետևանքով վերացվել է ևս 700 հեկտար ծառածածկ տարածք։ 2004 թվականին քաղաքում մնացել էր 570 հեկտար կանաչ տարածք՝ 60 % միջին ծառածածկով (342 հեկտար), կանաչապատման աստիճանը՝ 1,55 %։

2005-2007 թվականներին վերակառուցվել է շուրջ 120 կմ ջրագիծ, որը մայրաքաղաքում կանաչ տարածքների համեմատաբար լիարժեք պահպանման և հետագայում ավելացման լավ նախապայման է։

Հետագա ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2007 թվականներին Երևանում տնկել են 110 հազար ծառ և 162 հազար թուփ՝ 65-70 % կպչողականությամբ։ Նախատեսված է մինչև 2020 թվականը շարունակել ծառազուրկ տարածքների վերականգնումն ու կանաչապատումը, ինչպես նաև ստեղծել նորերը՝ հիմնականում Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջաններում։ Կանաչապատման մեծածավալ աշխատանքներ նախատեսված են Դալմայի այգիներում (256 հեկտար, քաղաքային նշանակության պատմամշակույթային համալիր), ինչպես նաև Հրազդանի կիրճում և այլն։ Տրանսպորտով ծանրաբեռնված պողոտաներում և փողոցներում տնկել են գազադիմացկուն ծառատեսակներ, որոնք զգալիորեն կմեղմեն տրանսպորտային միջոցների արտանետած վնասակար նյութերի ազդեցությունը։ Մայրաքաղաքի հարավային հեկտարտվածում՝ Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, որտեղ մթնոլորտում զգալիորեն բարձր է փոշու պարունակությունը, նախատեսվում է տնկել փոշեկլանիչ ծառատեսակներ և թփատեսակներ։ Երևանի նոր՝ գլխավոր հատակագծով՝ մինչև 2020 թվականը նախատեսվում է 1300 հեկտարով ավելացնել կանաչ տարածքները։ Մշակվել են առաջիկա 15 տարվա կանաչապատման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր։

Երևանի տարբեր հատվածներում կան 41 զբոսայգի և պուրակ։ 2010 թվականի հոկտեմբերին ավարտվել է Սիրահարների այգու (նախկին Ալեքսանդր Պուշկինի անվան) վերակառուցումը, որն ունի գեղեցիկ արհեստ, լճակներ ու ջրվեժներ, քարե հորինվածքներ ու արձաններ, ինչպես նաև բացօթյա ամֆիթատրոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png