Երիտասարդության տուն (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդության տուն
ՏեսակԿիռիկլա, Սպայի տուն, մշակույթի տուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ
ՓողոցDimitrova Street? (5)
Ճարտարապետական ոճՀյուսիսեվրոպական նեոկլասիցիզմ
Մասն էDimitrova Street?
Հիմնադրված է1930
ՃարտարապետՅալմարի Լանկինե
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Երիտասարդության տուն (ռուս.՝ Дом молодёжи), 1930 թվականին ճարտարապետ Յալմարի Լանկինենի նախագծով Վիբորգում կառուցված շենք, որը եղել է լյութերական մայր տաճարի ծխական տուն, այնուհետև երկար ժամանակ ծառայել է որպես կայազորային սպաների տուն։ Հյուսիսեվրոպական նեոկլասիցիզմի ոճով կառուցված վեց հարկանի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Դիմիտրովի փողոցում և ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգ քաղաքի ֆիննական Լյութերական ծխական համայնքը կազմավորվել է 1906 թվականին, իսկ 1931 թվականին վերանվանվել Վիբորգի մայր տաճարի ծխական համայնք[2]։ Տաճարից ոչ հեռու գտնվող տարածքում ճարտարապետ Յալմարի Լանկինենի նախագծով 1928-1930 թվականներին ծխական համայնքի կարիքների համար կառուցվում է վեց հարկանի շենք։ Այն դառնում է այսպես կոչված Հյուսիսեվրոպական նեոկլասիցիզմի անցումային ճարտարապետական ոճի վերջին նմուշներից մեկը, որն աստիճանաբար ավելի շատ ընդգրկում էր ֆունկցիոնալիզմի տարրեր և 1930-ականներին վերջապես դուրս մղվեց մոդեռնիզմի ուղղության կողմից։ Հարթ սվաղված ճակատը առաջին և երկրորդ հարկերի պատուհանների միջև զարդարված է ռելիեֆային երկրաչափական նախշերով ամրակներով, որոնք նախատեսված են դրոշների տեղադրման համար, քանի որ Սկանդինավյան և Բալթյան երկրների բնորոշ առանձնահատկություններից մեկը ազգային դրոշների հաճախակի կախելն է։ Գլխավոր շքամուտքի ձևավորումը բնորոշ էր այդ ժամանակաշրջանի Ֆեննոսկանդիայի շատ հասարակական շենքերին։ Սվաստիկայի զարդանախշը օգտագործվել է ֆրանսիական կողային փոքր պատշգամբների վանդակաճաղերի դեկորատիվ զարդարման նպատակով։ Շենքի վերին մասը ավարտվում է քիվով և երկրաչափական զարդաքանդակով։

Մինչ պատերազմյան լուսանկար

Վերելակով ապահովված հիմնական շենքին կից բակային մասնաշենքում տեղակայված է 600 տեղանոց ընդարձակ հանդիսասրահը բարձր պատուհաններով և երկրորդ հարկից մուտքով։ Այստեղ տեղի են ունեցել ծխական համայնքի ժողովները և զանազան միջոցառումներ։ Ծխական հաստատությունները տեղակայված էին հիմնական մասնաշենքի ներքևի հարկերում, իսկ վերին հարկերը, որպես բնակարան հատկացված էին եկեղեցու սպասավորներին։

Երկար ժամանակ շենքը չի օգտագործվել իր նախնական նպատակի համար. խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) հետևանքով լյութերական ծխական համայնքի գործունեությունը դադարել է, իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո տարածքները հատկացվել են 1945 թվականին ստեղծված Վիբորգի կայազորի սպաների տանը[3]։ Երկաթակուռ սվաստիկայի զարդանախշերը Նյուրնբերգյան դատավարության որոշումներով արգելված նացիստական գաղափարախոսության մյուս խորհրդանիշերը, ինչպես նաև կրոնական որոշ խորհրդանիշներ հանվել են հետպատերազմյան վերակառուցման ընթացքում։ Միաժամանակ, պահպանվել են շենքի ճակատային մասի և պատուհանների որմնախորշերի գաղափարական տեսանկյունից չեզոք երկրաչափական զարդարանքները։ Լավ պահպանվել են երկրորդ հարկում գտնվող նախասրահի և հանդիսասրահի մուտքի զարդարանքները, սյուները, գունավոր դեկորատիվ հատակը, դահլիճի նախշերով դռները և բազրիքի ճաղավանդակները։

Վիբորգի կայազորի սպայի տունը գործել է ավելի քան վաթսուն տարի և զգալի ներդրում է ունեցել քաղաքի մշակութային զարգացման գործում՝ հանդես գալով որպես կրթության և մշակութային հանգստի միջոցառումներ կազմակերպելու կենտրոն ոչ միայն զինվորական անձնակազմի, այլ նաև բոլոր քաղաքացիների համար։ Մեծ ճանաչման է արժանացել ժողովրդական թատրոնի կոլեկտիվը, որը ներկայացումներ է բեմադրել հանդիսությունների դահլիճում։ Սպորտային միջոցառումների կազմակերպման գործում նույնպես հաջողություններ են ձեռք բերվել։ «Զվեզդա» ֆուտբոլային թիմը մեծ հաջողությունների է հասել և համբավ ձեռք բերել (1948-1953 թվականներին թիմը խաղացել է «Սպայի տան» հովանու ներքո)։ Ռազմական մասսայական միջոցառումների անցկացման հիմնական վայրը համարվել է 30-րդ գվարդիական բանակային կորպուսի թանգարանը, որտեղ մասնավորապես անցկացվել են դպրոցականների հոկտեմբերիկների և պիոներիայի շարքերի ընդունելության միջոցառումները։

2012 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 840 որոշման հիման վրա լուծարվել է Վիբորգի կայազորի սպայի տունը։ Վիբորգի ավետարանական լյութերական համայնքը 1991 թվականին ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունից ստացել է Պողոս Պետրոսի տաճարի շենքը և փորձել սեփականության իրավունքով ձեռք բերել նաև նախկին ծխական տունը։ Սակայն դատարանը մերժել է կրոնական կազմակերպության հայցը[4] և տունը փոխանցվել է Վիբորգի քաղաքային վարչակազմին, որտեղ էլ բացվել է երիտասարդության տունը` մշակութային երիտասարդական միջոցառումների տարածաշրջանային ակումբային կենտրոնը[5]։ Այդտեղ իր աշխատանքն է շարունակում 30-րդ գվարդիական բանակային կորպուսի նախկին թանգարանը «Վիբորգ` զինվորական փառքի քաղաք» ցուցասրահի միջոցով[6]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Приказ Комитета по культуре Ленинградской области № 01-03/15-63 от 01.12.2015
  2. «Viipurin tuomiokirkkoseurakunta». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  3. История музея 30 Гвардейского Армейского Корпуса
  4. Суд отказал в передаче здания бывшего Дома офицеров религиозной организации
  5. «МАУ «ДОМ МОЛОДЕЖИ»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  6. Зал воинской славы

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]